Երեկ, երբ իրանական Թավրիզ քաղաք ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին մի քանի հարյուր թավրիզցիներ դիմավորեցին` «Կեցցե Թուրքիան եւ Ադրբեջանը» ցուցապաստառներով, իսկ Իրան-Ադրբեջան հարաբերություններն էլ կարելի է որակել սրված, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Երեւան ժամանած Իրանի նախագահի հատուկ բանագնաց Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` «Նախագահ Սարգսյանն ու Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին ընդգծել են երկու հարեւան պետությունների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների շարունակման կարեւորությունը, որոնք պետք է լինեն բարիդրացիության եւ փոխադարձ վստահության մթնոլորտում:
Զրուցակիցները անդրադարձել են նաեւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների նախագահների միջեւ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին: Կոնկրետ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը: Հայաստանի նախագահն ու Իրանի նախագահի հատուկ բանագնացը զրուցել են նաեւ տարածաշրջանային խնդիրներից»:
Հ. Ա.