«Հյուսիս-հարավ» գազատարի վրացական հատվածի բաժնետոմսերի 25 տոկոսը կտեղաբաշխվի լոնդոնյան բորսայում:
Ադրբեջանական լրատվամիջոցներն ամենայն գոհունակությամբ մեջբերումներ են անում վրացականներից, թե Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրիի խոսքերով, գազատարի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառք չի նախատեսվում, այլ միայն 25 տոկոսի:
Գազատարի վրացական այս հատվածի կարեւորությունը դժվար է թերագնահատել Հայաստանի համար, քանի որ այս մայրուղին է ապահովում ռուսաստանյան գազի մուտքը Հայաստան: Սրանով հանդերձ, արդեն իսկ գազատարի ձեռքբերման առնչությամբ հետաքրքրություն են արտահայտել Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Ղազախստանը:
«Ազգը» դեռեւս անցյալ տարեվերջին տեղեկացրել էր, որ հիշյալ գազատարի գնման կապակցությամբ հետաքրքրություն էր արտահայտել ադրբեջանական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը, հայտարարելով, թե այդ գազատարը կարող է օգտագործվել ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով եւ Սեւ ծովով Ռումինիա հասցնելու ծրագրի իրականացման համար: Մինչդեռ չպետք է մոռանալ, որ առավելապես ադրբեջանական հանրույթի` վրացական գազատարի ձեռքբերման առնչությամբ արված հայտարարությունները վերաբերում են ոչ թե կոնկրետ ծրագրերի, այլ Հայաստանի վրա ճնշման նման լծակ ունենալու տարբերակին:
Եթե ելնենք գնային առաջարկներից, որ արվել էին նույն այս գազատարի համար դեռեւս 2005-ին, երբ «Գազպրոմի» 250 մլն դոլար առաջարկի դիմաց ադրբեջանական նավթագազային ընկերությունն առաջարկել էր կրկնակին` 500 մլն դոլար, ապա հավանականությունը մեծ է, որ այդ գազատարը կարող է ձեռք բերել հենց ադրբեջանական ընկերությունը:
Ա. Հ.