Խմբագրության ստացած «Օրեր» հանդեսի վերջին համարը հարուստ է մշակութային էջերով: Հասարակական-քաղաքական բնույթի առաջին էջերի մի քանի հոդվածներին հաջորդում են կինոյի, նկարչության, գրականության, երաժշտության, լուսանկարչության ոլորտի հայ արվեստագետների հետ մի շարք հետաքրքրական հանդիպումներ:
Պրահայի Ռուդոլֆինումի Դվորժակի մեծ համերգասրահում դաշնակահար Վազգեն Վարդանյանի մենահամերգը նվիրված էր Շոպենի 200-ամյակին:
Պրահայի INTER ART CALLERY-ում ցուցադրված, այժմ Չեխիայում բնակվող երեւանցի Գոռ Ավետիսյանն իր կերպարվեստային արտահայտություններում մերձենում է աբստրակտ իմպրեսիոնիզմի ոճին, այս մասին է մեկ այլ հրապարակում:
Աթենքից Հակոբ Ճելալյանի անդրադարձը եգիպտահայ նկարիչ Պետրոս Ասլանյանի արվեստի ուրվագծումների փորձ է: Նրա նկարչությունը ներկայացված է որպես գույնի, շարժման եւ պատկերի ներդաշնակ համադրությունՙ կերպարվեստի գրեթե բոլոր ուղղություններին հարողՙ դասականությունից, իմպրեսիոնիզմ ու ավանգարդիզմ:
Անահիտ Թոփչյանի վերջինՙ «Անհետացում» վեպի գաղափարական-գեղարվեստական արժեւորման իր մոտեցումներն է ներկայացնում գրականագետ Սուրեն Դանիելյանը, մասնավորապես այսպիսի գնահատական տալով. «Անահիտ Թոփչեանի «Անհետացում» վեպը մեր դժուարին կեանքի յուզական ընկալման ճանապարհին ինքնութեան համար կռիւ տալու դեղատոմս է, ճշմարիտ ապրելու բանաձեւՙ առանց բարձրագոչ արտայայտութիւնների»:Բարբարա Զիբերտի հետ հարցազրույցն անդրադառնում է Էրիկ Ֆրիդլերի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» ֆիլմի ստեղծման պատմությանը եւ դրա արձագանքներին: Առիթը Յոհաննես Լեփսիուսիՙ Պոտսդամում գտնվող տունը հայ-գերմանական ակադեմիայի ուսումնասիրությունների ու ցուցահանդեսների կենտրոնի վերածելու նախաձեռնությունն է եղելՙ ենթարկված թուրքական ուժեղ հակազդեցությանը: Ֆիլմը ստեղծվել է տարբեր երկրներում պահվող արխիվային բնօրինակ նյութերի հիման վրա, օգտագործվել են նաեւ Եղեռնից վերապրած 9 տարեց մարդկանց հետ Բարբարա Զիբերտի հանդիպման տեսագրությունները: Ֆիլմն ունեցել է տարբեր արձագանքներՙ թուրքական կողմից, իհարկե, բացասական, գերմանական մամուլը դրվատանքով է արտահայտվել: «Սա կորսված գիծ է, ֆիլմը շատ հստակ եւ քննադատաբար է ցույց տալիս Գերմանիայի դերն այս ողբերգության մեջ»: Իսկ «Օրերը» «Աղետը» հռչակել է տարվա լավագույն ֆիլմ:
Մշակութային հատվածից առանձնանում են երկու հրապարակումՙ ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ Հակոբ Ասատրյանի եւ Ե. Չարենցի գերմաներեն թարգմանիչ Կոնրադ Քուհնի հետ Աննա Կարապետյանի հարցազրույցները:
Արմատներով Արեւմտյան Հայաստանից, միաժամանակ հիշողություններով կապված ֆրանսիականության հետ, Սերժ Ավետիքյանը ծնվել է Երեւանում: 1970-ի դեկտեմբերի 1-ին, իր ծննդյան օրը ընտանիքը բնակության է տեղափոխվում Փարիզ, բեմական կարիերան սկսվում է 9 տարի անցՙ «Կարմիր պուլովեր» ֆիլմով:
Հարցազրույցի հիմնական թեման Կաննիՙ անցած տարվա փառատոնում գլխավոր մրցանակի արժանացած նրա «Շների պատմություն» ֆիլմն էՙ Ստամբուլի 1910 թվականների նկարագրություններով. այն ներկայացնում է եվրոպական կրթությամբ դաստիարակված երիտթուրքերի իշխանության գալու ընթացքում, չափազանց բազմացած փողոցային շներից քաղաքը մաքրելու պատմությունը:
Ռեժիսորը շների այս սպանդը զուգահեռում, մոտեցնում է Հայոց ցեղասպանությանը: Իր կարծիքով, հայերն էին այդ ավելորդը, որ շատ մեծ տեղ էին գրավում իրենց կյանքում, քաղաքներում, տնտեսության մեջ եւ խանգարում էին իրենց ազատությանը... Ֆիլմի հաջողությունը պայմանավորված է, ըստ նրա, ընդհանուր կառուցվածքի, նման թեմատիկ դաժանությունը էսթետիկական ոճի մեջ ներկայացնելու հանգամանքներով:
Ի դեպ, մինչեւ Կաննի փառատոնը, ֆիլմը ցուցադրվել էր Ստամբուլի 4 մասնավոր եւ պետական համալսարաններում, տեղի երիտասարդության հետ հետաքրքրական բանավեճերի առիթ տալով: Ցուցադրվել է նաեւ Անթալիայի միջազգային կինոփառատոնում, ֆիլմի 10.000 օրինակ DVD-ն թողարկվել է դպրոցների աշակերտության համարՙ Թուրքիայի մշակույթի նախարարության համաձայնությամբ: Հարցազրույցի ընդհանուր տպավորությամբ ֆրանսահայ կինոռեժիսորը ինքնատիպ մոտեցումներ ու աշխատանքային ոճ է հանդես բերումՙ ռեժիսուրան միախառնելով գեղանկարչության հետ: Նախապես նկարած վիդեո-հատվածներըՙ բնապատկերային, հետագայում ձուլվում են նկարներին: «Ալքիմիան եմ փնտրում, որ դինամիկ լինի, ոչ միայն կոլաժային աշխատանքը: Ես ոչինչ չեմ անում իմ ձեռքով, ես ներկա եմ որպես «դիրիժոր» եւ մոնտաժող»: Նորություն է Սերժ Ավետիքյանի ստանձնած նոր դերակատարումը «Փարաջանով» ֆիլմում, որտեղ նա մարմնավորելու է Սերգեյ Փարաջանովին: Ֆիլմի նախաձեռնությունը ուկրաինական «Ինտերֆիլմ» կինոստուդիայինն էՙ համագործակցությամբ ֆրանսիական, հոլանդական, հայկական ու վրացական կինեմատոգրաֆիստների հետ:
Կոնրադ Քուհնըՙ գերմանացի դրամատուրգ, իր աշխատանքային կենսագրության հաջողությունը համարում է Վիեննայի կայսերական Burgtheater-ում ունեցած տարիները: Հետագայում նա մի շարք օպերային թատրոններում է աշխատել: Մեր ուշադրությունն այստեղ գրավում է հայ քնարերգության նմուշների նրա թարգմանություններըՙ Պաղդասար Դպիր, Նահապետ Քուչակ, Բարսեղ Կանաչյան, Կոմիտաս, իսկ վերջերսՙ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծական ժողովածուն: (Նա հայ իրականությանը ծանոթ է որպես օպերային հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանի ամուսին): Հարցազրույցը նրա հետ ներկայացնում է Չարենցի բանաստեղծությունների ընտրության մի շարք սկզբունքներ, որով առաջնորդվել է թարգմանիչըՙ ներկայացնել հայ բանաստեղծի ոճական բազմազանությունը եւ գեղագիտական դավանանքներըՙ հայ միջնադարյան եւ համաշխարհային գրականության ավանդույթների չարենցյան զարգացումներն ու անկրկնելի մեկնաբանությունները, ստեղծագործությունների ամբողջականության պահպանմամբ: Գիրքն արժանացել է գերմանական եւ արտերկրի մամուլի ուշադրությանը («Berliner Zeitung», «Ակօս» եւ այլն):
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն անդրադառնում է Հայաստանում բնապահպանական մշակույթին եւ իրենց բազմաբովանդակ ու հանրաշահ բազմաթիվ ծրագրերին ու փառատոներին:
Ուշադրության է արժանի հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանի «Սրբալույս մյուռոնի խորհուրդը» հրապարակումը: Այն մի պատմություն էՙ ազդեցիկ, թե ինչպես Էջմիածնում յոթ տարին մեկ օրհնվող մյուռոնը Հայ առաքելական եկեղեցու թեմերին են բաշխում նվիրակները: Ներկայացվում է Հովհաննես եպս Պոնտացուՙ Բասրայից 1762-ին Հնդկաստան կատարած ուղեւորության վտանգավոր, բայց եւ զարմանահրաշ դիպվածները: Նավաբեկությունից հրաշքով փրկված եպիսկոպոսի եւ նրա ուղեկիցների աչքի առաջ 2-րդ հրաշքն է կատարվում. ջրամույն եղած բոլոր իրերից ծովի փոթորկվող ալիքները ափ են նետում միայն Սբ Մյուռոնըՙ «իր ամանով եւ ժապավենով կապած եւ զմուռսով կնքված»:
Այնպես որ հրաշքներ լինում են...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ