Մարտին լույս կտեսնի ինքնակենսագրականը
Հունվարի սկզբից եւեթ բռնցքամարտի թեթեւքաշայինների աշխարհի չեմպիոնուհին մտածում է Ունիվերզում ակումբից հեռանալու մասին: 2010-ի հուլիսին լրացել է հիշյալ ակումբի եւ ZDF-ի միջեւ կնքված պայմանագիրը, եւ ակումբի նորՙ այլընտրանքային հեռուստահեռարձակող գտնելու փնտրտուքը արդյունք չի գրանցել: Սյուզիի 40-ամյա մարզիչ Մագոմեդ Շաբուրովին 2010-ի դեկտեմբերի վերջին են միայն իրազեկել, թե ակումբի հետ կնքած պայմանագիրը չի երկարաձգվելու: Մարզիչն իր սաներիՙ Սյուզիի ու Դմիտրի Զարտիզոնի հետ կամավորության սկզբունքով է աշխատում: 23-ամյա Քենտիկյանի համար անորոշությունը բեռ է դարձել, նա վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2010-ի հուլիսին: Հունվարի 29-ին Համբուրգում նախատեսված մրցամարտը հետաձգվեց բրեմենցի մրցակցի մարտից հրաժարվելու պատճառով: «Ես այնքան էներգիա ունեմ, ուզում եմ վերջապես ռինգում սպառել այն», ասում է Սյուզին: Բանն այն է, որ մինչեւ այժմ չի գտնվել մի վճարունակ հեռուստատեսային հեռարձակող, որին հետաքրքրում է կանանց բռնցքամարտը: ZDF-ը մրցամարտերը հեռարձակելիս ճանաչել էր Քենտիկյանին որպես օրվա գլխավոր բռնցքամարտիկ, ուրիշները սրան դժվար են համաձայնում: Թեպետ SAT.1-ը եւ RTL-ը հետաքրքրված են Քենտիկյանով, բայց պատրաստ չեն վեցանիշ մեծության դրամ վճարել: Բանն այն է, որ օրինակ SAT.1-ի պարագայում նրանք համաձայն են Քենտիկյանի հետ պայմանագիր կնքել, բայց դեմ են Ունիվերզումին: Քենտիկյանը հավատում է ռինգում իր ապագային եւ պատրաստ է դրան ի գին նաեւ փոխել ակումբը: «Սյուզին երջանիկ է, որ շատ երկրպագու ունի եւ շատերն են ուզում նրան օգնել», ասել է նրա PR մենեջերը: Մարտին լույս կտեսնի 23-ամյա Սյուզի Քենտիկյանի «Ինձ ոչինչ նվեր չի տրվել» վերնագրով ինքնակենսագրականը: Փախստական դարձած ընտանիքի վերանայված մի պատմություն է սա: «Գոհ եմ, որ այդ պատմությունը միջիցս դուրս եկավ», խոստովանել է Սյուզին: Ռինգի երկար դադարներին Քենտիկյանը լիցքավորվելու նոր ազդակներ է փնտրում, նա հովանավորում է «Կենաց ծառ. Հայաստան» ծրագիրը, որ ընկուզենու տունկերի, այնուհետ պտուղից զտվող արժեքավոր մաքուր յուղիՙ Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում իրացման շնորհիվ աշխատատեղերով է ապահովելու 200 հայ ընտանիքի:
Այժմ Քենտիկյանը փորձում է հետ պտտել ժամանակը, վերապրել պատանության ազատ, անհոգ կյանքը, որ երբեւէ չի ունեցել: Նա շատ է մտածում իր ապագայի մասին: Միայն մի բան մտքով չի անցնումՙ թողնել բռնցքամարտը: «Շատերն ասում են, թե ամեն ինչի հասել եմ արդեն, բայց ես այդպես չեմ կարծում: Ես դեռ հաջողության կարոտ եմ: Ամեն ինչ նոր է սկսվելու»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա