Արեւելյան գործընկերության գագաթաժողովը Հունգարիայի փոխարեն կգումարվի Լեհաստանում, հաղորդում է գերմանական dpa գործակալությունը europe online հանդեսում:
Տարվա առաջին կեսին Հունգարիայում նախատեսված ԵՄ արեւելյան գործընկերության գագաթաժողովը կարող է միայն աշնանը Լեհաստանում գումարվել: Սրա մասին հինգշաբթի օրըՙ փետրվարի 17-ին իրազեկել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Վարշավայում: Փոխարտգործնախարար Միկոլայ Դովգիլեւիչը սեպտեմբեր, հոկտեմբերն է նշել իբրեւ գագաթաժողովի հավանական ամսաթիվ: Մանրամասների մասին դեռ բանակցում են:
Գագաթաժողովը պիտի գումարվեր մայիսի 27-ին Բուդապեշտում: Փոխարտգործնախարարի իրազեկմամբ, ժամանակացույցը խախտվել է կազմակերպչական խնդիրների պատճառովՙ G-20-ի հավաքը, ինչպես նաեւ ԵԱՀԿ 50-ամյակի միջոցառումներն էլ նախատեսված են մայիսին: Արտգործնախարար Սիկորսկին ասել է, թե ԵՄ 27 երկրների նախագահների եւ վարչապետների հետ հանդիպումն է լինելու հավանական ամենակարեւոր իրադարձությունը Լեհաստանի ԵՄ նախագահության, որ այդ երկրին է փոխանցվելու հուլիսի 1-ին:
Արեւելյան գործընկերությունը լեհ-շվեդական նախաձեռնության արդյունք է: 2009-ին Պրահայում կյանքի կոչված նախաձեռնությունը սատարում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդավայի, Ուկրաինայի եւ Բելառուսի ժողովրդավարացմանը, որի համար մինչեւ 2013 թվականը ԵՄ-ը 600 միլիոն եվրո է հատկացնում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա