Այս հոդվածում ես կուզենայի պատմել մի մարդու մասին, որին ճակատագիրն ինձ հանդիպեցրեց երիտասարդ հասակում, եւ որը հետագայում վիթխարի ազդեցություն գործեց եւ անջնջելի հետք թողեց իմ ամբողջ կյանքում:
Բադալ Հմայակի Մուրադյանը որպես փոխնախագահ Հայաստանի Պետպլան եկավ 1982-ի հունիսին եւ այդ կազմակերպությունում մնաց մինչեւ մահը (1991 թ.): Անշուշտ, նրա գալուստը ոչ ոքի անտարբեր չթողեց, քանի որ ժամանակին նա գրեթե 7 տարի աշխատել էր որպես Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ: Այդ մարդը բարդ ճակատագիր ուներ, իր վրա զգացել էր վերելքներ ու անկումներ, նա մյուս ղեկավարներից տարբերվում էր իր բացառիկ աշխատունակությամբ, սկզբունքայնությամբ եւ կատարման վերահսկողությամբ: Այդ ամենն ուղեկցվում էր նրա մարդկային հատկանիշներով, ինչիպիսիք են համեստությունը եւ մարդկանց հանդեպ ջերմությունը:
Բադալ Մուրադյանը հաճախ ասում էր, որ ղեկավարի գլխավոր արժանիքը զրուցակցին լսելու կարողությունն է: Ես այն ժամանակ աշխատում էի որպես բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ: Մեր բաժնից բացի, Մուրադյանը վերահսկում էր եւս երեքըՙ էներգետիկայի եւ վառելիքի, մեքենաշինության եւ քիմիական, մետալուրգիական արդյունաբերության եւ երկրաբանության: Ի տարբերություն մյուս ղեկավարների, նա սովորություն ուներ երբեմն անձամբ մտնել իր վերահսկողությանը ենթակա բաժիններ: Բայց մեր բաժին նա այցելում էր մյուս բաժիններից շատ ավելի հաճախ, քանի որ դրա պետը «Նաիրիտի» նախկին կադր, շատ գրագետ ինժեներ Ժորա Լիպարիտի Օհանյանն էր: Բադալ Մուրադյանի ղեկավարությամբ նա ժամանակին երկար տարիներ աշխատել էր կոմբինատում, հասնելով մինչեւ նոր տեխնիկայի գծով գլխավոր ինժեների տեղակալի պաշտոնին:
Ինչպես վերեւում արդեն նշեցի, Բ. Մուրադյանից բացի, Պետպլանի ղեկավարներից ոչ մեկը (ոչ նախագահը, ոչ էլ նրա 6 տեղակալները) բաժիններում նման «հավաքույթներ» չէր կազմակերպում: Տարին մեկ անգամՙ հունվարի առաջին աշխատանքային օրը նրանք խմբովին մտնում էին բաժիններ, աշխատակիցներին շնորհավորելով Նոր տարվա առթիվ, եւ դրանով «ժողովրդի» հետ շփումն ավարտվում էր: Ընթացիկ հարցերի կապակցությամբ, բնականաբար, ղեկավարները քարտուղարուհու միջոցով կանչում էին մասնագետներին, կամ էլ մենք ինքներս էինք խնդրում ընդունել մեզ:
Բադալ Մուրադյանի կյանքի մեծ մասը կապված էր «Նաիրիտ» կոմբինատի հետ, որը ստեղծվեց կալցիումի կարբիդի եւ սինթետիկ քլորոպրենային կաուչուկի գործարանի հիման վրա:
1937 թ. Երեւանի քիմիական տեխնիկումն ավարտելուց եւ կալցիումի կարբիդի գործարանում աշխատանքի ընդունվելուց հետո Բ. Մուրադյանը մի խումբ երիտասարդ մասնագետների հետ որակավորման բարձրացման նպատակով գործուղվեց Լենինգրադի սինթետիկ կաուչուկի գործարան: Հաջորդ տարի Երեւան վերադառնալով, նրանք բոլորը ակտիվորեն ներգրավվեցին քլորոպրենային կաուչուկի գործարանի ստեղծման աշխատանքում: Հետագայում Մուրադյանը երկու անգամ զբաղեցրեց տնօրենի պաշտոնը, իսկ հիշյալ խմբի երկու Նորայրները (Բաբայան եւ Կարապետյան) աշխատեցին որպես գլխավոր ինժեներներ:
Բացի իր հիմնական արտադրանք կաուչուկից, «Նաիրիտը» արտադրում էր քառասունից ավելի ուրիշ արտադրատեսակներ, բայց Հայաստանի բնակչությանն առավել շատ ծանոթ էին բուժհիմնարկներում, շինարարությունում եւ տեխնիկական այլ նպատակներով օգտագործվող հեղուկ ազոտն ու թթվածինը, չոր սառույցը եւ «Ժավել» սպիտակեցնող հեղուկը: Ի դեպ, առաջին անգամ այն սկսել են արտադրել ոչ թե մեզ մոտ, այլ ֆրանսիական Ժավել գյուղում դեռ երկու հարյուր տարի առաջ: Բացի մեր «Նաիրիտից», ամբողջ աշխարհում կա քլորոպրենային կաուչուկի եւս երկու գործարան (մեկը ԱՄՆ-ում է, մյուսըՙ Ֆրանսիայում): Երկուսն էլ գործում են «Դյուպոն» ֆիրմայի արտոնագրով: Նման գործարանների ստեղծման եւս երկու փորձ (մեկը ԽՍՀՄ-ումՙ Բայկալ լճի մոտ, մյուսըՙ Չեխոսլովակիայում) ավարտվել են անհաջողությամբ:
Քլորոպրենային կաուչուկը իր տեխնիկական բնութագրերով գերազանցում է մյուս սինթետիկ կաուչուկներին, հատկապեսՙ իր ջերմակայունությամբ: Առանց մեր կաուչուկի նախկին ԽՍՀՄ-ում եւ շատ ուրիշ երկրներում ոչինչ «չէր թռչում եւ չէր կրակում»: Մալուխային ամբողջ արտադրանքը հիմնված էր դրա վրա: Կաուչուկի դերն այնքան մեծ էր, որ Բ. Մուրադյանը կարծում էր, թե «Նաիրիտի» արտադրանքի կայուն մատակարարման դեպքում Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի շրջափակում: Իզուր չէ, որ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը բազմիցս զանգում էր Հայաստան, խնդրելով չփակել «Նաիրիտը»: Ընդսմին նա զգալի ներդրումներ էր առաջարկում տեխնոլոգիայի բարելավման եւ բնապահպանական անվտանգության բարձրացման համար: Որպես ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ նա լավ գիտեր «Նաիրիտի» դերը երկրի տնտեսության եւ պաշտպանունակության մեջ: Բայց այն ժամանակներում իշխանության ձգտող եւ հետո դրան տիրացած կեղծ դեմոկրատները գործում էին «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով:
Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը նույնիսկ հիմա չի էլ կասկածում, որ 1963-ի փետրվարի 23-ին Երեւանի Լենինի հրապարակում գազային ջահի հայտնվելու եւ հանրապետության գազիֆիկացման համար ինքը պարտական է «Նաիրիտին»: Քլորոպրենային կաուչուկի արտադրության միջակա արգասիքըՙ ացետիլենը, սկսեցին ստանալ բնական գազից: Բադալ Մուրադյանը պատմում էր, որ մի անգամ, 90-ականների սկզբներին, Հայաստանի բնական գազի մատակարարումների ընդհատման ժամանակ, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Տիխոնովը զանգահարել էր Ադրբեջանի Մինիստրների խորհրդի նախագահին եւ կտրուկ ձեւով պահանջել էր դուրս գալ սեփական աշխատասենյակից եւ նստել գազի կափույրի մոտ: Ահա թե նա ինչպիսի կարեւորություն էր տալիս «Նաիրիտին»:
Ես, իհարկե, հիանալի գիտակցում եմ, որ «Նաիրիտը» վնասում էր Երեւանի շրջակա միջավայրին: Բայց որակյալ անձնակազմը (այնտեղ աշխատում էր մոտ 5000 մարդ) մշտապես բարելավում էր տեխնոլոգիաները: Ասենք իրենքՙ գործարանի աշխատողներն էլ ճակատագրից չէին բողոքում: Ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ: Գրեթե չգործող կոմբինատը Հայաստանին պատճառում է մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ վնաս, քանի որ առանց դրա չեն գործում բազմաթիվ համասեռ ձեռնարկություններ եւ ենթակառույցը, եւ քաղցը եւս առողջություն չի ավելացնում: Չէ որ միայն մեր հանրապետությունում «Նաիրիտի» արտադրանք օգտագործում էր մոտ երեք հարյուր ձեռնարկություն: Հակաառողջապահական ձեռնարկությունները միշտ էլ բարդություններ են առաջացնում, բայց դրանք միայն կողոպտելով ու ոչնչացնելով Հայաստանը Շվեյցարիա չես դարձնի:
1978-ին «Նաիրիտում» արտադրվեց 70 հազար տոննա կաուչուկ: Որքան հիշում եմ, հետագա տարիներին այդ ցուցանիշը չգերազանցվեց: Թերեւս դրա վրա ազդեց Բ. Մուրադյանի հիվանդությունը 1979-ին, երբ նա մոտ կես տարի բացակայեց ստացած ինսուլտի պատճառով:
Ներկայումս կոմբինատն արտադրում է վերոհիշյալ մակարդակից 6-10 անգամ պակաս արտադրանք, իսկ հոսքագծերից մեկը ապամոնտաժվել եւ վաճառվել է Չինաստանին, որտեղ մինչեւ օրս էլ «Նաիրիտի» մի քանի մասնագետներ օգնում են սպասարկել այն:
Եթե կոմբինատի ապագան այդքան մշուշապատ չլիներ, ապա, անշուշտ, իմաստ կունենար այն կոչել Բ. Մուրադյանի անունով: Թեեւ ներկայումս Հայաստանի ղեկավարությունը, հանձինս նախագահի եւ վարչապետի, դեմքով շրջվել է դեպի կոմբինատը, փորձելով օգնել կոլեկտիվին, խնդիրները դեռ շատ են: Ցավոք, «սուրբ տեղը դատարկ չի մնում», եւ մեր արտադրանքը սպառողները իրենց տեխնոլոգիաները հարմարեցրել են ուրիշ կաուչուկների: Եթե հաջողվի վերածնել «Նաիրիտը», ապա դա կլիներ ամենամեծ նվերը Բ. Մուրադյանի պայծառ հիշատակին: Ես կոմբինատի զարգացման մեջ ծանրակշիռ ավանդ ներդրած բազմաթիվ տաղանդավոր ինժեներներից ներողություն եմ խնդրում, որ ոչինչ չեմ գրում իրենց մասին, հիշատակելով միայն Բ. Մուրադյանի դերը: Որպես արդարացում ուզում եմ ասել, որ ես նկարագրել եմ հիմնականում այն իրադարձություններն ու փաստերը, որոնց ականատեսն եմ եղել անձամբ:
2005-ին Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում տեղի ունեցավ հասարակայնության ժողովՙ նվիրված Բադալ Մուրադյանի 90-ամյակին: Ընդունվեց Երեւանի քաղաքապետարանին ուղղված դիմումՙ նրա պատվին հուշարձան կանգնեցնելու եւ փողոց անվանակոչելու խնդրանքով: Դրանից մի քանի տարի առաջ համանման դիմում էր հասցեագրվել նաեւ Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանին: Ցավոք, դրական լուծում առայժմ չկա: Հասկանում եմ, հիմա շատերը կասեն, որ եթե հուշարձան կանգնեցնենք մեկին, ապա ուրիշներն էլ կդիմեն համանման խնդրանքներով: Միայն Երկրորդ հանրապետության ավելի քան 70-ամյա գոյության ընթացքում պաշտոնավարել է տասներեք վարչապետ, գրեթե նույնքան մարդ է փոխվել ներկայիս Երրորդ հանրապետությունում, թեպետեւՙ անհամեմատ կարճ ժամանակամիջոցում, բայց Հայաստանում ոչ մի անձնավորություն գերակշիռ մեծամասնության կողմից այդքան միանշանակ դրական չի ընկալվում: Հարկ է ասել, որ Բ. Մուրադյանի հետ շփված մարդկանց երեւի 99 տոկոսը անսահման հարգում ու սիրում էր նրան, իսկ մնացած 1 տոկոսը նույնիսկ նրանք էլ չէին, ում նա պատժել էր, ասենքՙ իր պաշտոնեական դիրքի բերումով հեռացրել էր աշխատանքից: Դրանք այն մարդիկ էին, որոնց համար Բ. Մուրադյանի բարձր օրինավորությունը եւ չափազանցված փափկանկատությունը վեր էին սեփական հասկացողության մակարդակից: «Բադալը ինչպե՞ս կարող էր ինչ-որ անհեթեթ մեղադրանքի պատճառով երեխայի պես խռովել եւ Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու դիմում տալ: Նա մարտիկ չէ, նա պարզապես անհեռատես մարդ է», ասում էին նրանք: Անկարելի է նրանց որեւէ բան ապացուցել, քանի որ բարոյական առումով նրանց եւ Բ. Մուրադյանի միջեւ սարեր կան: Նրանից բացի էլ ո՞վ կարող էր Մինիստրների խորհրդից հեռանալով, բայց դրանից հետո դեռ մի քանի տարի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր մնալով, սովորականի պես լիակատար նվիրումով հարազատ «Նաիրիտում» 4 տարի աշխատել... որպես տեխնիկական բաժնի պետի տեղակալ: Դա կարող էր անել միայն սրբակյաց մարդը, չնայած գրպանում կուստոմս ունենալուն:
1961-1966 թթ. աշխատելով որպես կուսակցության Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, ապաՙ հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ, Բադալ Մուրադյանը հանրապետության զարգացման մեջ կատարեց այնպիսի ներդրում, որը դժվար է գերագնահատել:
Այն ժամանակվա արժանավորագույն մարդուՙ Երեւանի քաղգործկոմի նախագահ Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյանի հետ Բադալ Մուրադյանը կառուցում էր ՋԷԿ-ը, «Հրազդան» մարզադաշտը, Նորքի զանգված տանող ճանապարհը, «Անի» հյուրանոցը, «Ռոսիա» կինոթատրոնը, թանգարաններ, չխոսելով արդեն բազմաթիվ բնակելի զանգվածների մասին: Երեւանցիների մեծամասնությունը հենց այդ ժամանակ սկսեց ապրել մեկուսացված բնակարաններում: Շինարարության այդպիսի թափ քաղաքը չի տեսել ոչ այդ մարդկանց գալուց առաջ, ոչ էլ նրանց աշխատանքը թողնելուց հետո: Մուրադյանն անսահմանորեն սիրում էր Հայաստանը, ինքը երկրի բարգավաճման ականատեսն էր, ուստի լիակատար հիմունքով կարող էր ասել. «Խորհրդային իշխանությունը ստեղծված է հենց Հայաստանի համար»: Ինչ վերաբերում է Գրիգոր Հասրաթյանի ճակատագրին, այն շատ տխուր էր, քանի որ այդ վառ, արտասովոր մարդուն աշխատանքից հանեցին 54 տարեկանում: Նրա ամբողջ մեղքը լոկ այն էր, որ ինքը շատ հանրաճանաչ էր. երեւանցիները շատ էին սիրում նրան:
Ռուսներն ունեն «հարազատամերժ Իվան» լավ արտահայտությունը: Բնավ չէինք ուզենա, որ մեր ամբողջ ժողովուրդը կամաց-կամաց դառնա այդպիսին:
Հայաստանի անկախացումից հետո մոդայիկ դարձավ խոսել արդի գործիչների մասին, իսկ հներին եթե վերհիշում ենք, ապաՙ միայն Առաջին հանրապետության կազմավորման ժամանակաշրջանում մարտնչած հերոսներին, ինչպիսիք են Անդրանիկը, Արամը, Նժդեհը, եւ ուրիշներ: Նրանց դերն ու վեհությունը անվիճելի են: Բայց ինչո՞ւ մեր պատմությունից դուրս է մնում Երկրորդ հանրապետությանՙ մարդկային պատկերացումներով հսկայական, ավելի քան 70-ամյա ժամանակաշրջանը: Մի՞թե ամեն ինչ այդքան վատ էր: Չէ որ մեր պապերը այն ժամանակ ընդունեցին թշվառ, արյունաքամ, սովյալ հանրապետությունՙ իրենից բնավ էլ ոչ լավագույն գյուղ ներկայացնող մայրաքաղաքով եւ 80-ականների կեսերին այն դարձրին զարգացած արդյունաբերությամբ, մշակույթով եւ արվեստով, գիտական ներուժով, համաշխարհային զարգացման մեջ մեծ ավանդ ներդրած ժամանակակից երկիրՙ պայծառ եւ անկրկնելի մայրաքաղաք Երեւանով: Մի՞թե դա մեր ժողովուրդը չի արել այնպիսի ղեկավարների հետ, ինչպիսիք են Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը, Գրիգոր Հարությունյանը, Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը: Նրանցից մի քանիսի, օրինակ, Գրիգոր Արտեմի Հարությունյանի մասին մենք շատ քիչ գիտենք: Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում ոչ մի փողոց կամ նույնիսկ նրբանցք չի կրում նրա անունը: Այնինչ հանրապետության ղեկավարը լինելով ամենածանր տարիներինՙ 1937-1953 թթ., նա անգնահատելի ավանդ ներդրեց դրա զարգացման մեջ, փակվելուց փրկեց Հայոց կաթողիկոսարանը, երբ փորձում էին Էջմիածնի վանքը վերածել սովորական թանգարանի:
Մեծն Ավետիք Իսահակյանը նրան Գրիշա Շինարար անվանեց շինարարության հակման համար:
Նա նույնիսկ չվախեցավ դեռ Ստալինի օրոք բարձրացնել Արցախի հարցը, չխոսելով արդեն հալածանքներից փրկված բազմաթիվ մարդկանց մասին: Նրա շրջապատի «երախտագիտության» արդյունքը դարձան արտաքսումը հանրապետությունից եւ հանկարծամահությունը Թբիլիսիում:
«Նաիրիտում» առավոտից մինչեւ ուշ երեկո ծանրաբեռնված աշխատելով, Մուրադյանը նաեւ գործարանի դիսպետչերներից պահանջում էր գիշերներն իրեն զանգահարել կոմբինատի ամեն մի վթարի դեպքում, ինչը նման բարդ արտադրությունում, ցավոք, հազվագյուտ երեւույթ չէր: Մարդը բառացի իմաստով աշխատում էր մինչեւ ուժասպառ լինելը: Ընկերները եւ ընտանիքը երկար դիմադրությունից հետո նրան ստիպեցին կոմբինատից (որտեղ նա վերստին տնօրեն էր) տեղափոխվել Պետպլան, որպեսզի նա ծանր հիվանդությունից հետո գոնե գիշերները քնի: 2015-ի հունվարին կլրանա Բ. Մուրադյանի 100-ամյակը: Իմ կարծիքով, արդեն այսօր պետք է հանձնաժողով ստեղծել այդ իրադարձության առիթով: Այդ տարեթիվը պետք է նշեն ոչ միայն նրա բարեկամներն ու մերձավորները, այլեւ ամբողջ Հայաստանը, որպեսզի չամաչենք: Մուրադյանն իր աշխատանքային գործունեությունն ավարտեց գլխավոր մասնագետի պաշտոնումՙ իմ աշխատանքային սեղանի մոտ, երբ ես արդեն հեռացել էի Պետպլանից: Տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ տեղեկություն չկա ոչ ինտերնետում, ոչ էլ ուրիշ աղբյուրներում: Պե՞տք է արդյոք ասել, որ այդ ժամանակ եւս նա, ինչպես միշտ, աշխատում էր խանդավառությամբ: Նրան հովանավորող Պետպլանի առաջին փոխնախագահ Մարատ Բագրատի Էդիլյանըՙ ամեն օր ընդմիջման պահին նրան այցելում էր համատեղ ճաշարան գնալու համար: Հակառակ դեպքում աշխատանքով կլանված Բ. Մուրադյանը հաստատ կմոռանար դա անել:
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Նկար 1. Ձախից աջ` Երեւանի քաղգործկոմի նախագահ Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյան, Հայաստանի կոմկուսի ԿԿ քարտուղար Գրիգոր Աղաֆոնի Արզումանյան եւ Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Հմայակի Մուրադյան: