«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2011-02-10 | #23, 2011-02-11 | #24, 2011-02-12


«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ԵՐԱԿՆԵՐՈՒՄ ԽԱՉԱՍԵՐՎՈՂ ԵՐԿՈՒ ԱԶԳԵՐԸ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ ԳՏՆԵՆ»

Ասում է Ֆելիքս Ալիեւը

71-ամյա Ֆելիքս Ալիեւը ազգությամբ ադրբեջանցի է, ապրում ու աշխատում է Էջմիածնում: Ֆելիքսն աշխատում է Էջմիածնից 5 կմ հեռու գտնվող Գեղակերտ գյուղի մարզադպրոցում: Ունի 13-24 տարեկան շուրջ 40 սան:

Վաստակավոր մարզիչը պատրաստել է 33 սպորտի վարպետ, որոնցից երկուսը` միջազգային կարգի: Սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Սարգսյանը, որ 1982-83-ին դարձել է աշխարհի չեմպիոն ու սահմանել համաշխարհային ռեկորդ, նրա սանն է: Ալիեւը հավաստիացնում է` աշխարհին դեռ բազմաթիվ չեմպիոններ է տալու:

«Եթե իմ սաները երես թեքեին ինձանից, կհեռանայի: Բայց նրանք ինձ ամուր թիկունք կանգնեցին», պատմում է նա: Ալիեւը պատմում է, թե ինչպես 90-ականներին նրա սաները սպասում էին, մինչեւ պարապմունքները դպրոցում ավարտվում էին եւ օրվա վերջում նրան ուղեկցում տուն:

Նրա կինը` 63-ամյա տիկին Ջուլյան այսօրվա պես հիշում է, երբ Ֆելիքսն իրեն սիրո խոստովանություն ու ամուսնության առաջարկություն արեց: «Բայց ես ադրբեջանցի եմ, Ջուլյա», ասաց նա: «Ես էլ ասացիՙ ազգությունն ինչ կարեւոր է, մարդս մարդ լինի», պատմում է նա:

Արդեն մի քանի տասնամյակ նրանք միասին են: Տիկին Ջուլյան պատմում է, որ երբեւէ չեն վիճել, կռվել, ապրել են սիրով ու համերաշխ: «Հպարտացել եմ, որ ամուսինս հասել է բարձունքների», ասում է տիկին Ջուլյան ու ցույց տալիս շքանշանները, մեդալները, պատվոգրերը, գրքերն ու ամսագրերը, որոնք Ֆելիքսի անցած ուղու լուռ վկաներն են:

Ֆելիքս Ալիեւի նախնիները Հայաստան են գաղթել Պարսկաստանի Խոյ գավառից:

Հայրը` Ասկար Ալիեւը 1936-ին ամուսնանում է Եպրաքսյա Դանիելյանի հետ:

«Հայրս հրաշալի կլառնետ էր նվագում: Էջմիածնում բոլորն էին ճանաչում Ուստա Ալիին: Նա ներկա էր բոլոր հարսանիքներին: Տիկին Ջուլյան ցավով է հիշում, թե ինչպես էր սկեսրայրն ընկճվում ազգամիջյան ընդհարումների ժամանակ:

Ֆելիքսը պատմում է, որ ամաչում էր իր ազգակիցների փոխարեն: Սումգայիթի ու Բաքվի դեպքերը ցնցեցին Ալիեւների ընտանիքը: Տիկին Ջուլյան պատմում է, որ այդ ժամանակ ամուսինն ու սկեսրայրն ամաչում էին մարդկանց աչքերի մեջ նայել, կարծես իրենք մեղավոր լինեին իրենց հայրենակիցների դաժանության ու մարդասպանության համար: Տանտիկինը հիշում է, որ Բուդապեշտում հայ զինվոր Գուրգեն Մարգարյանի սպանության մասին լուրն իմանալուց հետո Ֆելիքսը բարձրաձայն լացում էր:

Մարզվելուց բացի Ալիեւը շատ է սիրում գիրք կարդալ, սիրելի հեղինակը Չարենցն է: Ֆելիքսի սիրելի զբաղմունքներից է նաեւ օրագրում գրառումներ կատարելը: Հիմնականում գրում է կարգախոսներ, որոնցով առաջնորդվում է կյանքում:

Նա խնամքով թերթում է օրագրի էջերն ու կարդում դրանցից մեկը:

«Մարդը, անկախ իր ազգային պատկանելությունից, պետք է գործի հանուն համամարդկային շահերի, լինի ոչ թե ազգայնամոլ, այլ ինտերնացիոնալիստ»: Ալիեւը խոստովանում է, որ միշտ առաջնորդվել է օրագրում գրված բազմաթիվ կարգախոսներով:

Ֆելիքսն իրեն համարում է քրիստոնյա. սիրելի եկեղեցին` սուրբ Գայանեն է, հաճախ է մասնակցում պատարագներին: Տանը չունեն ո՛չ Ղուրան, ո՛չ Աստվածաշունչ:

«Ինձ համար Ղուրանն ու Ավետարանը մաքրությունն ու մարդասիրությունն են», ասում է նա:

Ադրբեջանում ազգականներ ունի, սակայն նրանց հետ կապ չի պահպանում: «Կինս ու մայրս հայուհի են, նրանք չեն կարող Ադրբեջանում ապրել, Հայաստանից հեռանալ էլ չեմ ցանկանում, սա իմ տունն է, իմ հողը»:

Վաստակավոր մարզիչը հիշում է, որ 1990-ին Պոդոլսկում մրցումների ժամանակ հանդիպել է ադրբեջանցի մարզիկների: «Նրանք չէին հավատում, որ առանց ազգանունս փոխելու ապրում եմ Հայաստանում: Երբ անձանգրում տեսան, որ նշված է Ալիեւ, ապշեցին»:

Այսօր Ֆելիքս Ալիեւն ընդամենը մեկ երազանք ունի, որ իր երակներում խաչասերվող երկու ազգերը գտնեն համերաշխության կամուրջ: «Հավերժ թշնամիներ ու բարեկամներ չկան, հայն ու ադրբեջանցին էլ պետք է կարողանան խաղաղ ապրել», օրագրից փոքրիկ մեջբերում է անում ու հույս հայտնում, որ հարեւան ազգերը մի օր կմոռանան անցյալի ցավն ու ատելությունը եւ կապրեն խաղաղ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4