«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2011-02-10 | #23, 2011-02-11 | #24, 2011-02-12


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՙ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Մուրադ Հասրաթյանի «Հայկական վաղքրիստոնեական ճարտարապետություն» ստվարածավալ, մեծադիր հատորը լույս տեսավ անցյալ տարի, Մոսկվայում (Ինկոմբուկ(?), 400 էջ): Տասը տարի առաջ գրքի ռուսերեն հրատարակության հանդեպ լայն հետաքրքրությունը պահանջարկ առաջացրեց նոր տպագրությանՙ այս անգամ հայերենով եւ անգլերենով: Պատկերագրքի 1-84 էջերի երկլեզվյա ներածականում հեղինակը հանգամանալի տեղեկություններ է հաղորդում հայկական վաղքրիստոնեական ճարտարապետության սկզբնավորման եւ դրա հետագա զարգացումների մասինՙ պատմական միջավայրի ընդհանուր համատեքստում: Նա IV-VII դդ. ճարտարապետությունը բաժանում է երկու փուլիՙ IV-VI դարեր, որպես մոնումենտալ շինությունների բոլոր տիպերի ձեւավորմանՙ անցյալի ժառանգությանՙ հելլենիստական եւ ուրարտական ճարտարապետության հատկանիշների պահպանմամբ եւ VI դարավերջ եւ VII դարն ամբողջությամբ հայկական ազգային ճարտարապետության վերջնական ձեւավորման շրջաններ:

Պատմական կարեւորագույն գործոնը քրիստոնեությունը Հայաստանում պետականորեն ընդունելու իրադարձությունն էր, որով եւ պայմանավորվեց հայ ժողովրդի հետագա ընթացքը եւ մշակույթի քրիստոնեական կերպը: Հայաստանի քրիստոնեացման սկզբնական շրջանի ցավալի կորուստներըՙ հեթանոսական մշակույթի անխնա ոչնչացումը, չէր կարող իր անդառնալի հետքը չթողնել աշխարհիկ ու հոգեւոր առումներով, բայց եւ անհնար էր նոր ձեւավորվող մշակույթի մեջ կանխել հին քաղաքակրթության տարրերի ներհոսքը, որոնք պահպանվում էին ոչ միայն փրկված նյութական մշակութային ժառանգության եւ կամ ժողովրդական ծեսերի ու ավանդույթների մեջ, նաեւ սերնդեսերունդ հաղորդվում բանասացների միջոցով:

Վաղմիջնադարի Հայաստանում աշխարհիկ նշանակության շինությունների (պալատներ, սեղանատներ, բնակելի տներ, կամուրջներ եւ այլն) առատությամբ հանդերձ, ինչպես հեղինակն է գրում, գերակշռողը եղել են պաշտամունքային կառույցները, որոնք կատարելագործվել ու զարգացել են քրիստոնեության ամրապնդման եւ հետագա տարածմանը զուգընթաց: Եվ հենց դրանք են համարվում հայ միջնադարյան ճարտարապետության գոհարները: Ըստ որում, ոչ պատահականորեն, դարերի դիմադրությանը, ժամանակի փորձությանը հենց դրանք էլ դիմակայել են, ի տարբերություն աշխարհիկ կառույցների, որոնք մեծամասամբ ավերվել-անհետացել են: Պատճառներից մեկը նաեւ շինարարական նյութը, աշխատանքի որակն ու մեթոդներն էին, ճարտարապետական նոր ձեւերի կիրառումն ու կատարելագործումը:

Տարիների մասնագիտական ուսումնասիրությունների փորձը, նաեւ գրավոր սկզբնաղբյուրային պատմական տեղեկությունների իմացությունը հնարավորություն են ընձեռել ոչ միայն այս շրջանի հայ ճարտարապետության մանրամասն բնութագրումների ու նկարագրությունների, նաեւ տվյալ կառույցների հատակագծային եւ ծավալատարածքային հորինվածքները կազմելու:

Հեղինակը կատարում է հիշատակվող կառույցների տիպաբանական վերլուծումներՙ ընդգրկելով 4-դարյա հայ ճարտարապետական մշակույթի բոլոր հնարավոր տեսակներն ու դրանց զարգացումները: Ամենատարածվածը թերեւս մատչելիության առումով, պաշտամունքային ճարտարապետության մեջ համարվում է միանավ եկեղեցիների հնագույն տիպը, որոնցից մեզ են հասել 50-ը: Հեղինակը հանգամանորեն նկարագրում է դրանց բնորոշ ձեւերն ու հատկանիշները, անդրադառնալով յուրաքանչյուրի առանձնահատկություններին: Զուգընթաց սկսվել են կառուցվել նաեւ եռանավ բազիլիկաներ, որոնցից մեզ են հասել ութըՙ Քասախ, Աղց, Աշտարակ, Եղվարդ, Երերույք, Ծիծեռնավանք, Դվին, Կողբ: Նույն սկզբունքով մեկնաբանվում են նաեւ բոլոր այս կառույցները: Այս նույն շրջանում հայ հոգեւոր ճարտարապետության մեջ ձեւավորվել է սկսում 2-րդ ուղղությունըՙ գմբեթավոր եկեղեցիները կենտրոնագմբեթ հորինվածքներով: Պատմական մի քանի կարեւոր տեղեկություններ փոխանցելով, հեղինակը ընթերցողի միտքը դարձնում է ճարտարապետական այս առավել ուշագրավ ձեւերին, որոնց նկարագրությունը ներածականի ամենածավալուն էջերն է զբաղեցնումՙ (Ողջաբերդ, Արզնի, Մորու ձորի Սբ Աստվածածին, Օշականի եւ Փարպիի քառաբսիդներ, Սբ Ստեփանոս Նախավկա, Թալինի Սբ Աստվածածին, Կարմրավոր Սբ Աստվածածին, Բջնիի Սբ Սարգիս, Կոշի Սբ Ստեփանոս եւ այլն):

Վաղագույն գմբեթավոր եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարն է (301-303 թթ.)ՙ իր հազարամյակների գոյության ընթացքում բազմիցս վերականգնված: Հետաքրքրական է կառույցի նախնական հորինվածքի մասին եղած տարբեր կարծիքների (միանավ, եռանավ բազիլիկա) մեկնաբանությունները, ըստ որի XX դարի կեսերին կատարված պեղումները հերքում են նախորդ բնութագրումները, մասնագիտական այն եզրակացությամբ, որ «նրա մույթերը հենց սկզբից գմբեթակիր հենարաններ են եղել», ինչը հավաստում է նաեւ Ագաթանգեղոսի վկայությունն առ այն, որ եկեղեցին կառուցվել է ըստ Գրիգոր Լուսավորիչի տեսիլքիՙ չորս սյուների վրա բարձրացող գմբեթով, այսինքնՙ տաճարը մեզ է հասել սկզբնական հորինվածքով: «Էջմիածնի Մայր տաճարը խաչաձեւ գմբեթավոր կառույցի ավարտուն տիպ է. քառակուսի դահլիճՙ ազատ կանգնած չորս մույթերով եւ չորս կողմից դեպի դուրս շեշտված աբսիդներով», գրում է հեղինակը:

Հայ հոգեւոր ճարտարապետության մեկ այլ տիպ ներկայացնում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Վաղ շրջանից մեզ հասած, հեղինակի բնորոշմամբ, ամենակարեւոր ու հանգուցային հուշարձաններից մեկը Տեկորի Սբ Սարգիս վկայարանն է, թվագրված 470-490 թթ., որն ավերվեց XX դարի առաջին տասնամյակներում, եւ որի «օրինակով Հայաստանը դարձավ քառամույթ խաչագմբեթ եկեղեցական շենքի ստեղծման կենտրոններից մեկը»: Այս շարքում առանձնացվում են նաեւ Օձունի, Բագավանի, Թալինի, Արուճի, Պտղնիի տաճարները, Էջմիածնի Սբ Գայանեն, Զորի եւ Կումայրի հուշարձանները: Հեղինակը առանձնակի կարեւորությամբ է ներկայացնում Զվարթնոցի Սբ Գրիգոր տաճարըՙ որպես «պաշտամունքային շենքի նոր տիպՙ եռայարուս կենտրոնագմբեթ հորինվածով, ծավալային լուծումով տարբեր», որի «կառուցվածքային հանդուգն լուծումը գերազանցում էր ժամանակի տեխնիկական գիտելիքների մակարդակը»: Հեղինակը առանձնակի ընդգծում է Զվարթնոցի ազդեցությունը ոչ միայն հայ, նաեւ տարածաշրջանի մշակութային հետագա զարգացումների վրա: Անդրադարձ է արված նաեւ մեմորիալ հուշարձաններինՙ դամբարաններ, հուշասյուներ, կոթողներ: Այս շրջանի ճարտարապետական արվեստի ճանաչողությունն ամբողջացնում են շինարարական տեխնիկայի, օգտագործված նյութերի ու միջոցների, նաեւ կիրառված մեթոդների մասին տեղեկությունները:

Հայոց ճարտարապետության զարգացման չորսդարյա ընթացքի այս քննությունը դիտարկված է ժամանակաշրջանին բնորոշ պետական-քաղաքական-եկեղեցական կարեւոր գործոնների ազդեցությամբ, ի մասնավորի նկատի է առնված Հայ եկեղեցու ինքնուրույնության հանգամանքը (Քաղկեդոնի համաժողովի դոգմաներից նրա հրաժարումը), որն էլ առանձնակի ինքնատիպություն եւ անշփոթելի ձեռագիր է հաղորդել հայ հոգեւոր ճարտարապետությանը:

Տեքստին հաջորդող աղյուսակների բաժնում ներկայացված են շինությունների հատակագծերը, զարդաձեւերի պատկերները (էջ 87-176)ՙ ՀՀ պատմության եւ մշակույթի վարչության աշխատակիցներ Կ. Հայրապետյանի, Ն. Հակոբյանի, Ե. Գրիգորյանի, Գ. Թելումյանի, Ռ. Խալաթյանի կատարմամբ, գիտական մասի ղեկավար Մ. Հասրաթյան: Վերջին էջերը (178-399) բովանդակում են հիշյալ կառույցների լուսապատկերները. բացվում է IV դարի Ագարակի Սբ Աստվածածին եկեղեցով, ավարտվում Արուճի պատմական հուշարձաններովՙ VII դ պալատական բազիլիկայով եւ Գրիգոր Մամիկոնյանի պալատով (661-685 թթ.): Լուսանկարիչներՙ Վիկտոր Ադյան, Զավեն Սարգսյան, Պաոլո Կունեո, Թոմազո Բրեչա Ֆրատադոկկի, Ժան-Միշել Թիերրի:

Հայ ճարտարապետության կարեւորագույն շրջանի մասնագիտական այս լուրջ ուսումնասիրությունը իմացական եւ ճանաչողական նշանակություն ունի թե մեզ, թե օտարների համար: Ցավում ենք, սակայն, հայերեն տեքստում սպրդած մի շարք ուղղագրական, սրբագրական վրիպումների համար, ինչը նման հրատարակությունները առավելագույնս պետք է որ բացառեն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4