Արդեն 10 տարի է, ինչ Արցախում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը հայտարարվել է գերակա ուղղություն, սակայն առ այսօր դրական տեղաշարժեր չկան: Այս մասին հայտարարել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը ՏՀՏ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդաժողովում: Նախարարը կարեւորել է գործարար միավորումների դերը ժամանակակից բիզնես միջավայրում, որոնք պաշտպանելով մասնավոր հատվածի կոլեկտիվ շահերը, միաժամանակ կարող են նպաստել պետական տնտեսական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացին:
Ըստ նախարարի, 2002 թվականին հիմնադրված ԼՂՀ արդյունաբերողների եւ գործարարների միությանը չի հաջողվել իրականացնել իր առաքելութունը, եւ նրա կանոնադրական նպատակները մնացել են չիրագործված: Ժամանակակից կայացած շուկայական տնտեսություններին բնորոշ է բիզնեսի սուբյեկտների կամավոր անդամակցումը տարբեր գործարար միավորումների, մինչդեռ ԱԳՄ պասիվ գործունեության պատճառով Արցախում տնտեսվարող սուբյեկտներն այդպես էլ չեն միավորվել նրա շուրջը:
Գործարարների մեկուսացվածությունը խոչընդոտում է նրանց սեփական շահերը համախմբված ներկայացնելուն, նկատել է տնտեսական զարգացման նախարարը, հավելելով, որ կառավարությունը չի կարողանում տեղ հասցնել բիզնեսի հետ համատեղ իրականացվելիք ծրագրերը հենց բանակցային կողմի բացակայության պատճառով: Համատեղ գործելու պարագայում ֆինանսական ռեսուրսներն ավելի մեծ կլինեն, նշել է նա, ուստի միության ստեղծումը հնարավորություն կտա համագործակցությամբ շահավետ ուղիներ գտնել:
Խորհրդաժողովի մասնակիցները հավանություն են տվել միություն ստեղծելու գաղափարին: Ընտրվել է խորհուրդ` «Ղարաբաղ Տելեկոմ», «Արցախկապ», «Արմինկո», «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» եւ «Իննովա» ընկերությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ: Որոշում է ընդունվել դիմել գործարար շրջանակներին` ստեղծելու գործարարների ոլորտային միավորումներ եւ անդամակցել միությանը, անշուշտ պահպանելով իրենց ինքնուրույնությունը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ