ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Հայկական եկեղեցին չորս նվիրապետական կենտրոններ ունի. Սուրբ Էջմիածնի կաթողիկոսություն եւ գերագույն պատրիարքություն, Անթիլիասում Կիլիկիայի կաթողիկոսություն եւ երկու պատրիարքություններ Երուսաղեմում ու Ստամբուլում:
Հաշվի առնելով հայկական եկեղեցու կարեւորությունը եւ դերը մեր պատմության ամբողջ ընթացքում, տրամաբանական պիտի լիներ այս չորս նվիրապետական կենտրոնները դասել անձնական կամ խմբակային շահերից վեր, որպեսզի եկեղեցին կարողանա շարունակել իր առաքելությունը մեր այս տագնապալից ժամանակներում: Բայց քանի որ հայերս հիմնականում կորցրել ենք կենտրոնանալու մեր կարողությունը այն ամենի նկատմամբ, ինչը կարեւոր է, եւ ոչ կարեւոր, մեր կոլեկտիվ վերապրումի եւ հարատեւման համար, ապա թույլ ենք տալիս, որ անձնական եւ խմբակային շահերը վտանգի ենթարկեն այդ կրոնական կենտրոնների դերն ու նշանակությունը:
Ներկայումս Սբ Էջմիածնի եւ Անթիլիասի միջեւ հաշտությունը հեռավոր երազանք է եւ այդպես հավանաբար մնա գոնե մինչեւ կանխատեսելի ապագան: Մյուս կողմից, Երուսաղեմի եւ Ստամբուլի պատրիարքությունները, որոնք նույնպես իրենց պատմական դերակատարությունն են ունեցել իրենց համապատասխան տարածքներում, ճգնաժամային մի դժվարին շրջան են թեւակոխել, եւ անմիաբան ու մասնատված սփյուռքն ի վիճակի չէ օգնելու այդ երկու գլխավոր կառույցներինՙ շարունակելու իրենց կենսական առաքելությունները: Երկու պատրիարքներն էլ, տարբեր պատճառներով, անկարողունակ են դարձել առաջ տանելու իրենց պարտականությունները եւ ենթարկվում են անհատական կամ հատվածային շահեր հետապնդողների քմահաճույքներին:
Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը, ի վերջո գիտակցելով իր առաջացած տարիքի հարկադրական սահմանափակումները, հրավիրել է Սուրբ Հակոբյանց միաբանության անդամներինՙ ընտրելու աթոռակից պատրիարք: Հուսով ենք, որ խոհեմությամբ առաջնորդվելովՙ մինչեւ այս տարվա մարտի կեսերը այդ պաշտոնում կընտրվի ամենահարմար թեկնածուն:
Երուսաղեմի պատրիարքությունը իր ներքին օրենքներով ու կանոնադրությամբ է առաջնորդվում, եւ արտաքին ոչ մի ուժ կամ կառույց չի կարող խառնվել միաբանության գործունեությանը կամ ազդեցություն ունենալ նրա որոշումների վրա: Ստեղծված այս համակարգը, անշուշտ, պաշտպանում է միաբանությանը արտաքին միջամտություններից, սակայն միաժամանակ խանգարում է նրա թափանցիկությանը (մի երեւույթ, որ քանիցս կրկնված է), ճանապարհ հարթելով որոշ անսկզբունքային կղերականների առաջՙ դրսեւորելու նենգավոր վարքագիծ:
Ստամբուլի պատրիարքությունը բոլորովին այլ կառուցվածք ունի եւ ներկայումս լուրջ ճգնաժամի առաջ է կանգնած պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության պատճառով:
Անգամ ցեղասպանությունից հետո թուրքական իրարահաջորդ կառավարությունները շարունակել են ճնշել, ոչնչացնել եւ սեփականազրկել փոքրամասնություններին եւ մասնավորապես հայկական համայնքին, խախտելով 1923 թվի Լոզանի պայմանագրի դրույթներով իրենց ստանձնած պարտավորությունները:
Տարիներ շարունակ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները ստիպված են եղել հանդուրժել ամեն տեսակի ստորացումներ եւ սպառնալիքներՙ հաստատված կանոնադրությանը դեմ չգնալու եւ ի վիճակի լինելու հայկական եկեղեցիներում սոսկ մի պատ ներկելու կամ մի ճաք վերանորոգելու համար: Թուրքական իշխանությունները այնքան են խրված հայկական համայնքի կյանքում, որ խոչընդոտում են ամեն տեսակի միջոցառում կամ նախաձեռնություն: Հետեւաբար, երբ պատրիարք Մութաֆյանը անկարողունակ դարձավ շարունակելու իր պարտականությունները, թուրքերը հրաշալի մի հնարավորություն եւս ստացան առաջ տանելու համայնքի քայքայման իրենց քաղաքականությունը:
Պատմականորեն հայկական համայնքի գործերը կարգավորվել են 1863-ին օսմանյան սուլթանի վավերացրած «Ազգային սահմանադրության» դրույթներով: Բայց այդ սահմանադրությունն այժմՙ առավել «ժողովրդավարական» հանրապետական վարչակարգի օրոք այլեւս չի գործում:
Որեւէ լուրջ նախաձեռնություն, ինչպես օրինակՙ նոր պատրիարքի ընտրությունը, այսօր կախված է գործադիր մարմինների քմահաճույքներից: Նրանք կարող են ամեն օր մի նոր օրենք հորինել եւ հաջորդ օրը խախտել այն:
Անշուշտ, պատրիարք Մութաֆյանի պարագան առավել բարդ իրավիճակ ստեղծեցՙ թույլ տալով թուրքական իշխանություններին սեպ խրել համայնքի զավակների միջեւ:
Բոլոր գործնական առումներով պատրիարքի աթոռը դեռեւս թափուր է: Գոյություն ունեցող հոգեւոր խորհրդին առընթեր ստեղծված է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման մի կոմիտե, եւ այս երկու կառույցները կառավարությանն են դիմել տարբեր թույլտվություններ ստանալու համար:
Քաղաքակիրթ երկրներում ապրող ժողովուրդների համար ուղղակի անհասկանալի է, թե ինչու որեւէ երկրի կառավարություն պիտի այդքան խորամուխ լինի փոքրամասնության կրոնական հարցերի մեջ: Բայց Թուրքիան, լինելով «ժողովրդավարական» պետության տիպար մի օրինակ, այս ձեւով է վերահսկում փոքրամասնությունների կյանքը:
Ընտրությունների կազմակերպման նախաձեռնող կոմիտեն կառավարությանն է դիմել նոր պատրիարք ընտրելու թույլտվություն ստանալու համար: Իսկ հոգեւոր խորհուրդըՙ պատրիարքի աթոռակից ընտրելու համար: Սա հրաշալի առիթ էր թուրքական իշխանությունների համար մի խումբը մյուսի դեմ հանելու: Եվ «ընտրվեց» մի տեղապահ, որին միայն պատրիարքն ինքը իրավունք ուներ նշանակելու: Արամ արք. Աթեշյանը հարկադրել էր հոգեւոր խորհրդի անդամներին, որոնք պարտական են իրեն իրենց ապրուստը վաստակելու իմաստով, «ընտրել» իրեն որպես տեղապահի:
Հայկական համայնքը Թուրքիայում իրարանցումի մեջ էՙ փորձելով սահմանել «պատրիարքի տեղապահ», «պատրիարքի ժամանակավոր պաշտոնակատար» եւ «աթոռակից» եզրերը: Դրանցից երկրորդըՙ «ժամանակավոր պաշտոնակատարը», ընտրովի պաշտոն է, երբ պատրիարքի աթոռը թափուր է: «Աթոռակիցը» նույնպես ընտրովի պաշտոն է, երբ պատրիարքը անկարողունակ է լինում շարունակելու իր պարտականությունները:
Հարթ ձեւով իրեն այդ պաշտոնում «ընտրելով» կամ «ընտրել տալով»ՙ արքեպիսկոպոս Աթեշյանը երկու մյուս թեկնածուներինՙ Բեկչյան արքեպիսկոպոսին եւ Չուլջյան եպիսկոպոսին փաստորեն շրջանցեց, առաջացնելով նրանց զայրույթը: Աթեշյանի «ընտրությունը» ներկայումս վիճարկվում է դատարաններում, իսկ նրա հոգեւոր կոչումըՙ հայ համայնքում: «Ակօս» շաբաթաթերթը, օրինակ, մի նյութ է տպագրել, որտեղ Աթեշյանը, օգտագործելով պատրիարքի լիազորություններն ու (ֆինանսական) միջոցները, ձեռք է բերել բավական մեծ մի կալվածքՙ որպես «փոխհատուցում իր կատարած ծանր աշխատանքի»:
Թվում է, թե Աթեշյան արքեպիսկոպոսը իդեալական թեկնածուն է թուրքական իշխանությունների համար: Նա պատրաստ է ընդառաջ գնալ նրանց ցանկություններին եւ քմահաճույքներինՙ թողնելով հայկական համայնքը իրարանցման մեջ:
Բայց միայն համայնքը չէ, որ անհանգիստ ու շփոթված վիճակում է: Վերջերս, ի նշան բողոքի, հրաժարական տվեց վերստուգիչ հանձնաժողովը, թողնելով արքեպիսկոպոս Աթեշյանին իր կամքով վարելու պատրիարքարանի գործերը:
Առավել սթափ ու լուրջ մտածողներ կոչ են անում հանգստության ու միասնականության, որպեսզի հնարավոր լինի մեկ ձայնով խոսել, մի բան սակայն, որ կարող է երբեք իրականություն չդառնալ, քանի դեռ դրա լծակները գտնվում են թուրքական իշխանությունների ձեռքերում:
«Արմինյն միրոր սփեքթեյթր», Թարգմ. Հ. Ծ.