«Հայ ժողովրդի բարոյական նկարագրին, հոգեկերտվածքին եւ դավանած ազգային արժեքային համակարգին անհարիր է մանկապղծության դատապարտելի երեւույթը», ԱԺ հայտարարությունների ժամին երեկ հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը` նկատելով, թե քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով այս կարգի հանցագործության պատիժը` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով տուգանքը կամ առավելագույնը երկու տարի ազատազրկումը աննշան պատիժ է մանկապղծության նման ծանր հանցագործության համար: 2009-ին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար 18 դատական ակտերից ընդամենը 3-ի դեպքում է պատիժ նշանակվել ազատազրկումը, մնացած դեպքերում վճարելով չնչին տուգանքներ` մանկապիղծները խուսափել են պատասխանատվությունից: Դալլաքյանը բերեց դատական դեպարտամենտի 2000- 2010 թվականների տվյալները` այդ տարիներին սեռական բնույթի գործողությւններից տուժել է 100 անչափահաս, սակայն հանցագործությունների գաղտնի բնույթը նկատի ունենալով` մասնագետները կարծում են, որ սա այսբերգի երեւացող մասն է: Վ. Դալլաքյանը, որ 2011 թվականի փետրվարի 4-ին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարած անձինք պետք է դատապարտվեն երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ դատավորներին չպետք է տուգանք նշանակելու հնարավորություն ընձեռվի, եզրափակեց. «Մանկապղծությունը պետք է պատժվի դրակոնյան օրենքներով», հավելելով, որ մի քանի երկրներում պատժին զուգահեռ կիրառվում է հարկադրական ամորձատում:
Պատգամավոր Շիրակ Թորոսյանը բազմահազար ջավախքցիների պահանջով երեկ ԱԺ ամբիոնից բարձրացրեց մաքսային օրենսգրքի նոր փոփոխությամբ Ջավախքի հայերի համար անհարմարություն առաջացնող խնդիրը, այն է` օտարերկրյա անձանց կողմից ժամանակավոր ներմուծվող ավտոմեքենաների Հայաստանում գտնվելը թույլատրվում է 90 օրով: Մաքսային օրենսգրի նոր փոփոխությամբ` այն երկրների քաղաքացիները, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմ չունեն, 90 օրից ավելի չեն կարող մնալ երկրում, այդ թվում` մեքենայով. «Փաստորեն, սրանով մեր Ջավախքի բնակչությունը մեքենայով եւս կարող է մնալ Հայաստանում ոչ ավելի, քան 90 օր, բայց խնդիրն այն է, որ մաքսային ծառայությունները որոշել են, որ այդ 90 օրը ջավախքցիներին տրամադրելու են 15 օրը մեկՙ 6 անգամով, որով ստացվում է, որ ջավախքցին Հայաստանում կարող է գտնվել իր մեքենայով 15 օրից ոչ ավելի, որից հետո պետք է հատի սահմանը: Ես այսպիսի մի հարց եմ տալիսՙ ջավախքցի ուսանողը, որ կրթություն է ստանում, սովորում է Հայաստանի բուհերից մեկում եւ մեքենայով է եկել Հայաստան, ի՞նչ պետք է անիՙ 15 օրը մեկ պետք է հատի՞ սահմանը, 90 օրից հետո գնա, նորից կացության կարգավիճակ վերցնի, բայց այլեւս չկարողանա՞ մեքենայով մնալ Հայաստանում: Ես կարծում եմ, որ պետք է շարունակվի բարի ավանդույթը, եւ ջավախքցիների մասով օրենքի սահմանափակումները պետք է վերացվեն»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, թվելով Հայաստանի նախագահի մի շարք` հետեւողականորեն իրագործված քայլեր, նաեւ նրա վերջին ելույթները, որի համաձայն «մերժվում է Թուրքիայի շանտաժի քաղաքականությունը եւ ֆունդամենտալ մերկացվում է նեոօսմանականության գաղափարը», եզրակացնում է, որ Հայաստանը ավելացնելու է ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ. «Չնայած այս ամենին` շարունակվում է խոսվել ադրբեջանա-թուրքական «20 տոկոս» հեքիաթի մասին: Իսկ իրականությունը հետեւյալն է.
1. Թուրքիան մի երկիր է, որը ցեղասպանության եւ հայրենազրկման միջոցով տիրացել է թե՛ պատմական հայկական եւ թե՛ Պոնտոսի հույների պատմական հողերին:
2. Նա ԵՄ ձգտող միակ երկիրն է, որը շրջափակման է ենթարկում իր հարեւանին:
3. Թուրքիայի ֆինանսական օժանդակության արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է ԼՂՀ մի շարք շրջաններ»:
Սուդանի օրինակով, ըստ Շարմազանովի, աշխարհում շարունակվում է ինքնորոշման իրավունքի իրացման հաղթարշավը, բայց նույնիսկ դրանից հետո Ադրբեջանը, արհամարհելով միջազգային իրավունքի նորմը, ինքնորոշման իրավունքի իրացումը մեկնաբանում է յուրովի, որ ինքնորոշում կարող է լինել միայն Ադրբեջանի կազմում. «Եթե ադրբեջանցիները այդքան մեծ ցանկություն ունեն ինքնորոշում տրամադրելու, ապա նրանք գործելու լայն հնարավորություն ունեն եւ կարող են ինքնորոշում տալ թալիշներին եւ լեզգիներին», առաջարկում է ՀՀԿ մամուլի խոսնակն Ադրբեջանին, իսկ Արցախը երբեք որեւէ առնչություն չի ունեցել անկախ Ադրբեջանի հետ, այդ հարցին սպառիչ եւ վերջնական պատասխան է տվել նախագահ Սարգսյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ, որտեղ նշել է, որ արցախյան խնդրի միակ արդարացի լուծումը կա՛մ 1991 թ. հանրաքվեի արդյունքների ընդունումն է կա՛մ հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Մ. Խ.