Երեկ Իրանի` Երեւանում եւ Բաքվում գտնվող դեսպանների համար լրիվ տարբեր իրադարձություններ կատարվեցին: Եթե Բաքվում Իրանի դեսպան Մամեդբահիր Բահրամին «պատուհանից հետեւում էր», թե ինչպես Իրանի դեսպանատան առջեւ բողոքի ցույց են անում շուրջ 100 ադրբեջանցիներ, որոնք ամոթանքներ են հասցեագրել Իրանին, անվանել վերջինիս «մարդասպանների հովանավոր» (նկատի ունենալով հայերիս - Հ. Ա.) եւ սպառնալով, որ կստեղծեն «Թավրիզ կենտրոնով միասնական Ադրբեջան», ապա Երեւանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը մամուլի ասուլիսում հաղորդեց, որ մոտ օրերս Երեւան կժամանի նախագահ Ահմադինեժադը: Ի դեպ, «Ահմադինեժադի բարեկամությունը Սարգսյանի հետ ցույց է տալիս Իրանի մահմեդական ֆանատիզմի իրական դեմքը» արտահայությունը նույնպես վանկարկում էին Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ հավաքված ցուցարարները, որոնց, ի վերջո, ոստիկանները բռնի ուժով ցրել են, մեկին` ձերբակալել:
Ինչեւէ, հանուն տարածաշրջանային ընդհանուր անվտանգության, հույս հայտնենք, որ Իրանն ու Ադրբեջանն ի վերջո կհաղթահարեն իրենց տարաձայնությունները` մեղմ ասած, եւ նշենք, որ Երեւանում Իրանի դեսպանն իր խոսքում մի քանի անգամ փաստորեն հակադարձեց Բաքվին: Այսպես, Ադրբեջանն ամենուր հայտարարում է, որ ԼՂ հակամարտության հիմքը կրոնական է, մինչդեռ Ալի Սաղայանի խոսքերով. «Բոլորն էլ գիտեն, որ Իրանի դիրքորոշումն այդ մասին հստակ է: Մենք չենք կարծում, որ հակամարտությունն ունի կրոնական բնույթ, եւ կարծում ենք, որ Ադրբեջանի իշխանություններն էլ այդ մասին լավ գիտեն»:
Բացի սրանից, երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից Ալի Հասանովը հերթական անգամ դժգոհություն հայտնեց միջազգային հանրությունից, քանի «որեւէ ճնշում չի գործադրվում Հայաստանի վրա, եւ սպառվում է Բաքվի համբերությունը»: Թե ի՞նչ է ակնարկում Հասանովը, ակնհայտ է, հստակ է նաեւ միջազգային հանրության ներկայացուցչի, Երեւանում Իրանի դեսպանի «պատասխանը» նրան. «Ես այն կարծիքին եմ, որ տարածաշրջանըՙ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, ինչպես նաեւ Եվրոպան ու ԱՄՆ-ը թույլ չեն տա, որ պատերազմ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի կամ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Վստահեցնում եմ, որ Իրանն այդ հարցի օժանդակության առումով իրենից կախված ամեն ինչ կանի», նշել է Սաղայանը:
Երրորդ հարցը, որին «վիրտուալ առումով» միմյանց հետ համաձայն չեն Բաքուն ու Թեհրանը, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքների իրավահավասարության հարցն է: Ինչպես գիտենք, Բաքուն երբեմն «մոռանում» է նշել, որ տարածքային ամբողջականությունից բացիՙ միջազգային իրավունքն ունի այլ սկզբունքներ նույնպես:
Դեսպան Սաղայանը, սակայն, եւս մեկ անգամ բարձրաձայնեց Իրանի պաշտոնական դիրքորոշումը այս հարցում. «Նախագահ Ահմադինեժադն ինչպես Բաքվում, այնպես էլ Ստամբուլում պարզորոշ ասաց, որ բոլոր հակամարտությունները, այդ թվումՙ ղարաբաղյանը, պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Միեւնույն ժամանակ մենք կարծում ենք, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը փոքր-ինչ ավելի բարձր է տարածքային ամբողջականության իրավունքից: Չպետք է անտեսել մարդու իրավունքը, որի շնորհիվ էլ Հարավային Սուդանում մարդիկ հանրաքվեի մասնակցեցին եւ իրենց «կողմ» քվեն տվեցին անկախությանը: Բացի սրանից, երբ Պաղեստինի Գազայի հատվածն ամբողջովին փակված էր, մենք տեսանք, որ այնտեղ ընտրություններ տեղի ունեցան, սակայն ԱՄՆ-ը չընդունեց այդ ընտրությունները, եւ փաստորեն կիրառվեց երկակի ստանդարտ: Այնինչ մենք կարծում ենք, որ աշխարհի բոլոր կետերում բոլոր հարցերի դեպքում պետք է լինի միանման ստանդարտներ»:
Թերեւս հենց «միանման ստանդարտների» պարտադիր կիրառումը բոլոր հակամարտությունների դեպքում նկատի ունեն իրանցի պաշտոնյաները, այդ թվումՙ նախագահ Ահմադինեժադը, երբ ընդգծում են, որ «ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների եւ արդարության սկզբունքներով»: Ի դեպ, բոլոր հակամարտությունների վերաբերյալ միանման ստանդարտների կիրառման կարեւորության մասին վերջերս խոսեց նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հավելենք նաեւ, որ Սաղայանի խոսքերի համաձայն, մոտ օրերս Ահմադինեժադի Երեւան այցին կհետեւի նախագահ Սարգսյանի պատասխան այցը Թեհրան, որտեղ ՀՀ նախագահը Իրանի նախագահի հյուրերի ցուցակում է, որոնք կմասնակցեն «Նովրուզի» միջոցառումներին: Նախատեսվում են նաեւ խորհրդարանների խոսնակների եւ այլ պաշտոնատար անձանց փոխայցելություններ:
Կրկին զուգահեռաբար նշենք, որ երեկ Բաքու ժամանեց Իրանի սահմանային ոստիկանության ղեկավար, գեներալ Հուսեյին Զուլֆուգարին: Ինչպես փոխանցում է «ԱՊԱ»-ն, «Իրանցի գեներալի այցի ընթացքում քննարկվել են երկկողմ դժվարին հարցեր` սահմանային գոտու վերաբերյալ: Այսպիսի հանդիպումներ լինում են պարբերաբար: Բացի սրանիցՙ Զուլֆուգարին ադրբեջանցի գործընկերի հետ խոսել է նաեւ Կասպից ծովի անվտանգության համակարգի վերաբերյալ»:
Ի դեպ, ըստ նրան հրավիրող Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիեւի խոսքերի. «Ես Իրանցի իմ գործընկերոջ հետ քննարկել եմ նաեւ տարածաշրջանի այլ երկրների վերաբերյալ հարցեր»: Գուլիեւը չի մանրամասնել` կոնկրետ ո՞ր երկրների վերաբերյալ: Զուլֆուգարին Բաքվում հանդիպումներ կունենա նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ:
Հ. ԱՖՅԱՆ