Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը սպառողներին զգուշացնում է, որ Հայաստան ներկրված պարսկական, բուլղարական ու ռուսական ձվերի մեջ կան հին ու ժամկետանց ձվեր: Երեկ «Արմատ» ակումբում Մ. Հակոբյանը տեղեկացրեց, որ ժամկետանց ձվերից եղել են թունավորման դեպքեր, ինչի վերաբերյալ Սպառողների ասոցիացիան զանգեր է ստացել: Ներկրված ձվերի մեջ, ըստ Մելիտա Հակոբյանի, կան այնպիսիները, որոնք արտադրված են անցյալ տարվա սեպտեմբերին ու նոյեմբերին, եւ հիմա դրված են վաճառքում: Մ. Հակոբյանը կարծում է, որ ձու ներկրելու կարիք չկա. «Դա խեղդում է մեր տնտեսությունը»: Տարբեր հիվանդությունների երտասարդացումն ու հիվանդների թվի ավելանալը բանախոսը պայմանավորում է նաեւ անորակ մթերքներով. «Ժամանակին թուրքական թերթերը գրում էին` Հայաստանն անորակ ապրանքների համար խոպան է»: Տիկին Հակոբյանի խոսքով` տեղական արտադրողներն ասում են, որ մեզանում արտադրվում է այնքան քանակությամբ ձու, որ կարող է բավականացնել մեր ազգաբնակչությանը. «Ու մենք ներկրման կարիք չունենք»:
Մյուս բանախոսը` վերոնշյալ ասոցիացիայի մարկետինգի ու մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը, հավելեց, որ ներկրված ձուն չի կարող լինել նույնքան որակյալ, որքան այստեղ արտադրվածը, հնարավոր չէ, որ այլ երկրից Հայաստան հասնի թարմ, դիետիկ ձու, որովհետեւ դրա ժամկետն ընդամենը 3 օր է: Այսինքն` մինչեւ դիետիկ ձուն հասնում է Հայաստան, ժամկետն անցնում է: Ըստ Ֆրունզե Հայթյանիՙ որոշ արտադրողներ էլ այստեղ ձու արտադրելու փոխարեն որոշեցին ներկրել, ինչն ավելի շահավետ է. «1 ձու ներկրելու համար ծախսվում է 37 դրամ, խանութին ներկրողը տալիս է 47 դրամով, իսկ տեղում արտադրելն ավելի թանկ է նստում»:
Թեեւ Սպառողների ազգային ասոցիացիայի դիտարկումները հեռու չեն իրականությունից, բայց բանախոսները երեկ պաշտպանում էին ոչ թե սպառողների շահերը, այլ շարունակ հանդես գալիս ի պաշտպանություն տեղական արտադրողների: Եթե Սպառողների ասոցիացիան այդքան շատ է մտածում ազգաբնակչության մասին, թո՛ղ տեղեկացնի, թե ո՞ր սուպերմարկետներում կամ խանութներում են հայտնաբերել ժամկետանց ձվեր: Մելիտա Հակոբյանը ո՛չ անուն է ասում, ո՛չ հասցե: Լրագրողների համար էլ շատ «անաչառ» պատասխան է գտել. «Այսօր պետական կառույցներն են վախենում անուններ տալուց, մենք ինչի՞ ասենք, մենք մեզ հարվածե՞նք»: Սրա վերաբերյալ միակ տվյալը, որը նշեց Մելիտա Հակոբյանը, այն էր, թե ժամկետանց ձու հայտնաբերել են Աբովյան քաղաքում` «Օրիոն» ընկերության խանութում, բայց ընկերության ո՞ր խանութում, ո՞ր հասցեում, բանախոսները ոչինչ չեն ասում: Շարունակ նման մոտեցում ցույց տալով` Սպառողների ազգային ասոցիացիան կորցնում է սպառողների վստահությունը:
Ի. Պ.