«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2011-02-16 | #27, 2011-02-17 | #28, 2011-02-18


ԱՄՆ-ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՅԻ» 74 ԱՆԴԱՄ

ԱՄՆ իրավապահ մարմինները լայնածավալ հատուկ գործողություն են իրականացրել առավելապես հայաստանցիներից կազմված հանցավոր խմբավորման դեմ: «Լոս Անջելես թայմս» թերթի տվյալներովՙ ձերբակալվել են «Հայկական ուժ» (Armenian Power) էթնիկական խմբավորման 74 անդամներ: Արդարադատության նախարարության մամլո տեղեկագրում խոսվում է 80 ձերբակալվածների մասին:

Փետրվարի 16-ին իրականացված գործողությանը մասնակցել են ոստիկանության եւ ՀԴԲ-ի հազարից ավելի աշխատակիցներ:

Ենթադրյալ մաֆիականների մեծ մասը կալանավորվել է Կալիֆոռնիայում: Ձերբակալություններ են կատարվել նաեւ Մայամիում, Դենվերում եւ այլուր: Ընդհանուր առմամբ կարգադրված է ձերբակալել 102 անձանց: Մոտ երկու տասնյակ ամբաստանյալներ դեռ ազատության մեջ են:

Գործողությունն իրականացվել է Կալիֆոռնիայի քաղաքներից մեկում բանկային մեքենայությունների երկամյա քննությունից հետո: Հանցագործները 99 Cent Only սուպերմարկետների ցանցում փոխել էին վարկային քարտերի հաշվարկման սարքերը, իմացել քարտատերերի անձնական տվյալները, որոնց հիման վրա պատրաստել էին կեղծ քարտեր:

Պարզվել էր, որ այդ սխեման մշակել է հայկական մաֆիական խմբավորումը: Մաֆիականներից ոմանք մեղադրվում են նաեւ առեւանգման, շորթումների, հարձակումների, թմրանյութերի տարածման եւ ահաբեկման մեջ: Բայց մեծամասնության հանցանքը ֆինանսական մեքենայություններն են:

«Հայկական ուժը» Լոս Անջելեսում ձեւավորվել է 1980-ականներին: ԽՍՀՄ-ից ԱՄՆ տեղափոխված հայաստանցիները միավորվեցին լատինամերիկյան ազդեցիկ ելուզակախմբերին հակահարված տալու նպատակով (Տարիներ առաջ «Ազգ»ը գրել է նրանց մասին): Փետրվարի 16-ի ձերբակալություններից առաջ «Հայկական ուժը» ուներ մոտ 200 անդամ: Կենտրոնը Լոս Անջելեսի հայաշատ արվարձան Գլենդեյլն է:

Ասոշիեյթեդ պրես գործակալությունը նշում է, որ հայ մաֆիականները սերտ կապեր ունեին մեքսիկական «Լա Էմե» բանտային խմբավորման հետ, որը համարվում է Կալիֆոռնիայի ամենահզոր ելուզակախմբերից մեկը: «Հայկական ուժը» կապեր է ունեցել նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի ազդեցիկ «օրենքով գողերի» հետ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4