«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2011-02-08 | #21, 2011-02-09 | #22, 2011-02-10


ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ 252-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԸ ՄՏՑՆԵՆ ՄԵԾ ՕՐԱԿԱՐԳ

Երկու ամսից քիչ ավելի մնաց ապրիլի 24-ին, իսկ սա նշանակում է, որ, ի դեմս ԱՄՆ-ի, ամբողջ աշխարհում կվերսկսվեն հայ-թուրքական լոբբիստական պատերազմները: Ի տարբերություն հայկականիՙ թուրքական լոբբիստական կազմակերպությունները` կոնկրետ ԱՄՆ-ում, ըստ երեկ ասուլիսի հրավիրված թուրքագետ, «Ազգ»-ի մեկնաբան Հակոբ Չաքրյանի, հզոր չեն: «Այդ բոլոր կազմակերպությունները կոորդինացնում է այսպես կոչված «Թուրքական ֆորում» կազմակերպությունը: Սակայն եթե դրանք հզոր ու ազդեցիկ լինեին, ապա լոբբիստական գործունեություն իրականացնելու համար չէին վարձի այլ կազմակերպությունների», նկատեց Չաքրյանը: Թուրքագետը չբացառեց, որ այս տարի, իր խոսքերով, «միջնորդավորված գործող» թուրքական լոբբիստական կազմակերպությունները չկարողանան խոչընդոտել Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ տարած հանրապետականներին` օրակարգ մտցնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252-րդ բանաձեւը. «Չի բացառվում, որ բանաձեւը հանրապետականները մտցնեն օրակարգ, քանի որ վերջիններս միշտ էլ սերտ հարաբերություններ են ունեցել Իսրայելի ու հրեական կազմակերպությունների հետ», ասաց Չաքրյանը: Հաշվի առնելով, որ Թուրքիա-Իսրայել հարաբերություններում լարվածությունը դեռ շարունակվում է, առաջանում է նաեւ Անկարայի վրա ազդելու լծակների անհրաժեշտությունը, իսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, Չաքրյանի մեկնաբանմամբ, հենց «այդ հուժկու լծակներից» է. «Ստացվում է, որ եթե Թուրքիան ցանկանա կասեցնել բանաձեւի ընթացքը, ապա մի բան պետք է զիջի, ընդ որումՙ զգալի բան», ընդգծեց թուրքագետը` հավելելով, որ, այնուամենայնիվ, հայերիս համար էլ նպաստավոր է Ցեղասպանության բանաձեւը, թեկուզ առանց հաստատելու, Կոնգրեսի օրակարգում պահելը, քանի որ այդ պարագայում հարցը ստանում է մեծ հնչեղություն համաշխարհային քաղաքական դաշտում եւ ԶԼՄ-ներում:

Չաքրյանը անդրադարձավ նաեւ վերջերս Շվեդիայի կառավարության պաշտոնական կայքի հետ կապված իրադարձությանը: Հիշեցնենք` անցյալ տարի սկանդինավյան այդ երկրի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, եւ այս տարվա հունվարի 27-ին (Հոլոքոսթի հիշատակման օրը) Շվեդիայի ինտեգրացիայի նախարարը իր ելույթում հիշատակել էր նաեւ հայերի ցեղասպանությունը` ասելով, որ Հիտլերի համար օրինակ է ծառայել հենց հայերի ցեղասպանությունը: Այնուհետեւ շվեդական կառավարության պաշտոնական կայքում նախարարի ելույթից այս մասը հանվել էր. «Տվյալներ կան, որ սա Շվեդիայի վարչապետի անձնական նախաձեռնությունն է, փոքրիկ ժեստ` Թուրքիային, որի ղեկավարության հետ շվեդ վարչապետը շփումներ ունի», ասաց Չաքրյանը: Ընդգծելով, որ այս փաստը չի կարող ունենալ լուրջ հետեւանքներ, թուրքագետն ասաց. «Ես չեմ կարծում, որ եթե որեւէ երկիր պատրաստակամություն հայտնի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ելնելով Շվեդիայի վարչապետի այս քայլիցՙ կանգ կառնի»:

Ինչ վերաբերում է ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում հայկական կազմակերպությունների աշխատանքին` ի նպաստ Ցեղասպանության միջազգային ճանաչման, ապա, Չաքրյանի կարծիքով, այդ աշխատանքները կոորդինացված չեն, չկա ընդհանուր ծրագիր: Իսկ թե այս գործում որքանո՞վ նպաստավոր կարող է լինել երկպալատ խորհրդարանի ստեղծումը, բանախոսը պատասխանեց. «Հավանաբար դրական ազդեցություն կունենա, բայց թե ինչպե՞ս պետք է կազմավորվի այդ նոր պալատը, դեռ պետք է հստակեցվի: Բացի դրանից, դեռ հարց էՙ խոսե՞լ են արդյոք այս նախաձեռնության հեղինակները սփյուռքի ներկայացուցիչների հետ, մանավանդ հաշվի առնելով, որ տարբեր երկրներում հայկական համայնքները էականորեն տարբերվում են միմյանցից»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4