«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2011-02-12 | #25, 2011-02-15 | #26, 2011-02-16


«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Հայաստանի բանկերից առաջինը «Արդշինինվեստբանկը» պայմանագիր կնքեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, որ պատրաստ է սպասարկելու կենսաթոշակառուներին եւ բանկի միջոցով վճարելու նրանց թոշակները: Ինչպե՞ս է դա տեղի ունենալու եւ ի՞նչ այլ առավելություններ է առաջարկում կենսաթոշակառուներին «Արդշինինվեստբանկը». զրուցեցինք բանկի մանրածախ բիզնեսի գծով փոխտնօրեն Արմեն Գասպարյանի հետ:


- Ի՞նչ է առաջարկում «Արդշինինվեստբանկն» այն կենսաթոշակառուներին, որոնք կցանկանան իրենց թոշակները ստանալ ձեր բանկից:

- Բանկերի միջոցով կենսաթոշակների վճարման մի քանի տարբերակներից կարեւորում եւ առավել մեծ ուշադրություն ենք դարձնում վճարային քարտերի միջոցով վճարմանը: Դա հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ վճարային քարտերը, նախ եւ առաջ, առավել քաղաքակիրթ եւ առավել զարգացած վճարամիջոց են: Երկրորդը` վճարային քարտերը նպաստում են հաճախորդների ինքնասպասարկման զարգացմանը, որը նույնպես շատ կարեւոր ենք համարում, քանի որ, հաշվի առնելով գումարների ծավալն ու թոշակառուների քանակը, անհրաժեշտ է լինելու ինքնասպասարկման սարքերի միջոցով որոշ չափով թեթեւացնել հոսքը դեպի բանկի մասնաճյուղեր: Չնայած, հարկ ենք համարում հիշեցնել, որ «Արդշինինվեստբանկը» երկրորդն է Հայաստանում իր մասնաճյուղերի տարածվածությամբ եւ թվով: Մեր մասնաճյուղային ցանցը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում եւ մասնաճյուղերի աշխատակիցները պատրաստակամ են սպասարկելու թոշակառուներին: Ամեն դեպքում բանկի համար նախընտրելի է վճարային քարտերի միջոցով կատարել թոշակների վճարումը, ինչը ձեռնտու է նաեւ թոշակառուներին:

- Թոշակառուների քարտերի սպասարկման վարձի ու կանխիկացման վճարների հարցերն ինչպե՞ս են լուծվել:

- Թոշակառուների վճարային քարտերի տարեկան սպասարկման եւ բանկոմատներից գումարի կանխիկացման համար նրանք չեն վճարի, ինչը հաստատված է պետական մակարդակով: Այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկացման բավականին ցածր տոկոսադրուք է սահմանվելՙ 0,5 տոկոս: Բացի պետական մակարդակով ապահովվող այս պայմաններից, «Արդշինինվեստբանկը» առաջարկում է նաեւ այլ սակագնային փաթեթներ, որտեղ կարող են սահմանված լինել միջնորդավճարներ, միաժամանակ ունենալով ավելի մեծ առավելություններ թոշակառուների համար: Առավելությունը մասնավորապես այն է, որ թոշակառուների համար հաստատված է բավականին բարձր ցպահանջ մնացորդի տոկոսադրույքՙ 4-6 տոկոս, ինչն աննախադեպ է ցպահանջ հաշիվների համար: Այսինքն, թոշակի մնացորդային գումարը դառնում է ցպահանջ ավանդ, որը թոշակառուները կարող են տնօրինելՙ ունենալով վճարային քարտ: Մեր բանկն առաջարկում է նաեւ թոշակառուի հիմնական քարտին կից քարտեր, որպեսզի թոշակառուի որդին կամ թոռնիկը այդ քարտով կանխիկացնեն եւ ստանան թոշակը, եթե թոշակառուն հնարավորություն չունի տնից անընդհատ դուրս գալ: Կարծում եմ, որ բավականին լավ պայմաններ ենք առաջարկում: Թոշակառուներն էլ պետք է հաշվի առնեն այն փաստը, որ դրամական միջոցները ստանալու համար հերթեր կանգնելու անհրաժեշտություն չի լինիՙ դրանք հնարավոր կլինի ստանալ ամենուրեք տեղադրված բանկոմատներից:

- Իսկ նրանք կարո՞ղ են ձեր բանկից նաեւ կանխիկ ստանալ թոշակը:

- Այդ տարբերակն էլ հնարավոր է անշուշտ: Թոշակառուն կարող է հաշիվ բացել եւ իր թոշակը ստանալՙ ներկայանալով բանկի մասնաճյուղ: Պարզապես, արդեն թվարկված պատճառներով, նախապատվությունը տալիս ենք վճարային քարտերին: Ասեմ, որ արդեն բավականին դիմումներ կան հենց վճարային քարտեր ստանալու համար:

- Մանրադրամի կանխիկացումը ինչպե՞ս է լինելու:

- Դա խնդիր չէ: Մանրամադրամը թոշակառուները կարող են ստանալ բանկից կամ էլ երբ դրա մնացորդը հավաքվի եւ խոշորանա, կանխիկացնելով այն հաջորդող ամսվա ընթացքում :

- Վստա՞հ եք, որ բանկը կկարողանա բարձր մակարդակով սպասարկել թոշակառուներին:

- Ներկայումս խնդիր ունենք ընդհանրապես երկրի մակարդակով բնակչությանը նոր վճարային ձեւերին սովորեցնելու: Մեր բանկն աշխատակիցների ուսուցման դասընթացներ է անցկացրելՙ թոշակառուների հետ աշխատելու գործընթացների վերաբերյալ: Կտպագրվեն հատուկ բուկլետներ թոշակառուների համար, որտեղ նշված կլինի, թե ինչպե՞ս, ի՞նչ հերթականությամբ եւ ի՞նչ պետք է անել գումարը ստանալու համար: Այդ ձեւով կփորձենք հեշտացնել գործընթացը, ավելի պարզ դարձնել թոշակառուների համար: Ինձ թվում է, որ թոշակառուներն աստիճանաբար կսկսեն համոզվել բանկային համակարգի հարմարավետության մեջ եւ ապագայում կնախընտրեն թոշակներն ու դրամական բոլոր միջոցները ստանալ քարտերի միջոցով:

Հարցազրույցը ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4