«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2011-02-12 | #25, 2011-02-15 | #26, 2011-02-16


ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՎԵՐՋՆԱԳԻՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երեկ Մատենադարանի մոտՙ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հանրահավաքում, որը նա կոչել էր կուսակցության ազգային համաժողով, մի պահանջագիր, ինչպես Կարապետիչն է նշել` վերջնագիր է ներկայացվել իշխանություններին, որով պահանջվում է երկրում վերացնել անարդարությունները, թալանը, կամայականությունը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, թանկացում եւ գնաճ չթույլատրել, թոշակներն ու նպաստներն ավելացնել: Թե ո՞նց էր այդ պահանջագիրը տեխնիկապես վերջնագիր դառնալու` Կարապետիչն այսպես էր բացատրում. եթե մինչեւ փետրվարի 28-ը այդ պահանջներն իշխանությունը չկատարի, ժողովրդի միջոցով անվստահություն են հայտնելու իշխանությանն ու արտահերթ ընտրություններ պահանջեն, մի խոսքով` կարմիր քարտ են ցույց տալու իշխանությանը, եթե իրենց պահանջները չկատարվեն (մի քանի հարյուր հոգո՞վ` այդքան էին հանրահավաքի մասնակիցները):

Կարապետիչը նշել է, թե իր դեմ արշավ է սկսվել ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից: Նա իր ոճով հարցրեց, թե արդյոք մասնակիցներն ուզո՞ւմ են ՀԱԿ-ին միանալ եւ մասնակիցներից շատերից բացասական արձագանք ստացավ: Հանրահավաքի վերջում լրագրողների հարցերին պատասխանելով` նա սրիկա անվանեց նրանց, ովքեր իր մասին հերյուրանքներ են տարածում, ովքեր ասում են ` մի օր Ծառուկյանի հետ է ինքը, մի օր Վարդան Ղուկասյանի` «սրիկայական իշխանական քայլեր», որոնք միտված են ժողովրդին շեղելու: Իր խոսքով` բուլվարային թերթերի գրածներին («գող», «ավազակ» եւ այլ որակումներ իր հասցեին) պատասխանելովՙ հակադարձեց. «Գողը դուք` թալանողներդ եք, Լեւոն Տեր-Պետրոսյանն է` 1500 գործարան թալանեցին, ո՞ւր է Հայաստանի հարստությունը, ո՞վ է լափել», ասել է նա` նկատելով, թե «մեր ձեռքից վերջինն ունեցածն են խլում` վարկաբեկելով»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4