«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2011-02-03 | #18, 2011-02-04 | #19, 2011-02-05


ՀԱՅԿԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ

Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ Աբեդ Ազրիեն Հայաստանում է: Ամռանը նա այստեղ համերգ է ունենալու, սակայն այսքան շուտ է ժամանել հայ երաժիշտների հետ ծանոթանալու նպատակով: Երեկ այս մասին նա ասաց «Ակումբում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հունիսին կայանալիք համերգը` «Ֆրանսիական մեղեդիները Հայաստանում», յուրահատուկ խառնուրդ է լինելու ֆրանսիական երաժշտության ու արեւելյան մոտիվների: Ֆրանսիական գործերը կատարելու են հայ երաժիշներն ու ֆրանսիացի երգչուհին: Երաժիշտները նվագելու են հայկական ժողովրդական գործիքներով: Կոմպոզիտորն ասում է, որ ինքը «մետիսացված» անձ է, սակայն «մետիսացված» լինել չի նշանակում կորցնել ինքնությունը: «Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ Ֆրանսիայում եւ կարող եմ ասել` «մետիսը»` խառնուրդը, մեծ հարստություն է»:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենը, որը նշեց. «Այս նախագիծն իրականացնում ենք բազմաթիվ գործընկերների հետ»: Նրա խոսքով` նախագծի նպատակն է ստեղծել խառնուրդը երկու մշակույթների` հայկական ու ֆրանսիական: «Մեր բաժինը Հայաստանում մշակութային շատ նախագծեր է իրականցրել, սակայն վերոնշյալը տարբերվում է մյուսներից, քանի որ կերտվելու է ֆրանսացի ու հայ երաժիշտների մասնակցությամբ», ավելացրեց Ժան Պոլ Մարտեն:

Աբեդ Ազրիեն առաջին անգամ 1986-ին է փորձել միավորել տարբեր մշակույթները` գրելով գործ 3 նվագախմբերի համար: Նվագախմբերում եղել են 5 երաժիշտներ Միջին Արեւելքից եւ 5 ֆրանսիացի ու 5 իսպանացի երաժիշտներ: Երգահանի գրած աշխատանքը, սակայն, չի եղել կոլաժ: «Դա մի ամբողջական գործ է, որի մեջ միախառնվում են մշակույթները: Երբ գտնվում է ընդհանուր նոտան, որով կարող են նվագել բոլորը, երաժշտությունն իր ուղին արդեն մենակ է շարունակում», հավելեց Աբեդ Ազրիեն:

Հայաստանում մաեստրոն բազմաթիվ երաժիշտների է լսել ու արդեն կատարել է իր ընտրությունը: Հայ երաժիշտներն ընտրված են, նրանք կներկայացնեն ֆրանսիական գործերը դհոլի, դափի, դուդուկի, քանոնի, ուդի ու քամանչայի նվագակցությամբ: Մաեստրոն նշեց. «Ճի՛շտ է, հայ երաժիշտները նվագելու են ֆրանսիական գործեր, սակայն հայկական ոճով»: Աբեդ Ազրիեն ասում է, որ նպատակ ունի հետագայում այս նախագիծը ներկայացնել Ֆրանսիայում: Նա ասում է, որ նախագծի գաղափարը երկար պատմություն ունի: Աբեդ Ազրիեն ծագումով սիրիացի է, մինչեւ 18 տարեկանն ապրել է Հալեպում, 1967 թվականից առ այսօր ապրում ու ստեղծագործում է Փարիզում: Նա պատմեց, որ թուրքերը 1915 թվականին սպանել են իր պապին, քանի որ նա Մեծ եղեռնի ժամանակ իր տանը 2 հայ ընտանիք է թաքցրել: Ասում է, որ հիմա Երեւանում իրեն հարազատ շատ բառեր է լսում, որոնք թարմացնում են նրա մանկության հիշողությունները. «Այդպիսի բառեր լսել եմ մեկ էլ իմ մանկության օրերին»: Հայ երաժիշտների հետ աշխատելը, եւ այս ձեւով ֆրանսիական երգն ու երաժշտությունը ներկայացնելը եղել է նրա մանկության երազանքը, որը նա հիմա կարողանում է իրագործել:

Երեկվա հանդիպումը չսահմանափակվեց միայն ասուլիսով: Երաժիշտները ֆրանսիական մի գործից հայկական նվագարաններով հատված նվագեցին, որը ներկաների համար հետաքրքրական էր եւ անսովոր: Բոլորը չէ, որ խանդավառությամբ ընդունեցին, ինչը որեւէ նորարարության դեպքում նորմալ երեւույթ է: «Պետք չէ վախենալ: Եթե չփորձենք փոխել ինչ-որ բան, ապա դասական երաժշտության մեջ ճահճացած կմնանք: Կարծում եմ ` սա հիանալի փորձ է, ինչը հնարավորություն կընձեռի ընդլայնելու մեր երաժշտական միտքը», ասաց Աբեդ Ազրիեն:

Երաժիշտների կատարումն ընդամենը մեկ ժամ տեւած փորձի արդյունքն էր: Կատարումը շատերիս դուր եկավ, ավելի շատ փորձերն ու աշխատանքը, անկասկած, ավելի լավ արդյունք կունենան:

Աբեդ Ազրիեն ֆիլմերի համար նույնպես երաժշտություն է գրել, թողարկել է 20 ալբոմ: Նրա ստեղծագործական աշխատանքը չի սահմանափակվում միայն երաժշտական գործունեությամբ. մի շարք գրքերի հեղինակ է: Նրա «Էպոս Գիլգամեշի մասին» գիրքը տարբեր երկրներում մեծ տարածում է գտել:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4