«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2011-02-10 | #23, 2011-02-11 | #24, 2011-02-12


ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՂՄԿԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԶԲԱՂՎԵԼ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ

Միշտ չէ, որ փորձագիտական գնահատականները համընկնում են իրերի իրական վիճակին: Արձագանքելով Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցի մասին հարցին, որը «Ազգը» ներկայացրել է փետրվարի 9-ի համարում, Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշելով, որ ծանոթ է զեկույցին, ընդգծել է. «Մինչեւ խորհուրդներ կամ գնահատականներ տալն ու կանխատեսումներ անելը հարկ է ջանալ, որ կրակին յուղ չլցվի»:

«Ղարաբաղյան հարցում փորձագետներ ամենից առաջ կարելի է կոչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք տեղյակ են բանակցային գործընթացի էվոլյուցիային եւ ներկա իրավիճակին: Ուստի փորձագիտական գնահատականներին եւ կանխատեսումների տեսանկյունից հարկ է լսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքը», հայտարարել է էդվարդ Նալբանդյանը:

Լրագրողների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի ջանքերով ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման հեռանկարին: Թե ինչու է այդ հարցում Ադրբեջանը շահագրգիռ, իսկ Հայաստանը դեմ, Նալբանդյանը պարզաբանել է. «Սա եւս մեկ վկայություն է, որ Ադրբեջանը առավել շահագրգիռ է ղարաբաղյան հարցի քննարկումն այլ ձեւաչափեր տեղափոխելու մեջ, քան շարունակելու բանակցություններն հակամարտության լուծմանը հասնելու այն ձեւաչափում, որը միջազգային մանդատ ունի եւ կա արդեն շատ տարի»:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի մեկնաբանությամբ, «Բաքուն փորձում է իր ներքին պրոպագանդան տեղափոխել արտաքին հարթակ, աղմկել հակամարտության առնչությամբ, այլ ոչ թե զբաղվել հարցի կարգավորմամբ»: ԵԽԽՎ ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովի նախկին աշխատանքը, ըստ Նալբանդյանի, հատուկ արդյունավետություն եւ օգտակարություն չի ունեցել բանակցությունների առաջընթացին նպաստելու առումով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4