«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2011-02-04 | #19, 2011-02-05 | #20, 2011-02-08


ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅԻ ՈԳԻՆ ՈՒ ԿԱՊԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ

Հեռավոր Բառնաուլի հայ բնակիչների նպատակներից մեկը հայապահպանությունն է: Բառնաուլ քաղաքը Ռուսաստանի Ալթայի երկրամասի կենտրոնն է: Բառնաուլում շուրջ 30 հազար հայեր են ապրում, նրանցից մեկը մասնագիտությամբ բժիշկ Վարդան Գրիգորյանն է: Նա Հայաստանից գնացել է 1994 թվականին: Դեռ 1990-ականներից Վարդան Գրիգորյանը Բառնաուլում բնակվող մյուս հայերի հետ որոշում է անել հնարավոր ամեն ինչ ազգային ու հոգեւոր արժեքների, հայկական սովորույթների պահպանման համար: Բառնաուլում հիմա գործում են Ս. Հռիփսիմե հայկական եկեղեցին եւ կիրակնօրյա հայկական դպրոց, որտեղ հաճախում են շուրջ 30 երեխաներ, նաեւ ստեղծվել է «Ալթայի երկրամասի հայերի միություն» կազմակերպությունը: Վարդան Գրիգորյանը վարչական կենտրոնի անդամներից է: Նա ասում է, որ իրենց կենտրոնը շատ ֆինանսավորում չի ստանում. «Ինչ-որ տեղերից գտնում ենք հովանավորների, բայց հիմնականում գումար են տրամադրում մեր անդամները»: Վարչության անդամները տալիս են անդամավճար` ամսական ով ինչքան կարող է: Ըստ Վ. Գրիգորյանի` անդամավճարներից քիչ գումար է հավաքվում, ինչն էլ հիմնականում հատկացվում է«Սփյուռք» ամսագրի հրատարակմանը, հայկական դպրոցին, այդ գումարից են նաեւ աշխատավարձ տալիս մանկավարժներին եւ փակում միջոցառումների կազմակերպման ծախսերը: Վարդան Գրիգորյանը պատմում է, որ Բառնաուլում ապրող հայերին հաջողվել է հիմնել «Սփյուռք» երկլեզու ամսագիրը, որը լույս է տեսնում 1999 թվականից: Տարիների ընթացքում ամսագիրը շատ է փոխվել թե՛ բովանդակության, թե՛ որակի առումով, հիմա տպագրվում է հայերեն ու ռուսերեն լեզուներով: «Եթե ֆինանսական միջոցները ներում են, «Սփյուռքը» ամեն ամիս հրատարակվում է», ավելացնում է Վարդան Գրիգորյանը, որը ամսագրի հիմնադիրներից է, ժամանակին խմբագրել է, իսկ ներկայումս վարում է մանկական բաժինը: Ամսագրի տպաքանակը հասնում է 300-ի, առաջ ավելի քիչ է եղել: Վ. Գրիգորյանը տեղեկացնում է, որ ամսագիրն անվճար է բաժանվում. «Մեր նպատակն է Բառնաուլում հնարավոր չափով պահպանել հայկական մթնոլորտն ու հայերի միասնությունը»: «Սփյուռքը» ունի քաղաքական եւ արվեստի նորությունների, պատմության, գրականության, մանկական եւ այլ բաժիններ: Անցյալ տարի նաեւ հրատարակվել է «Սփյուռքի» առանձին համար` նվիրված Մեծ եղեռնի տարելիցին: Բառնաուլում ամեն տարի ապրիլի 24-ը հիշվում է առանձնակի ձեւով: Բացի ամսագրի հատուկ թողարկումից` Վ. Գրիգորյանն ասում է, որ 2010-ին բեմադրել են Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ներկայացում` «Երկխոսություն մեկ դար անց», որի սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը եղել է Վարդան Գրիգորյանը: Ապրիլի 24-ին եղել են նաեւ ասմունք, ազգային պար եւ դուդուկի կենդանի նվագակցություն: «Այս տարի էլ շարունակելու ենք նույն ոգով», ավելացնում է Վարդան Գրիգորյանը:

Բառնաուլում տարվա մեջ պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց նպատակն է հայերին հայկական մշակույթին հաղորդակից դարձնելը: «Մեր աշխատանքը նաեւ ուղղված է հայրենիքի հետ մեր կապն ամուր պահելուն», նշում է զրուցակիցս:

Կազմակերպչական հարցերով զբաղվում են վարչական կենտրոնը, կիրակնօրյա դպրոցի տնօրենն ու մանկավարժները:

Բառնաուլում հայերը հիմնականում զբաղվում են շինարարությամբ: Ինչպես Ռուսաստանում ապրող շատ հայեր, Վարդան Գրիգորյանը նույնպես ստիպված է եղել թողնել իր մասնագիտությունն ու տարբեր աշխատանքներ կատարել ապրուստ հայթայթելու համար: Չնայած զբաղվածությանը` նրան միշտ մտահոգել են համայնքում հայապահպանության խնդիրները: Դրա համար էլ նա ձեռնամուխ է եղել ամսագրի հրատարակմանն ու տարբեր միջոցառումների կազմակերպմանը: Վարդան Գրիգորյանը նաեւ բանաստեղծություններ եւ պատմվածքներ է գրում: Մինչեւ Հայաստանից մեկնելն այստեղ տպագրվել է, հիմա տպագրվում է միայն «Սփյուռք» ամսագրում: Ասում է, որ շփվել է Հովհաննես Շիրազի, Վարդգես Պետրոսյանի, Վահագն Դավթյանի հետ:

Հեռավոր Ալթայի եկրամասում հայկական մշակույթն ու լեզուն պահպանելը շատ դժվար է: «Հայկական ամեն բան պահպանելու համար պետք է առաջ շարժվել, տեղում կանգնել չի կարելի», ավելացնում է Վարդան Գրիգորյանը:

Ովքեր ուզում են ծանոթանալ «Սփյուռք» ամսագրին, կարող են զանգել Վարդան Գրիգորյանին 770079132104118 համարով:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4