«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2011-02-10 | #23, 2011-02-11 | #24, 2011-02-12


ՃԳՆԱԺԱՄՆ ԱՎԵԼԱՑՐԵՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հայաստանի կառավարությունը սկսեց կոնկրետ քայլեր անել այս ճյուղի համար

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կհաջողվի՞ վերականգնել Հայաստանիՙ արդյունաբերական երկրի համբավը թե՞ ոչ, դժվար է միանշանակ պատասխանել: Անկախության շրջանի առաջին տարիներին երբեմնի հզոր արդյունաբերությունը փոշիացավ օբյեկտիվ (շրջափակում, արցախյան պատերազմ, երկրաշարժ, անցումային փուլ) եւ սուբյեկտիվ (այն ժամանակվա իշխանությունների տհաս կառավարում եւ անհաջող սեփականաշնորհում) պատճառներով: Համաշխարհային տնտեսության ներկա զարգացումները նոր մոտեցումներ են պահանջում Հայաստանի արդյունաբերությունը դրանց համապատասխան վերափոխելու հարցում: Համենայն դեպս, դրական պետք է բնութագրել այն հանգամանքը, որ, 2009-ից, Հայաստանի կառավարությունը սկսեց արդյունաբերության զարգացման համար կոնկրետ քայլեր անել, ինչը մինչ այդ բացակայում էր նրա եւ նրան նախորդած բոլոր կառավարություններում:

Ճգնաժամային 2009 ուղղակի պարտադրեց ավելի մեծ ուշադրություն դարձնել երկրի արդյունաբերությանը: Հենց այդ տարվա ընթացքում կառավարությունը որոշեց 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերին հարկային արտոնություն տալ, որը նպատակ ուներ խրախուսել նոր արտադրությունների ստեղծումն ու գործողների տեխնոլոգիապես վերազինումն ու ընդլայնումը: Խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող այդ ընկերությունների համար, 300 մլն դրամը գերազանցող սարքավորումների ներմուծման դեպքում, հնարավորություն էր տրվում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման ժամկետը հետաձգել 3 տարով:

Վերոնշյալ որոշումից անցել է մոտ մեկուկես տարի, բայց արդեն 11 ընկերություններ օգտվել են այդ արտոնությունից, ինչը վկայում է նախաձեռնության արդյունավետության մասին: Կառավարությունն արդեն հավանություն է տվել 11 ընկերությունների 12 ներդրումային ծրագրերին, որոնք հնարավորություն են ստացել 3 տարով հետաձգելու ներմուծված սարքավորումների համար ԱԱՀ վճարումը: Արդյունքում, հիմնականում սննդարդյունաբերությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող «Նատֆուդ», «Շամբ բիզնես», «Յուքոմ», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Իստեյտ մենեջմենտ ընդ ադմինիսթրեյշն քամփնի», «Գոլդն Գրեյպ Արմաս», «Բիգա», «Սարանիստ», «Կարոլինա», «Ջերմուկ ինթերնեյշնլ», «Սպայկա» (երկու ներդրումային ծրագրերի հավանություն է ստացել) ընկերությունները պարտավորվել են իրականացնել ընդհանուր առմամբ 57 մլրդ դրամի (մոտ 160 մլն դոլար) ներդրումային ծրագրեր, ստեղծելով մոտ 1500 աշխատատեղեր առավելապես մարզերում: Էկոնոմիկայի նախարարությունից մեր ստացած տեղեկությունների համաձայն, ներկա պահին այս ընկերություններում արդեն ստեղծվել են մոտ 800 աշխատատեղեր, ինչպես նաեւ քննարկվում են եւս 3 ընկերությունների ներդրումային ծրագրեր: Նրանց կողմից ներկայացվել են ընդհանուր առմամբ մոտ 1,5 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, որոնք սպասում են ԱԱՀ հետաձգման հավանություն ստանալուն:

Արտադրական հզորություններն ավելացնելու նպատակով սարքավորումներ ներմուծող ընկերությունների համար այլ արտոնություն է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը: Նման արտոնություն վերջերս կառավարությունը տվեց կարի արտադրության ընդլայնման եւ նոր արտադրության ստեղծման ծրագիր ներկայացրած «ՎԿՍ Արմենիա» ընկերությանը:

Հայաստանում արդյունաբերության զարգացման դրական տեղաշարժի մասին է վկայում մի շարք խոշորածավալ ներդրումային ծրագրերի իրագործումն անցած մեկ տարվա ընթացքում: Դրանց մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց տարեվերջյան ելույթի ժամանակ: Տարաների արտադրության «Գլաս ուորլդ քամփնի» անգլիական ընկերությունը 30 մլն եվրոյի ներդրում է կատարելՙ ստեղծելով շուրջ 500 աշխատատեղ, Սյունիքի մարզում գործարկվել է տարեկան 150 հազար տոննա հանքաքարի վերամշակման ձեռնարկությունը, Արտաշատումՙ 27 մլն դոլար արժողությամբ հանքային ջրերի «Արարատ գրուպ» նոր գործարանը շուրջ 400 նոր աշխատատեղով, Ախուրյանի շաքարի գործարանը, հնդկական «Ֆայերսթոուն դայմոնդ» ադամանդամշակման նոր ընկերությունը, մարտկոցների արտադրության հայ-գերմանական «Էլբատ» ընկերությունը: Այս ընկերություններն ունեն զարգացման եւ արտահանման ուղղվածություն, ինչը, բնականաբար, կարտացոլվի առաջիկա մեկ-երկու տարվա տնտեսական ցուցանիշներում:

Արձանագրելով Հայաստանի արդյունաբերության զարգացմանն ուղղված վերոնշյալ փաստերը, միաժամանակ հարկ է մատնանշել, որ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ճյուղի խթանման ուղղությամբ կատարված քայլերով չի կարելի սահմանափակվել: Օրինակ, կարելի է գույքահարկի արտոնություններ տրամադրել գործող արտադրությունների համար եւ ընդհակառակըՙ ավելացնել դրա չափը տարիներ շարունակ պարապուրդի մատնված ձեռնարկությունների համար, ստիպելով սեփականատերերին կամ գործարկել, կամ վաճառել դրանք: Բացի դրանից, բազմիցս ենք նշել երկրի ներսում արդյունաբերության տարբեր ճյուղերի միջեւ կապերի սերտացման անհրաժեշտության մասինՙ նպատակ ունենալով առավելագույնս օգտագործել վերջնական արտադրանքը տեղում ստանալու հնարավորությունը: Այդ նպատակով, թերեւս կարելի է կիրառել ներքին շրջանառության հարկման այն արտոնությունները, որ ժամանակին տրվեցին ադամանդագործությանը, եւ որի մասին խոսվում է, բայց չի իրագործվում մասնավորապես ոսկերչության նկատմամբ: Սրանք, իհարկե, միակ եւ վերջնական տարբերակները չեն, եւ հուսանք, որ առաջիկայում կառավարության կողմից արդյունաբերության զարգացմանը միտված նոր նախաձեռնություններ կլինեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4