Երեւանի «Փարիզյան սուրճ» սրճարանը ոչ միայն հավաքատեղի է, այլեւ հետխորհրդային Հայաստանի պատմության յուրատեսակ ամփոփում: Դա նաեւ հակասություններով լի մեծ սիրո պատմություն է: Աբովյան փողոցի թիվ 26-ում գտնվող այդ հաստատության հիմնադիր Վալերիա Գործունյանը մեծ ջանքերի գնով պահպանում է սրճարանի գոյությունը:
2010-ի ամռանը հաճախորդներին մտահոգում էր այն հարցը, թե սրճարանը չի՞ փակվելու արդյոք վերջնականապես: «Կփակվի, եթե հարկային ահաբեկչությունը շարունակի համառորեն ինձ հետապնդել», զայրացած դժգոհում էր տիկին Վալերիա Գործունյանը: Նրա շիտակ, փոքր-ինչ հանդուգն խոսելաձեւը, որը ոմանց դուր չի գալիս, համապատասխանում է իր ֆրանսիական փայլին: Ասում են, նրա անսասան բնավորությունը երբեմն զայրացնում է ֆինանսների նախարարին:
Ֆրանսիայում ծնված Վալերիան մանկությունն անցկացրել է Կամերունում, որտեղ հայրը զբաղվում էր սուրճի առեւտրով: Երկու տասնամյակ անց Վալերիան Հայ դատի պաշտպանների շարքերում էր, ASALA-ի միջավայրից ոչ հեռու: Պարմանուհի էր, երբ առաջին այցելությունը կատարեց Խորհրդային Հայաստան:
«Ես մի բացառիկ խմբում էի: Պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանն ուզում էր «Ինտուրիստի» ավտոբուսների փոխարեն երթեւեկել անպայման հասարակական փոխադրամիջոցներով: Ծանոթացա Զավեն Եկավյանի հետ, որը Փարիզից Հայաստան էր եկել բանասիրություն ուսանելու: Երբեք չեմ մոռանա այն ծեր պարոնին, որը օդանավից իջնելուն պես համբուրեց հայրենի հողը: Նրա դեմքը ինձ հիշեցնում էր Գուրգեն Յանիկյանին: Գուցեեւ նա էր, չգիտեմ», պատմում է Վալերիան:
«Փարիզյան սուրճի» պատմությունը նման է եզակի ռոմանսի, անվերապահ եւ կայուն, բայց նաեւ ցավագին սիրո, որով ֆրանսահայ տիկինը կապված է հակասություններով լի Հայաստանին:
Վալերիայի առաջին ամուսինը կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդին էր: Երեւանում հաստատվելու եկած ջահել կինը երեքուկես տարի մնում է Մոսկվայում, սովորում ռուսերեն: «Առաջին ամուսնուս շնորհիվ ընտելացա խորհրդահայ մշակույթին, սկեսրայրիցս սովորեցի երաժշտություն: Զավակներիս հայրը ինձ մտցրեց լիբանանահայ միջավայր: Իսկ երրորդ ամուսինս ինձ օգնեց ավելի լավ ճանաչել մերօրյա Հայաստանը»: Սակայն ամուսնական կյանքում Վալերիան չգտավ իր հոր գնահատած մարդասիրությունը, պաշտպանությունը եւ պարզությունը: «Ես անչափ կարեւորում եմ հորիցս ժառանգած էթիկան, բայց այդ արժեքները չգտա իմ երեք ամուսինների մեջ», խոստովանում է նա:
Հայաստանի անկախացումից հետո Վալերիան գիտակցում է, որ չի կարող գնալ իր բարեկամ եւ ընկեր Մոնթե Մելքոնյանի ճանապարհով եւ ուզում է մասնակցել ավերված երկրի տնտեսական վերակառուցմանը: «Փարիզյան սուրճ» սրճարանը բացվեց 1993-ինՙ Մոնթեի մահվան տարում: «Առաջին բանը, որ ռազմաճակատից Մոնթեն խնդրեց մեզանից, տարածաշրջանիՙ Ֆրանսիայում տպված քարտեզներն էին: Մեծ դժվարությամբ դրանք հասցրինք Հայաստան, իսկ հետո փորձում էինք նրան մատակարարել անհրաժեշտ հանդերձանքՙ հեռադիտակ, պլաստիկական ժամացույց...»: 1993-ին բացակայում էին էլեկտրականությունը, գազը, միջազգային հեռախոսակապը: «Զանգահարելու համար ստիպված էի գնալ նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի մոտ: Ամեն ինչ բերել էինք տալիս Ֆրանսիայից: Սուրճը օդանավով առաքվում էր զավեշտական պայմաններում: Սուրճի բովումն սկսեցինք 1995-ի սեպտեմբերից: Խորհրդային ժամանակաշրջանում մարդիկ չգիտեին, որ խմում են կոֆեինազրկված սուրճ: Իշխանությունները կոֆեինն օգտագործում էին դեղագործության մեջ», պատմում է Վալերիան:
Լավ սպասարկմամբ աչքի ընկնող նոր սրճարանի հաճախորդների թիվն արագորեն աճում է: Պահանջարկը ստիպում է 2003-ին անցնել արդյունաբերական արտադրության: Շենքի ճակատամասը վերափոխվում է ըստ ֆրանսիական ոճի, սակայն սրճարանատերն այդ ժամանակ Փարիզում հիվանդ պառկած պայքարում է քաղցկեղի դեմ: Մեկուկես տարվա բուժման ընթացքում գիտակցում է, որ ինքը մի զազրելի դավաճանության զոհ է դարձել: Բուժումից հետո Երեւան է վերադառնում սրճարանի բացօթյա մասի բացմանը մասնակցելու: Սակայն նրա ամուսնությունը փլուզվում է, խնդիրներ են ծագում Հայաստանի արդարադատության հետ: Նրա ամուսին եւ ընկերակից Վազգենը շտապում է թաղել կնոջը եւ վերջին հարվածն է հասցնում: Բարեբախտաբար, Վալերիայի ամուսնության ֆրանսիական պայմանագիրը նրան թույլ է տալիս պաշտպանել սեփական իրավունքները եւ խուսափել վատթարագույնից: «Հայաստանում չկա ամուսնության պայմանագիր: Կինը կարող է ամեն պահի կորցնել ունեցվածքը: Երկդիմի օրենսդրությունը բնական է համարում սիրուհու գոյությունը: Այստեղ կանանց հանդեպ վերաբերմունքը զայրացուցիչ է: Մինչդեռ աշխատողների մեծ մասը կանայք են: Առավոտյան փողոց դուրս գալովՙ կարելի է համոզվել դրանում: Կանայք պատասխանատու են այս հասարակության համար: Նրանք պարտավոր են ճիշտ դաստիարակել իրենց որդիներին: Ճնշման եւ կեղծավոր լռության արատավոր շրջանը պետք է հաղթահարվի», ասում է Վալերիան:
Հայաստանում կանանց հանդեպ դրսեւորվող անարդարությանը գումարվում է ախտահարված արդարադատությունը, որտեղ «թափանցիկություն» բառը փաստաբանի լեզվով նշանակում է դատավորի կաշառում: «Մի՞թե Հայաստանը կարող է դառնալ իրավական պետություն, երբ տիրում են ազդեցության ոլորտներ, իսկ ես իշխանավորների համար լոկ օտարերկրացի եմ, որը փորձում է խախտել իրենց գործերը: Իմ նկատմամբ կիրառվում է յուրատեսակ օրինականացված դրամաշորթություն: Փոքր եւ միջակ ձեռնարկություններից դրամ կորզելու նպատակով հորինում են անհեթեթ օրենքներ: Փորձում են ամեն ձեւով ինձ խեղդել, ապա փաստի առջեւ կանգնեցնել. կամ պետք է անմիջապես մուծեմ պահանջվող գումարը, կամ էլ կուղարկեն դատական կատարածուների: Ես չեմ վախենում, սակայն հոգնել եմ զայրանալուց», գանգատվում է Վալերիա Գործունյանը:
Մտածե՞լ է արդյոք Հայաստանից հեռանալու մասին: Սա դժվար հարց է, որին նա չի կարող միանշանակ պատասխանել: Հայաստանը նրա մաշկի մեջ է: Նա ունի անկեղծ մարտիկի միամտություն: «Չեմ ուզում կանգ առնել: Սա իմ կյանքն է: Ես այս ամենի մասնիկն եմ: Երկիրը վերսկսել է զրոյից: Միամտորեն կարծում էի, թե պետությունը մինչեւ վերջ չի գնա, թե ինձ կպաշտպանեն»: Գրեթե քսան տարի Հայաստանում ապրող Վալերիան դեռ չի դիմել երկքաղաքացիության խնդրանքով. «Ես ուրիշներից ավելի կամ պակաս հայ չեմ: Այս երկրի քաղաքացի կդառնամ, երբ կհարգվեն իմ իրավունքները»:
Եվ այնուամենայնիվ հակասությունները գրավիչ են դարձնում Հայաստանը: Վալերիան դժգոհ է նաեւ սփյուռքի անկազմակերպ վիճակից եւ հայ հասարակության ցավերի հանդեպ այնտեղ տիրող անտարբերությունից: Եվ նման պայմաններում սփյուռքը փորձում է դասեր տալ Հայաստանին: Իսկ Վալերիան, ի հեճուկս ամեն ինչի, չի հոգնել Հայաստանը սիրելուց:
ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, France-Armռnie, dռcembre 2010, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.