ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԲՀԿ-ի շուրջը ինտրիգը երեկ շարունակվեց պահպանվել, քանի որ խորհրդարանական ճեպազրույցներին նրանցից ոչ ոք չներկայացավ, եւ անպատասխան մնացին վերջին շաբաթվա ընթացքում տաքացրած հարցը` արդյո՞ք կոալիցիայի նիստում ԲՀԿ-ին պարտադրվել է նոր հուշագրի ստորագրումը: Եվ ընդհանրապես` կոալիցիայի այդ նիստը տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Ամենահետաքրքրականն այն է, որ հաստատումը ստացվեց ոչ նրանից, ումից սպասում էր լրագրողական հանրույթը (ասենք` ԲՀԿ-ից կամ ՀՀկ-ից), այլ ՕԵԿ-ից. ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հաստատեց` այո, կոալիցիայի նիստ եղել է, երկրի նախագահն էլ առաջարկել է, որ կոալիցիոն քաղաքական ուժերը մի հայտարարությամբ ամրագրեն միասնականությունն ու շարունակեն առանձին-առանձին, սակայն միասնական քաղաքականությամբ աշխատել, եւ ինչու ոչ` 2013 թվականի նախագահական ընտրություններին պաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սա Հ. Բիշարյանին բոլորովին զարմանալի չի թվում (չնայած գործող կոալիցիոն հուշագիրը ոչ ոք դեռ չեղյալ չի հայտարարել-Մ.Խ.)` ովքեր միասին են գնալու ճանապարհը` պարտավոր են այդ մասին ասել. «Իսկ ովքեր կոնկրետ որոշումներ չունեն կամ չեն ուզում իրենց ճանապարհը հստակեցնել, այլ խնդիրներ ունեն` դա իրենց խնդիրն է», ասաց ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը: Նրա գործընկեր Հովհաննես Մարգարյանը եւս նշեց, որ քննարկվել է հայտարարություն (բայց ոչ հուշագիր)` ապագայի անելիքների վերաբերյալ կոալիցիոն ուժերի դիրքի եւ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին սատարելու հարցի վերաբերյալ:
Հ. Բիշարյանը նաեւ հայտարարեց, թե առաջիկա օրերին կլսենք ՕԵԿ ընդունված նոր ուժերի եւ նոր դեմքերի մասին: Հենց Բիշարյանն ասաց, որ երեկ կրկին տեղի կունենա կոալիցիայի նիստ, որը վերջակետ կդնի այս բոլորին:
Սակայն զարմանալիորեն այսպես հստակ չարտահայտվեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը , որը նոր կոալիցիոն հուշագրի գոյության մասին իր խոսքով չգիտեր եւ մամուլից է ծանոթացել, որ ինքը քննարկվելիք հուշագրի մասին ասել է: Նա տեղյակ չէր նաեւ, թե ե՞րբ է լինելու կոալիցիայի նիստը: Երբ լրագրողները տեղյակ պահեցին ՕԵԿ-ի հաստատումների մասին այդ լուրերին, Սահակյանն անդրադարձավ. «Ես հետախույզ չեմ, որ մտածեմ, թե որտեղ ինչ է տեղի ունենում. եթե խնդիրներ են առաջացել, ապա ժամանակը կգա, եւ մեզանից որեւէ մեկը կտեղեկացնի: Մարդկանց երեւի դուր է եկել այդ հուշագիր բառը, եւ չգիտենՙ որտեղից են գտել, կարծես թե հուշեր գրելով ենք զբաղված: Ամենակարեւոր խնդիրը այն է, որ երեկ Ընտրական օրենսգիրքը դրեցինք շրջանառության մեջ եւ ուղարկեցինք փորձաքննության: Այսօր այս լուրը ամենակարեւորն է»: Հարցը լրագրողները զարգացնում էին` թե արդյո՞ք Հանրապետականը չի վստահում իր գործընկերներին, որ նոր երաշխիքներ է պահանջում, այն էլ նախագահական ընտրություններից երկու տարի առաջ: Հարցի այդպիսի դրվածքը Գալուստ Սահակյանը «մուննաթ» գալ համարեց. «Էդ որտեղի՞ց էդ դարձվածքները` «պահանջել», «ստիպել», յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր ճանապարհը»: Ըստ Սահակյանի` նույնիսկ այն ժամանակ, երբ կոալիցիան տրոհվել է, այս տարիների ընթացում երբեք լարված իրավիճակ չի եղել. «Հուսով եմ, որ այն բեռը, որ վերցրել է կոալիցիան իր ուսերին, մինչեւ վերջ կտանի»: «Ազգը» հետաքրրվեց, թե ինչպե՞ս է, որ ՕԵԿ-ը տեղյակ է հուշագրից եւ կոալիցիայի նիստից, Գ. Սահակյանը` ոչ, ՕԵԿ-ին ավելի՞ են վստահում. Սահակյանը պատասխանեց. «Երեւի ես անվստահելի եմ», բայց ավելի մանրամասնելով նկատեց, թե քննարկման տեխնիկական կողմով չի զբաղվում, քննարկումներ կան` կոալիցիոն երեք ուժերից յուրաքանչյուրը իր մարտավարությունը պիտի կարողանա գտնել, որ հետագայում համագործակցության դաշտ ստեղծվի: Իսկ թե հուշագիր, հայտարարություն, թե ասուլիս կլինի արդյունքում, դա էական չէ:
«Ժառանգության» պատգամավորները պատմեցին մեկ օր առաջ Գյումրիում անցկացված ավտոերթի եւ հանրահավաքների մասին, որոնցով վարորդներն ու նրանց աջակից քաղաքական ուժերը բողոքում են վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման նոր կարգի դեմ, պահանջում «Ժառանգության» առաջարկի հանգույն ամսական մեկ անգամ սահմանը հատելու դիմաց մտցնել 2 հազ. դրամ վճար, արմատապես փոխել ավտոմեքենաների մաքսազերծման հաշվարկի համակարգը, որն այժմ իրականացվում է օրենքի կոպիտ խախտումներով, պահանջ կա նաեւ 30 օրով հետաձգել օրենքի գործադրումը: Մեկ օր առաջ Գյումրիում կառավարությանն աջակցելու հանգանակության փորձը Զարուհի Փոստանջյանը նաեւ կրկնեց ճեպազրույցների ժամանակ` լրագրողներից մի երկու-երեք հազար դրամ հանգանակություն հավաքվեց, որպեսզի այդպիսով «կառավարությունն այլեւս չմտնի ցածր եկամուտ ունեցողների գրպանը»:
ՀՅԴ-ից Արտյուշա Շահբազյանը , պատասխանելով ԲՀԿ-ՀՀԿ ինտրիգի վերաբերյալ հարցին, նկատեց, թե մեկ քաղաքական ուժը չպետք է մեկ ուրիշի խնդիրները մեկնաբանի. «Հասկանալի է, որ նրանք , ովքեր հատկապես քաղաքական դաշտում իրենց մենաշնորհյալ դիրքեր ունեն, պիտի աշխատեն պահպանել», ասաց նա: Ըստ Արծվիկ Մինասյանի էլ` ՀՅԴ-ին կոալիցիայի մեջ մտնելու առաջարկ չի եղել, լինի էլ` կմերժեն, այդ մասին ՀՅԴ ժողովի որոշումը կա նաեւ` իշխանության հետ կոալիցիա չկազմել, իսկ Ա. Շահբազյանն էլ հավելեց, որ քաղաքական ուժերն իրենց տեսակետը գիտեն, ինչո՞ւ պիտի այդպիսի առաջարկ անեն:
Որպես Հայաստանում ամենահեղափոխական կուսակցության ներկայացուցիչ` Ա. Շահբազյանը կշտամբեց Թունիսի հեղափոխությանն աչք տնկող ուժերին, թե ` ցավում է, որ օտար հեղափոխությունները կիրառելու խանդավառություն կա` իր կուսակցությունը կողմնակից է խնդիրների լուծման եւ հեղափոխության ազգային բնույթին. «Այն, ինչ կատարվում է Եգիպտոսում, Թունիսում` որտեղի՞ց է խրախուսվում, իրենց խնդիրն է: Մենք ունենք մեր խնդիրները, մենք պիտի դրանք մեր ուժերով լուծենք, այլապես ով որ մեզ կօգնի` հետո մենք պիտի պարտք վճարենք դրա համար: Դրա համար եկեք չոգեւորվենք` դրսում ի՞նչ է կատարվում, որովհետեւ նաեւ իրականությունները միանգամայն տարբեր են, եւ մեր իրականությունից պետք է ելնենք»: