«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2011-02-09 | #22, 2011-02-10 | #23, 2011-02-11


Ի ՎՆԱՍ ԵՎ ՀՕԳՈՒՏ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ` ՀԱՄԱՎՃԱՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ, ԲԱՅՑ «ՎԵՐԱՑՆՈՒՄ» ՍՏՎԵՐԸ

Փետրվարի 1-ից հանրապետության բոլոր հիվանդանոցներում ներդրվել է համավճարի համակարգը: Առողջապահության նախարարության առողջապահական պետական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում նշեց, որ ծրագիրը շուրջ 6 ամիս փորձարկվել է Երեւանի 3 բուժհաստատություններում: Այնուհետեւ ՀՀ վարչապետի մոտ` ընդլայնված նիստի ժամանակ քննարկվել են նախնական արդյունքները: «Քանի որ գոհացուցիչ էին արդյունքները, որոշեցինք ընդլայնել ծրագիրը` ներառելով մյուս բուժհաստատությունները», ավելացրեց Արա Տեր-Գրիգորյանը: Մինչ համավճարի ծրագրի ընդլայնված կիրառումը կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն համավճարը կիրառվելու է պետական 2 ծրագրերում` անհետաձգելի բուժօգնության ու գինեկոլոգիական բուժօգնության: Այս տարի ներդրված ծրագրով` բուժհաստատությունների հանձնաժողովներին տրվել է 20 տոկոս զեղչ կատարելու իրավունք:

Մյուս բանախոսը ԱՆ աշխատակազմի նորաշանակ ղեկավար Սուրեն Քրմոյանն էր: Նա հայտարարեց, որ մարտ ամսից բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացվելու են, որպեսզի բուժաշխատողները զգան, որ բարեփոխումներն ուղղված են նաեւ իրենց սոցիալական վիճակը բարելավելուն: Իսկ Արա Տեր-Գրիգորյանը հավելեց. «Ակնկալում ենք, որ աշխատավարձերը կբարձրանան 50-60 հազարից մոտավորապես մինչեւ 200-250 հազար դրամ»: Բուժաշխատողները ստվերի պայմաններում ամեն օր ունեցել են իրենց եկամուտը, իսկ այսօր զրկվել են դրանից եւ ստիպված են մեկ ամիս սպասել աշխատավարձ ստանալու համար: Արա Տեր-Գրիգորյանը մի տեսակ արդարացնելով, թե խղճալով բուժաշխատողներին` ասում է. «Նախարարի հանձնարարությամբ քննարկում ենք, որ բուժաշխատողներին աշխատավարձ վճարվի ամսվա մեջ ոչ թե մեկ, այլ երկու եւ ավելի անգամներ»:

Խոսքն աջ ու ձախ տանելով` բանախոսները քիչ թե շատ հասկանալի լեզվով բացատրեցին, թե համավճարի համակարգն ի՞նչ օգուտ կտա հիվանդին: Նախ Արա Տեր-Գրիգորյանը շտապելով նշեց, որ համավճարի ամբողջ գործընթացի խնդիրը եղել է ստվերի վերացումը, հետո բացատրեց. «Օրինակ` մարզում վիրահատության դեպքում վճարում էինք 95 հազար դրամ, այս տարի պետական գինը դարձավ 105 հազար դրամ, որին կավելանա 65-85 հազար դրամ համավճարը: 105 հազար դրամը վճարելու է պետությունը»: Շարունակելով բացատրել` Արա Տեր-Գրիգորյանն ասաց` եթե նախկինում հիվանդը վճարել է միգուցե 100 կամ 300 հազար, ապա հիմա վճարելու է 65-85 հազար դրամ եւ մի դրամարկղում:

Բանախոսների փոխանցմամբ` համավճարի համակարգով ավելի շատ վճարում է պետությունը, ավելի քիչՙ հիվանդը, որի համար իր ծախսը դառնում է նաեւ ավելի կանխատեսելի:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4