«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2011-02-15 | #26, 2011-02-16 | #27, 2011-02-17


«ՀԱՇՏԵՑՈՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ»

ԳԴՀ արտգործնախարարությունը ֆինանսավորում է հայ-թուրք հասարակությունների կամրջումը

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

2009-ի օգոստոսից dvv unternational (Գերմանական ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ) կազմակերպության Բոննի գրասենյակը ծրագրեր է իրականացնում թուրք-հայկական հաշտեցման ուղղությամբ, համագործակցելով Երեւանի եւ Թուրքիայի իրենց գրասենյակների հետ: Հիշյալ կազմակերպության հրավերով հայ եւ թուրք 25 երիտասարդների մի խումբ թուրք-հայկական հաշտեցման ծրագրի շրջանակներում այցելել է Բեռլին, ԳԴՀ արտգործնախարարություն: Նախարարության փետրվարի 10-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հանձնակատար Պատրիցիա Հիլդեգարդ Ֆլորի հետ ծրագրի մասնակիցները բանավեճ են ծավալել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական հաշտեցման գործընթացի վերաբերյալ: Զրույցը թուրք-հայկական հաշտեցման մասին մտածելու խթան է դարձել:

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացրել գերմանացիներիՙ իրենց անցյալը հաղթահարելու պատմությունը: Զրույցի ընթացքում Ֆլորը խոսել է ազգային եւ միջազգային հաշտեցման դժվարությունների մասին: Ազգային ինքնություն ունեցող երկրների համար, որոնք ամբողջովին ու լիովին կառուցված են որոշակի գաղափարախոսության հիման վրա, հաշտեցումը չափազանց դժվար ընթացք է ունենում: Վերջիվերջո պետք է սեփական պատմությունն ընդունել եւ հայացքն ուղղել ապագային:

«Հաշտեցում հիշողության միջոցով» ծրագրի նպատակներից մեկն այն է, որ գաղափարներն ու հաշտեցման նախագծերը փոխանցվեն պատմության միջոցով, տեղական հաստատություններն ու նախաձեռնությունները դրանք վստահելի դարձնեն եւ փորձի փոխանակում ապահովեն: Եվրոպական հաշտեցման օրինակը եւ Գերմանիայիՙ սեփական անցյալի հետ հարաբերումը թուրք-հայկական հաշտեցման համար նոր ազդակներ են հաղորդում:

Հայ-թուրքական հակամարտությունը վաղեմի պատմություն ունի: Դրան ավելանում է ԼՂ խնդրով Ադրբեջանի հետ պատերազմը եւ Թուրքիայիՙ այդ երկրին «եղբայրակից» լինելու հանգամանքը, ինչը հակամարտության սցենարն առավել հագեցած է դարձնում: Հիշյալ իրադարձությունները ոչ միայն քաղաքական առումով են թշնամական իրադրություն ստեղծել, այլեւ հասարակությունների միջեւ խոր բաժանում մտցրել: Երկու հասարակությունները միմյանց կամրջելու նպատակ ունեցող «Հաշտեցում հիշողության միջոցով» ծրագիրը Հայաստանից եւ Թուրքիայից 18-24 տարեկան 25 երիտասարդների առաջնորդում է մեծահասակների կրթության, միջմշակութային փոխանակման, բանավոր պատմությունների հետազոտության միջոցով քանդել կարծրատիպերը, կրճատել երկկողմանի նախապաշարումները եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին միմյանց կապել: «Բանավոր պատմությունը» հասարակ մարդկանց կենսափորձի եւ հիշողության վրա հիմնվածՙ Հայաստանում եւ Թուրքիայում վերջերս տարածում գտած հետազոտական մի մեթոդ է:

2009-ից dvv unternational կազմակերպությունը սերտ համագործակցում է տեղական գործընկերներիՙ Թուրքիայում մշակույթի եւ արվեստի ոլորտում գործող Anadolu Kultur եւ Հայաստանում «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի հետ: Արտգործնախարարություն այցին զուգահեռ ծրագրի մասնակիցները եղել են Բունդեսթագում, Հրեական թանգարանում, Զաքսենհաուզեն հիշատակի վայրում: Ծրագիրը ֆինանսավորում է ԳԴՀ արտգործնախարարությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4