«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2011-02-09 | #22, 2011-02-10 | #23, 2011-02-11


ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՞ ԼԻՏՎԱՆ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ ԵԱՀԿ-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ Լիտվայի Սեյմի նախագահ Իրինա Դեգուտանեն տեղյակ չէ, որ ԵԱՀԿ-ում նախագահությունը Ղազախստանից ստանձնելուց հետո իր երկրի արտգործնախարարը առաջինը այցելել է Մոսկվա` հանդիպելու Լավրովի հետ: Ստացվում է նաեւ, որ տիկին Դեգուտանեն տեղյակ չէ, թե ինչի՞ մասին եւ ամենակարեւորը` ի՞նչ շեշտադրումներով են հանդես եկել Մոսկվայում ԵԱՀԿ գործող նախագահող Աուդրոնյուս Աժուբալիսը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում գոնե ներկա պահին առաջատար դեր ունեցող ՌԴ արտգործնախարարը: Իսկ վերջինս, հիշեցնենք, նշեց, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները լուծելու համար «մշակել միանման սկզբունքներ»: Եթե հաշվի առնենք, որ Մոսկվան ճանաչել է ԵԱՀԿ տարածաշրջանում գտնվող Սուխումն ու Ցխինվալը, ապա ակներեւ է, թե ինչ «միանման սկզբունքների մասին» է խոսքը: Լավրովի այս մտքին Աժուբալիսը պատասխանում է, որ «Լիտվան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ աջակցում է Ռուսաստանի ջանքերին` ուղղված խաղաղ կարգավորման առաջընթացին»: Այլ կերպ ասած, Վիլնյուսը, եթե միանշանակ համաձայն չէ, ապա հաստատապես դեմ չէ Մոսկվային: Սակայն այս ամենից փաստորեն «անտեղյակ» Լիտվայի Սեյմի խոսնակ Դեգուտանեն երեկ Բաքվում, հայտարարելով, որ «Լիտվան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», հայտարարել է. «Սեյմում մենք մշակել ենք ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ հռչակագիր, որտեղ մասնավորապես ԼՂ հարցի լուծումը պատկերացվում է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Գարնանային նստաշրջանը սկսելուն պես` մարտի 10-ից, մենք այդ հռչակագիրը, որն արդեն իսկ արժանացել է 50 պատգամավորների հավանությանը, կդնենք քվեարկության»: Իսկ այժմ ընդամենը երեք հարց. առաջին` ինչպե՞ս կարող է ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահությունը լինել արդյունավետ, երբ այդ երկիրը առկա հակամարտություններից մեկում պաշտպանում է դրա կողմերից մեկին: Հարց երկրորդ` անգամ լինելով ԵԱՀԿ նախագահող երկիրՙ Լիտվան իրավունք ունի՞ իր խորհրդարանում քննարկելու եւ հաստատելու բանաձեւ` մի խնդրի վերաբերյալ, որի միջնորդները բազմիցս են կրկնում, որ «հիմա կարեւորը չխանգարելն է»: Եվ վերջին հարցը` հաշվի առնելով, որ Բաքվում արած այս հայտարարությունները ըստ ադրբեջանական աղբյուրների են, հետեւաբար միգուցե հերթական անգամ խեղաթյուրված են, ե՞րբ են պատրաստվում տիկին Դեգուտանեն անձամբ, Լիտվայի Սեյմն ու ԱԳՆ-ն պաշտոնապես հերքում պահանջել, ոչ թե «կողմերից», այլ «մեկ կողմից»: Հակառակ պարագայում, առաջին հարցը կդառնա նաեւ միակը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4