«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2011-02-15 | #26, 2011-02-16 | #27, 2011-02-17


«ԱԶԳԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԾԱՌԱՅԵԼ ԱԶԳԻՆ

Օրաթերթը նշում է հիմնադրման 20-ամյա հոբելյանը

«Ազգ» օրաթերթը գրեթե նույն տարիքին է, ինչ մեր Երրորդ հանրապետությունը: 20 տարվա ընթացքում թերթը պահպանել է հավասարակշիռ կեցվածք եւ սկզբունքայնություն, փորձել է մնալ մեր կյանքի հակասական իրադարձությունների անաչառ ուղեկիցը, չի տրվել զգայացունց տեղեկատվություն հաղորդելու գայթակղությանը: 20 տարվա ընթացքում թերթը կարողացավ ամուր եւ հաստատուն տեղ գրավել հանդուրժողականությամբ, անաչառությամբ ու անկեղծությամբ, ինչի շնորհիվ էլ նվաճեց հավատարիմ ընթերցողների ստվար բանակ:

Արդեն մի քանի օր «Ազգ» օրաթերթի խմբագրությունը բազմաթիվ շնորհավորական զանգեր ու նամակներ է ստացել` գործընկերներից, մտավորականներից, պետական ու կուսակցական կառույցներից, քաղաքական գործիչներից, թերթի բարեկամներից:

Տոնական տրամադրություն, Աշոտ Սողոմոնյանի կենդանի կատարմամբ, հաճելի երաժշտություն, բաժակաճառեր, շնորհավորանքներ ու մաղթանքներ: «Ազգ» օրաթերթի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ երեկ Թեքեյան կենտրոնում բացվեց երգիծանկարիչներ Տոտոյի եւ Գեորգի Յարալյանիՙ տարբեր տարիներին օրաթերթում լույս տեսած երգիծանկարներից լավագույնների ցուցահանդեսը:

«Թերթը մեկ օրվա կյանք ունեցող թիթեռնիկ է: Ամեն օր ստեղծում ենք, թռցնում ու մտածում հաջորդ օրվա թիթեռնիկի մասին: «Ազգ» -ը 20 տարվա ընթացքում ձգտել է ցույց տալ մեր անկախ հանրապետության կյանքը: Օրաթերթի առանձնահատկություններից է նաեւ այն, որ առաջին օրվանից մեծ կարեւորություն ենք տվել երգիծանկարներին, որոնք խտացնում ու ավելի դիպուկ են ներկայացնում իրավիճակն ու մարդկանց», ասաց «Ազգ» օրաթերթի գլխ. խմբագիր Հակոբ Ավետիքյանը ` շնորհակալություն հայտնելով ընթերցողներին, որոնք անգամ ամենածանր պահերին թերթին հավատարիմ են մնացել: Խմբագիրը փաստում է, որ թերթի հաջողության լավագույն գրավականներից է, որ բազմաթիվ թեզերում ու մենագրություններում հաճախ կարելի է օգտագործված աղբյուրների ցանկում գտնել «Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ» արտահայտությունը:

Երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը (Տոտո) հիշում է, որ 1990-ին Ռուբեն Միրզախանյանն իրեն պատմեց, որ շուտով Հայաստանում անկախ թերթ է հրատարակվելու եւ կարող եմ այնտեղ ազատ ստեղծագործել: Բայց հաշվի առնելով այդ տարիների մթնոլորտըՙ մի փոքր կասկածեցի: Եթե որեւէ սուր ծաղրանկար էի ստեղծում, ապա այնՙ որպես կանոն, թերթերում չէր տպագրվում: Համաձայնեցի ու թերթի հրատարակումից հետո մի օր առավոտյան մի քանի ծաղրանկար բերեցի խմբագրություն` առանց հույս ունենալու, որ կտպագրվի: Մեծ եղավ զարմանքս, երբ հաջորդ օրվա համարում տեսա նկարները», պատմում է Տոտոն ու հավելում, որ «Ազգ»-ում տպագրված առաջին երգիծանկարն իր առանձնահատուկ տեղն է գտել ցուցահանդեսում:

«Երգիծանկարչությունը դժվար, բայց շատ հետաքրքրական գործ է: Ծաղրանկար ստեղծելու համար պետք է լինես նկարիչ, սակայն միայն դա բավարար չէ: Պետք է լինես ծաղրանկարիչ, սակայն դա էլ բավարար չէ, պետք է ունենալ քաղաքական միտք, որպեսզի ըմբռնես, ընկալես միտքը: Ծաղրանկարում պետք է գեղեցկություն լինի: Մեծ պատիվ է «Ազգ»-ում աշխատելը: Սիրում եմ «Ազգ»-ը, նրա ոճը, ազատությունը», պատմում է ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը:

Թե որն է իր ամենասիրելի ու առանձնահատուկ աշխատանքըՙ Յարալյանը դժվարանում է պատասխանել ու մեջբերում է հայտնի նկարիչներից մեկի խոսքերը: «Լավագույնն այն երգիծանկարն է, որ դեռ պետք է նկարեմ», ասում է նա ու շտապում խմբագրություն` հերթական երգիծանկարի վրա աշխատելու:

«Առաջին անկախ թերթն է, դրոշակակիրն է եղել, մենք հավատում էինք, որ կարող ենք ինչ-որ բան փոխել, ու որոշ բաներ ստացվեցին: Եղել են զանգեր, սպառնալիքներ, հնչել են կրակոցներ, ծեծ, բայց դա մեզ չէր վախեցնում, որովհետեւ սիրով ու հավատով էինք աշխատում: Չեմ ափսոսել, որ իմ կյանքը կապել եմ «Ազգ»-ի հետ: «Ազգ»-ը եզակի օրաթերթն է, որ հրաշալի կերպով անդրադառնում է մշակույթին: Անհնար է գնահատել «Ազգ»-ի դերը հատկապես արտաքին քաղաքականության լուսաբանման ոլորտում: Լինելով լուրջ թերթ, միշտ իր շուրջը համախմբել է խելացի լրագրողների: Պատահական չէ, որ թերթի լրագրողներից շատերը հանրապետությունում ճանաչված են, շատերը հետագայում իրենց թերթերը հիմնեցին, ոմանք նշանակվեցին դեսպաններ», պատմում է Տոտոն:

Ամալյա Գեւորգյանը «Ազգ» օրաթերթի ամենահավատարիմ ընթերցողներից է: Արդեն 20 տարի տիկին Ամալյայի առավոտը սկսվում է «Ազգ» կարդալով:

«20 տարի առաջ հենց այս օրը որդիս բերեց օրաթերթի առաջին համարը: Ես ու մեր հիմնարկի աշխատակիցները ոգեւորված թերթում էինք էջերն ու հոդվածները բարձրաձայն կարդում: Այդ ժամանակ տնօրենս մոտեցավ, ու հարցրեց. «Ի՞նչ է պատահել»: Ասացիՙ «Ազգ» օրաթերթն է լույս տեսել: «Որդի՞դ է խմբագիրը», հետաքրքրվեց նա: «Չէ, որդիս չէ, բայց գլխավորն այն է, որ «Ազգ» օրաթերթն է լույս տեսել», հիշում է տիկին Ամալյան:

Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության վարչության անդամ Սուրեն Սարգսյանն էլ փաստում է, որ «Ազգ»-ը մերօրյա հայ մամուլի ամենահավասարակշռված թերթերից է, որ անկախ քաղաքական վայրիվերումներիցՙ իր ուղիղ ու ճիշտ ընթացքից չշեղվեց: «Միակ մաղթանքս է, որ դեռ երկար ժամանակ «Ազգ»-ը շարունակի ծառայել ազգին», ասաց նա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4