«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2011-02-16 | #27, 2011-02-17 | #28, 2011-02-18


Stop, ԳԵՈՐԳԻ ՎԱՆՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ...

Վահրամ Պետրոսյանի ասուլիսին ներկա չեմ գտնվել: Հստակ մշակութային գիծ ունեցող «Ազգը» արժանի չհամարեց թերթի անգամ շատ փոքր հատված, թեկուզ քննադատության համար, տրամադրել ինքնահավան, հեռուստաեթերը կատարյալ աղբով լցրած, կլկլոցի, անճաշակության ու ռաբիսի վարպետներ Արման Հովհաննիսյանի, Արմենչիկի ու շոուբիզնեսում առկա մի շարք «չիկերի», «ունցի»-ների, գարուշոների, գուգուշիկների համար երգեր գրող Վահրամ Պետրոսյանին, որ մի քանի անգամ հայտարարել է, որ իր երգերով ազգի ճաշակը բարձրացնելու խնդիր չունի: «Ես փող եմ աշխատում ու լավ էլ ապրում եմ, ազգի ճաշակ բարձրացնելու նպատակ չունեմ»:

Սակայն «Ուրբաթ» ակումբում նրա սիրո խոստովանությունըՙ ադրբեջանական եւ թուրքական երաժշտությանը, ստիպեց մեզ անդրադառնալ նրան: Հասկացանք, միշտ չէ, որ արհամարհանքը լավագույն զենքն է: Երբեմն պետք է մարդկանց մատնանշել իրենց իրական տեղն ու դերը հասարակության մեջ, մատնացույց անել տգիտությունն ու անգրագիտությունը: Համոզված եմ` Վահրամ Պետրոսյանի երկրպագուները հիմանականում 12-15 տարեկան աղջիկներն են, որ մի քանի տարի անց ամաչում են խոստովանել, որ տարիներ առաջ երաժշտական այնպիսի ցածր ճաշակ են ունեցել, որ ստիպել են իրենց ականջներին լսել պետրոսյանական երգերը:

«Ես շատ եմ ուզում, որ մեր երգերի մեջ լինեն թուրքական էլեմենտներ», «Ես ամեն ինչ կանեմ, որ հայկական եւ ադրբեջանական երաժշտությունների միքսերը կատարվեն, ու շատերը առիթ կունենան իրենց ականջները փակելու», «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, նշանակում է, որ իմ էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն, եւ իմ բոլոր ընկերները, ես չունեմ էնպիսի ընկեր, որ չսիրի ադրբեջանական երաժշտություն: Նշանակում է, նրանց էության մեջ էլ կա ադրբեջանական երաժշտություն»: Սրանք բառացի մեջբերումներ են:

«Երգահանը» չի թաքցնում, որ իր երգերում հնչում է ադրբեջանական, թուրքական երաժշտություն, ավելինՙ նա դրանից վատ չի զգում: Պետրոսյանի նման սահմանափակ մտածողը չգիտի, թե որն է հայկական երաժշտությունը, ու հարցին հարցով է պատասխանում. «Իսկ ո՞րն է հայկական երաժշտությունը»: Ավելին, նրա մեկնաբանությամբ, Սայաթ-Նովան ադրբեջանական երաժշտություն է գրում: Նա անգամ փաստերի է հանդիպել, որ Սայաթ-Նովան ադրբեջանցի է: Երգահանի տգիտությունը հասնում է նրան, որ նա հարց է տալիս` «Ո՞րն է Կոմիտասի երաժշտությունը»: Զարմանալի չէ, որ նրա նման «վարպետը» չէր կարող իմանալ ու ընկալել կոմիտասյան երաժշտությունը: Պետրոսյանը դժվարացել է հասկանալ նաեւ Առնո Բաբաջանյանին: Մերօրյա «Արամ Խաչատրյանը» հստակ գնահատական է տվել. «Առնո Բաբաջանյանի երգերը հայկական չեն, դրա մեջ սովետական ջազի էլեմենտներ են»:

«Փոքրիկ տաղանդը» չի խնայել անգամ Արթուր Մեսչյանին: «Արթուր Մեսչյանը մարդ ա, որ չի կարա իմ համար լինի լավ արվեստագետ: Նա արհամարհանքով է խոսում նոր երգիչների մասին: Ես կարամ իրոնիկ ձեւով արտահայտվեմ Մեսչյանի մասին, որը մնացել է կաղապարված «Ո՞ւր է իմ աստված»-ի մեջ ու չի ընդունում Արման Հովհաննիսյանին: Ուզած-չուզած պետք է ընդունեք Արման Հովհաննիսյանին էլ, Արմենչիկին»: Բա ինչ պետք է անի հեռուստադիտողը, երբ եթերը օրական 24 ժամ լցված է քուլա-քուլաներով, նվնվոցներով ու տաշի-տմբլիով:

Պետրոսյանին նման «բարձր ռեյտինգ ունեցող», «սեփական փառքից» արդեն աստղային հիվանդությամբ տառապող «երգահանին» զարմացնում է, որ մարդիկ ազգապահպան դեմքի արտահայտությամբ են խոսում թուրքական երաժշտության մասին: Երեւի նրա համար հասկանալի չէ ազգ, ազգապահպանություն ու այս կարգի այլ բառերի նշանակությունը:

Ցավալին այն է, որ Վահրամ Պետրոսյանը միակը չէ: Նրա նմանները շատ են: Ուղղակի ժամանակն է եկել բարձաձայն ասելու` Stop, Գեորգի Վանյան, Վահրամ Պետրոսյան, Լիլիթ Հովհաննիսյան, Արմենչիկ, Արման Հովհաննիսյան, RP ու էլի շատերը: մի խնդրանք ձեզ` լավություն արեք, մի՛ երգեք: Կամ ուրիշ տեղ երգեք:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4