«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2011-02-16 | #27, 2011-02-17 | #28, 2011-02-18


ԲՐԱՅԶԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԴԵՐՈՒՄ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸՙ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ»

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել մարտի 5-ին Սոչիում: Այս մասին, ըստ «Թրենդ» գործակալության, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերին իր հավատարմագրերը հանձնելուց հետո:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կարող էր լինել Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում նախատեսված քննարկումը, որը տեղի չունեցավ, քանի որ Ադրբեջանի նախագահն արագ ու անխոս «դիմեց փախուստի»` հնգակողմ հայտարարություն ստորագրելուց անմիջապես հետո: Ուստի նախագահների մակարդակով կայացած վերջին հանդիպումը մնաց Աստրախանի` ՌԴ նախագահի մասնակցությամբ անցկացված քննարկումը:

«Իմ ներկայիս պաշտոնում ամեն ինչ կանեմ, որ օգնեմ համանախագահներին բանակցություններում: Հիմնական նպատակը երկկողմ փոխզիջումների հիման վրա երկարաժամկետ խաղաղության հասնելն է», ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը:

Բրայզայի խոսքերով, ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերից ոչ մեկն ավելի կարեւոր չէ, քան ղարաբաղյանը: ԱՄՆ դեսպանը վստահություն է հայտնել, թե «գոյություն չունի ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական ճանապարհ»: Բրայզան իրեն հատուկ «պարզամտությամբ» տեղեկացրել է, որ հենց դա էլ համանախագահների խնդիրն է, այսինքն` անել այնպես, որ հակամարտության ռազմական ելքը չօգտագործվի:

Որ որպես ԱՄՆ դեսպան Բրայզան շահագրգռված է իր նպաստը բերելու հակամարտության կարգավորմանը, կարելի է ընդունելի համարել, սակայն Բրայզայի վարքագիծը որպես «համանախագահի» թերեւս հարց պետք է առաջացնի հենց նրա գործընկերոջ համար:

Ամեն դեպքում, տրամադրած տեղեկություններին զուգահեռ առավել, հետաքրքրական է, որ Բրայզան անդրադարձել է նաեւ իր նշանակմանը, նշելով, թե ԱՄՆ-ի նախագահի կողմից «դեսպանին ինքնուրույն նշանակելը խոսում է ԱՄՆ-ի համար Ադրբեջանի մեծ նշանակության մասին»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4