«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2011-02-17 | #28, 2011-02-18 | #29, 2011-02-19


«ԼԻՆՍԻԻ» ՓԱԿՄԱՆ ՉԱՐԱՇԱՀԱՐԿՈՒՄԸ

Վերջին օրերին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ իրենց հատուկ նպատակներով ձեռնամուխ են եղել յուրովի մեկնաբանելու ազգային բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» բարեգործական հիմնադրամի գործունեությունը դադարեցնելու եւ մնացած ակտիվները (շուրջ 200 մլն դոլար) UCLA համալսարանին հատկացնելու որոշումը: Ի չգոյե պաշտոնական որեւէ հաղորդագրությանՙ հիմնվելով միայն «Լոս Անջելես թայմսի» տեղեկատվության վրա, նման մեկնաբանություններով հանդես գալու շուտիկությունը ոչ ոքի չի կարող զարմացնել: Ընդդիմությունը, մանավանդ մեր ընդդիմությունը, պիտի՛ օգտագործի յուրաքանչյուր առիթ իր թիրախինՙ իշխանությանը խփելու համար: Այս պարագայում, քարոզչական իմաստով ճիշտ է վարվում նաՙ եւս մեկ «ապացույց» բերում ընդգծելու համար իշխանական համակարգի կոռումպացվածությունը, եւս մեկ անգամ ցույց տալու, թե ահա՛, նույնիսկ ազգային բարերարը դադարեցրեց իր մեծագումար նվիրատվությունները, քանի որ այս իշխանությունները ոչ միայն կոռումպացված են, այլեւ անվստահելի:

Սակայն, ժամանակակից աշխարհում քարոզչական տեխնոլոգիաների օգտագործումը ենթադրում է կատարյալ տիրապետում տվյալ... տեխնոլոգիաներին, որն առաջին հերթին ենթադրում է անսայթաք տիրապետում քարոզչական գործիքին եւ կատարյալ ճշգրտություն:

Չեմ ցանկանում է երկար խոսել հոդվածագիրներից ոմանց կատարյալ անգիտության մասինՙ այս թեմային անդրադառնալիս: Նրանցից ոմանք չգիտեն անգամ ճիշտ անունը խնդրո առարկա հիմնադրամի, նրանց համար դա «Լինս» է ընդամենը: Նրանք անտեսում են անգամ այն փաստը, որ «Լինսին» միայն Հայաստանի համար ստեղծված չէ. դրանից օգտվում են նաեւ Մ. Նահանգների հայկական եւ ոչ հայկական կրթամշակութային հիմնարկները, սփյուռքի այլ գաղթօջախների համապատասխան հաստատությունները: Դեռ թարմ է, ընդամենը երկու տարի առաջ, լիբանանահայ ուսուցիչների կենսաթոշակի ֆոնդին եւ ընդհանրապես կրթօջախներին «Լինսիի» նվիրաբերած 4,5 մլն դոլարի նախախնամական օգնության թողած տպավորությունը:

Տարօրինակորեն, քարոզչական տեխնոլոգիաներին, գոնե այս պարագայում, չի տիրապետում նաեւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգողը, որ, ինչքան ինձ է հայտնի, բարձր կրթություն է ստացել Մ. Նահանգներում: Նա խնդրին չի տիրապետումՙ առնվազն տրամաբանության տեսակետից: ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում ունեցած իր ելույթում նա էլ չի դիմացել փորձությանը եւ «Լինսիի» փակումը պատճառաբանել է ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ, ի շարս ամերիկյան տարբեր կազմակերպությունների, Քըրք Քըրքորյանի տածած անվստահությամբ, առանց անդրադառնալու իր տրամաբանության սխալին: Առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանին պրն Ք. Քըրքորյանը բացի «Հայաստան» հիմնադրամի հանգանակությունները կրկնապատկելուց ինձ հայտնի որեւէ օգնություն չի տրամադրել Հայաստանին: Անվստահությո՞ւնն էր պատճառը, կամ կոռումպացվածությո՞ւնը: Ավելին. բարերարը Հայաստանին տրամադրած իր օգնությունների առյուծի բաժինը հատկացրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Վստահությո՞ւնն էր պատճառը, կամ կոռումպացված չլինե՞լը նրա իշխանության...

Անշուշտ, ցավալի է, մտահոգիչ «Լինսիի» փակումը մեզ համար: Ողջ հայ ժողովրդի համար, Հայաստանում թե Սփյուռքում: Բուն պատճառն իմանալու համար սպասենք պաշտոնական որեւէ հաղորդագրության կամ բացատրության: Մինչ այդ մխիթարվենք այն փաստով, որ «Լինսին» շարունակելու է ֆինանսավորել Հայաստանում դպրոցաշինության իր 10 մլն դոլար արժողությամբ ծրագիրը:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4