«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2011-02-11 | #24, 2011-02-12 | #25, 2011-02-15


ՆՈՐՋՈՒՂԱՅԵՑԻ ԲԱՐԵԳՈՐԾ ԱՎՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Նոր Ջուղայում մի քանի տասնամյակ առաջ տնային աճուրդի դրված մեծաքանակ հայերեն ձեռագրերը, վավերագրերն ու հնատիպ գրքերը ձեռք բերած հայ հավաքորդներից ոչ բոլորը դրանք նվիրաբերեցին հայաստանյան հայագիտական օջախներին, ցավոք, եղան մարդիկ, որ դրանք վաճառեցին օտար հաստատություններին, անհատներին` մեկընդմիշտ այդ ամենը դարձնելով նրանց սեփականությունը: Բարեբախտաբար, հավաքորդների մեջ եղան նաեւ հայրենանվեր մարդիկ, ինչպես Ավո Հովհաննիսյանը , որն իր կարողություններով ժողոված հավաքածուով հայոց հոգեւոր գանձարանը հարստացրեց բազմաբյուր նյութերով, որոնց թվում են Մատենադարանին նվիրաբերած 65 ձեռագրերն ու բազում վավերագրերը, հնատիպ ու նոր գրականության նմուշները: Նրա նվիրատվություններով հարստացել են նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածինը, Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային եւ Խնկո Ապոր անվան գրադարանները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը եւ այլք:

Իր 40-ամյա գործունեության մասին խոսելիս նա առաջինը արտաբերում է Մատենադարանի անունը, որովհետեւ հայրենիքի հետ կապը խորացել է Մատենադարանից ստացած հոգեւոր հզոր ազդակներից, հատկապես Մատենադարանի նախկին տնօրեն Լեւոն Խաչիկյանից ստացած շնորհակալական նամակից, որում արտահայտված խորունկ մտքերն իրեն ուղեկցել են կյանքի ողջ ընթացքում: Մատենադարանի հետ կապը տարեցտարի ավելի է սերտացել. Սեն Արեւշատյանից ստացել է առաջին հուշամեդալը, իսկ Հրաչյա Թամրազյանից օրերս ստացավ երկրորդ մեդալը` իր մեծ նվիրումի եւ ազնվագույն գործի համար:

Նույնիսկ իր մեծարման օրը Ավո Հովհաննիսյանը դատարկաձեռն չէր եկել Մատենադարան, իր հետ բերել էր մեկ ձեռագիր` «Պատմութիւն կայսէրն Դիոկղատիանոսի եւ եօթն իմաստնասիրաց» ժողովածուն (19-րդ դ., Թավրիզ) եւ Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» հնատիպ գիրքը` հրատարակված 1783 թվականին:

«Նոր Ջուղայում կուտակված էին մեծաքանակ ազգային արժեքներ, եւ ես գիտակցում էի, որ մի օր դրանք օտարվելու կամ կորչելու են, եւ իմ կարողության սահմաններում ջանում էի փրկել այն ամենն, ինչ hնարավոր էր: Իմ նպատակն էր, որ դրանք մի օր վերադառնան հայրենիք ու գտնեն իրենց արժանի տեղը: Ցանկությունս ազնիվ է եղել, Աստված էլ ինձ շատ է օգնել, ու կարողացել եմ բոլոր ցանկություններս իրագործել: Չեմ բավարարվել միայն աճուրդներից ձեռագրեր գնելով, նաեւ քարոզչական աշխատանք եմ տարել նորջուղայեցիների մոտ պահված արժեքավոր ձեռագրերը փրկելու ու Մատենադարանին հանձնելու», նվիրատվությունից հետո ասաց Ավո Հովհաննիսյանը:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը , խոսելով Նոր Ջուղայի հայոց բարեգործական եւ հոգեւոր մշակութային կյանքին Ավո Հովհաննիսյանի հաղորդած նոր բովանդակության մասին, շեշտեց հայրենասիրական-քարոզչական այն աշխատանքները, որոնց շնորհիվ տունդարձի ճամփա են բռնել բազմաթիվ հայ ընտանիքներ եւ հայ մշակույթի մեծարժեք նմուշներ ու հավաքածուներ:

«Մենք գործ ունենք ոչ թե միանգամյա նվիրատվության կամ բարեգործության փաստի հետ, այլ նվիրատվությունների շարքի, որ կյանքի ընթացք է հուշում, որ զարդարում է մարդու կենսագրությունը, դառնում նրա էությունը, ապրելակերպը, հոգեկերտվածքը: Նման մարդիկ լցնում են կյանքը, այլասիրության, անձնական նվիրումի, ազգասիրության ամենօրյա դրսեւորումներով, առանց զգալ տալու արվածի նշանակությունն ու կարեւորությունը, որ մեր կյանքում հազվադեպ, կարելի է ասել, բացառիկ երեւույթ է: Բացառիկ երեւույթ է նաեւ նրանով, որ վերաբերում է ձեռագրական աշխարհին, պատմամշակութային վավերագրերին, որոնց ամեն մի պատառիկը իր չափով վերականգնում է մեր խաթարված, վտանգված համընդհանուր հիշողությունը, վերադառնալով մշակույթի կենդանի հարահոսի մեջ», ասաց Հրաչյա Թամրազյանը:

Մատենադարանի փոխտնօրեն Շուշանիկ Խաչիկյանը երախտագիտությամբ լի իր խոսքում անդրադարձավ նաեւ «Նոր Ջուղայի խոջայական անցյալի համապատկերը վերականգնող «Նոր Ջուղայի խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքը (17-18-րդ դարեր)» գրքին (համահեղինակներՙ Ավո Հովհաննիսյան եւ արվեստաբան Հրավարդ Հակոբյան), ընդգծելով դրա կարեւորությունը Նոր Ջուղայի պատմության եւ մշակույթի ուսումնասիության համար:

Ավո Հովհաննիսյանի անուրանալի գործունեությունն ամփոփվել է նրա մասին պատմող ֆիլմում, որը դիտելու հնարավորություն ընձեռվեց նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Մեր սերն ու մեծարանքը Մատենադարանի բոլոր բարեգործներին` ի դեմս մեր սիրելի Ավո Հովհաննիսյանի, որի ծննդյան 70-ամյակը լրացավ վերջերս: Շնորհավորենք նրանք այդ առթիվ` բարեմաղթելով արգասավոր կյանքի երկար ճանապարհ եւ նորանոր խիզախումներ», ասաց Հրաչյա Թամրազյանը` նրան հանձնելով 1173-ին Կիլիկիայում գրված Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» հնագույն ձեռագրի շքեղ նմանահանությունը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4