«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2011-02-05 | #20, 2011-02-08 | #21, 2011-02-09


ԹՎԱՅՆԱՑՈՒՄԻՑ ԱՐԽԻՎՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՉԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ

Հայաստանի ազգային արխիվը թվայնացման նոր փուլ է սկսել: Մինչ թվայնացումից խոսելը, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը «Հենարան» ակումբում հակիրճ ներկայացրեց արխիվի հիմնական գործառույթները: Այստեղ տարիներ շարունակ աշխատակիցները հավաքում ու հաջորդ սերունդների համար պահում են արխիվային փաստաթղթերը:

Տնօրենի փոխանցմամբ` անցյալ տարի պետական մարմիններից Ազգային արխիվն ընդունել է 41 հազարից ավելի արխիվային գործ մշտական պահպանության եւ 32 հազար գործ ժամանակավոր պահպանության համար: Արխիվը պահում է նաեւ նշանավոր գործիչների անձնական փաստաթղթերը: 2010-ին Ազգային արխիվ է ընդունվել 132241 թերթ-փաստաթուղթ, այստեղ են պահպանվում «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած բոլոր ֆիլմերը: Փաստաթղթերի օգտագործումն ապահովելը նույնպես արխիվի գործառույթներից է:

Հիմա արխիվում իրականացվող ամենակարեւոր աշխատանքը արխիվային փաստաթղթերի թվայնացումն ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծումն են: Այստեղ պահվող 2000 վավերագրական ֆիլմերից 900-ն արդեն թվայնացվել են, գեղարվեստական ֆիլմերը եւս թվայնացման գործընթացում ներառված են: Այսօրվա դրությամբ արխիվում կան շուրջ 3522506 թղթյա գործեր , որոնք պետք է թվայնացնեն: Երեկ Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ կառավարությունն Ազգային արխիվին 80 միլիոն դրամ է տրամադրել նոր արխիվապահոցներ ստեղծելու համար: Փաստաթղթերի պահպանման նորմալ ռեժիմն ապահովված է:

Տնօրենի փոխանցմամբ` Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանից էլ արխիվը 40 հազար դոլար է ստացել արդիական սարքավորում գնելու համար: Ինչ վերաբերում է արխիվից օգտվելու գներին, բանախոսը տեղեկացրեց` եթե քաղաքացին լուծում է իր սոցիալ-իրավական խնդիրները, ապա կանոնով սահմանված 15-օրյա ժամկետում կարող է լուծել անվճար, բայց եթե 15 օր սպասել չի ուզում, այլ ընդամենը 1 օր կամ մի քանի ժամ, ուրեմն պետք է վճարի: Տոհմն ուսումնասիրելու նպատակով արխիվից օգտվելը կանոնով սահմանված ժամկետում դարձյալ անվճար է: Անշարժ գույքի մասին տեղեկանք վերցնելու համար արխիվին վճարում են 5000 դրամ, իսկ տեղեկանքը շտապ վերցնելու համար` 10 հազար դրամ:

Ամատունի Վիրաբյանը նշում է, որ հարեւան Վրաստանում արխիվն ընդհանրապես անվճար ոչինչ չի տրամադրում, այնտեղ անգամ ընթերցասրահի ծառայությունն է վճարովի: Խոսելով տարբեր երկրների արխիվներից` Ա. Վիրաբյանը նշեց, որ աշխարհի ամենահարուստ ու ամենապահպանողական արխիվը Հռոմի պապինն է, դրանից շատ քիչ մարդիկ են կարողանում օգտվել:

Կրկին անդրադառնալով Հայաստանի արխիվի թվայնացմանը` բանախոսը պատասխանեց «Ազգի» հարցերին, թե Ազգային արխիվի ենթակայության տակ քանի՞ արխիվներ են գտնվում, ու թվայնացման գործընթացն ինչքանո՞վ է ազդել աշխատատեղերի վրա: Ա. Վիրաբյանի խոսքով` Ազգային արխիվը 38 մասնաճյուղ ունի ու 350 աշխատատեղ: Թվայնացման պատճառով աշխատատեղերը ո՛չ ավելացել, ո՛չ էլ պակասել են:

«Մեր աշխատողներին վերապատրաստում ենք, ու նշված 350 թիվը չի փոխվել: Ես թոշակառուներին ցավով եմ ուղարկում, նրանք տեխնիկան օգտագործել չեն կարողանում: Երիտասարդներն էլ գալիս են, ճի՛շտ է, տեխնիկայով կարողանում են աշխատել, սակայն գիտելիքներ չունեն: Բուհի այսօրվա շրջանավարտը չի փայլում իր գիտելիքներով», ավելացրեց Ամատունի Վիրաբյանը:

Թվայնացումը արխիվից օգտվելն ավելի դյուրին կդարձնի, հետագայում քաղաքացիներն ինտերնետով էլ տեղեկություն կստանան: Բանախոսը նշեց, որ ինտերնետում նաեւ տեղադրվելու են Հայոց ցեղասպանությանն առնչվող որոշ փաստաթղթեր:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4