Եթե ուշադիր հայացքով ուսումնասիրենք, թե ի՞նչ է կատարվում այս օրերին Ադրբեջանում, ապա կգտնենք մի շարք նույնականություններ այն նույն Ադրբեջանի հետ, որը ջանասիրաբար դեմ էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը: Գաղտնիք չէ, որ վերջինս առաջին հերթին տնտեսական հնարավորությունների լայն շրջանակ կբացեր շրջափակված Հայաստանի համար, գրեթե նույնպիսի շրջանակներ, ինչպիսիք կարող են բացվել, եթե իրականություն դառնան հայ-իրանական նախանշված տնտեսական ծրագրերը: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ այսօր Բաքվում հատկապես «պարսիկներն ու ռուսներն» են համարվում Ադրբեջանի թշնամիներ, անշուշտ հայերիս հետ, քանի որ անկախությունից ի վեր Ադրբեջանը կիրառել է իրեն հասանելի բոլոր լծակներըՙ հատկապես տնտեսական առումով մեկուսացնելու Հայաստանին ու ըստ այդմ զիջումներ կորզելու ղարաբաղյան հարցում:
Հետեւաբար այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջան-Իրան հարաբերություններում, ընդ որում` ամենատարբեր մակարդակի, վկայում է, որ տարածաշրջանում Բաքուն ձեռք է բերում մի նոր մրցակից, եթե ոչ հակառակորդ, որը, սակայն, ամենեւին էլ այն երկիրը չէ, որը տուրք կտա ադրբեջանական ինչ-ինչ ճնշումների: Այս թեմայով երեկ «Հենարան» մամուլի ակումբում ասուլիս էին հրավիրել իրանագետ Մհեր Բաղդասարյանն ու ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը : Իրանագետ Բաղդասարյանի մեկնաբանմամբՙ Բաքվում հակաիրանական հիստերիան կարող է նաեւ հետեւանք լինել «դրսի ուժերի թելադրանքի», որոնք, ըստ իրանագետի, օգտագործելով ադրբեջանական ռեսուրսները, փորձում են ինչ-որ բաների հասնել Իրանում: «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ադրբեջան-Իրան խնդիրները երկար պատմություն ունեն եւ միայն հիմա է, որ այսքան բարձր մակարդակով բարձրաձայնվում են: Մասնավորապես Բաքուն «խանդում» է, որ Իրանում առկա 150-հազարանոց հայկական համայնքը ունի մի շարք լիազորություններ, իսկ այդ երկրում ապրող 350 հազար «տոհմիկ ադրբեջանցիները» այդպիսիք չունեն:
Սակայն Ադրբեջանում մոռանում են, որ Իրանում չկան, ըստ էության, ազգային փոքրամասնություններ, այնտեղ կան կրոնական փոքրամասնություններ, որոնցից մեկը հենց հայկականն է, իսկ նույն շիա իսլամական «ադրբեջանցիներին», բնականաբար, ամենեւին էլ կարիք չկա տալու կրոնական փոքրամասնության արտոնություններ», ընդգծեց Բաղդասարյանը` հավելելով, որ, ստացվում է` Իրանում, ըստ էության, չկա «ադրբեջանցիների խնդիր»: Ավելին` Ջամալյանը նկատեց, որ Իրանի հյուսիսում ապրող ազերիներին ամենեւին էլ չեն հետաքրքրում Ադրբեջան-պետության շահերը, իսկ «մի քանի հարյուր հոգու բողոքի ցույցերը պարզապես կազմակերպվում եւ իրականացվում են ադրբեջանական կենտրոնական իշխանությունների ոչ պաշտոնական հովանավորությամբ»:
Հատկանշական է նաեւ, որ որպես Ադրբեջանում հակաիրանական հիստերիայի հիմնավոր պատճառ կարելի է նշել նաեւ ղարաբաղյան հիմնահարցում Իրանի ունեցած դիրքորոշումը: Վերջինը, հաշվի առնելով, որ զույգ թուրքական պետությունների մերձեցումն ու առհասարակ տարածաշրջանում թուրքական գործոնի մեծացումը ամենեւին էլ ձեռնտու չեն Թեհրանին, բավական հետաքրքական կարող է լինել: Այսպես, ըստ իրանագետ Բաղդասարյանի` Իրանը մեր տարածաշրջանում միակ երկիրն է, որին միանգամայն ձեռնտու է ղարաբաղյան ներկա իրավիճակը, ավելին` Արցախի Հանրապետության անկախության հռչակումը, քանի որ. «Առաջին` անկախ ԼՂՀ-ն կվկայի Ադրբեջանի դիվանագիտական պարտությունը, ինչը կարող է հանգեցնել այդ երկրում իշխանափոխության, որից էլ օգտվելովՙ Իրանը կարող է ձեռնարկել Ադրբեջանը իսլամական երկիր դարձնելու գործընթաց:
Երկրորդ` ինչպես եւ Հայաստանը, Իրանը նույնպես գտնվում է շրջափակման մեջ ու ի դեմս հայկական երկու պետությունների ձեռք կբերի հաղորդակցման, տնտեսական ծրագրեր իրականացնելու հուսալի ուղիներ եւ երրորդ` ԼՂՀ-ն կարող է նախադեպ լինել Թեհրանի համար, որպեսզի պահանջի նաեւ Ադրբեջանում ապրող թալիշներին առնվազն ինքնավարություն տրամադրել», նկատեց Բաղդասարյանը: Ընդ որում, հետաքրքական է, որ ըստ իրանագետի, «առանց ատոմի» կայուն Իրանը նպաստավոր գործոն է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արեւմուտքի համար` զսպելու ոչ ցանկալի «թուրքական միասնությունները», այդ թվում` Իրանի հյուսիսը ներառող «միացյալ Ադրբեջանը» նախագիծը, որը այս օրերին լայնորեն քննարկվում է ադրբեջանական մամուլում:
Այս համատեքստում ամենեւին էլ պատահական չեն հնչում Ադրբեջանում որոշ` «հակաիլհամիստների» ահազանգերը, որ հակաիրանական արշավ ծավալելով Բաքուն սխալ ճանապարհ է ընտրել, քանի որ Թեհրանը երբեք հաշվի չի նստել անգամ ամերիկյան ճնշումների հետ, իսկ տվյալ պարագայում` էլ ավելի կսերտացնի հարաբերությունները Երեւանի հետ:
Ի դեպ, օրեր առաջ Բաքվում էր Իրանի Սահմանային ոստիկանության ղեկավար, գեներալ Հուսեյին Զուլֆուգարին, որը իր ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը» , քննարկել է «երկկողմ սահմանային գոտու վերաբերյալ դժվարին հարցեր»: Թե ինչի հանգեցրեց այդ «դժվարին հարցերի քննարկումը», կարելի է եզրակացնել, թերեւս, երեկ իրանական լրատվամիջոցների հաղորդագրություններից` «Իրանը խստացնում է ռեժիմը Ադրբեջանի հետ ունեցած սահմանի հատվածում»:
Հ. ԱՖՅԱՆ