«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2011-02-17 | #28, 2011-02-18 | #29, 2011-02-19


ՀԻՆ ԼՈՒՐԵՐԻ` ՍՏՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆՈՐ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՐՈՒՅՐԸ

Դեռեւս փետրվարի սկզբին «Ազգը» տեղեկացրեց, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես զգուշացրել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին «Ադրբեջանում ահաբեկչական գործողությունների հավանական սպառնալիքի առնչությամբ»:

ԱՄՆ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, հնարավոր են համարվել հարձակումներ Ադրբեջանում տեղակայված ամերիկյան օբյեկտների վրա, ուստի ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ էր տրվում զգուշավոր լինել հանրային վայրերում, որտեղ նաեւ այլ օտարերկրացիներ են լինում, հատկապես արեւմտյան երկրներից: Նույն այս զգուշացումը վերջերս կրկնեց նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Սրա ֆոնին հստակորեն տարօրինակ են թվում ադրբեջանական լրատվամիջոցների «մեյդան» հանած տարբեր ժամանակների հայտարարությունները տարբեր երկրների արտաքին գերատեսչությունների կողմից, թե սեփական քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից շրջաններ: Թերեւս, ի տարբերություն այլ իրավիճակների, ադրբեջանական լրատվամիջոցները իրենց ոչ հատուկ պարկեշտություն են դրսեւորում, չնշելով, թե այդ հորդորները նոր են արվում, այլ որ դրանք տեղադրված են այս կամ այն երկրի ԱԳՆ կայքէջերում:

Ամերիկյան զգուշացման համատեքստում, որտեղ հստակ է, թե ինչու եւ ինչից կարելի է վտանգ սպասել, տարբեր երկրների տարբեր ժամանակներ արած հայտարարությունները ԼՂ այցելության առնչությամբ առանձնակի արտառոց գործընթաց չեն: Դա էլ հիմք ընդունելովՙ «Ազգն» ընդհանրապես չէր անդրադառնում ադրբեջանական լրատվամիջոցների «պեղումներին», հարկ համարելով միայն նշել, որ տարբեր ժամանակներ արված այդ հայտարարություններում երբեմն հանդիպում են տհաճ ձեւակերպումներ` հատկապես ԼՂՀ հարակից շրջանների առնչությամբ, ինչն էլ Հայաստանի համար պետք է մտահոգության տեղիք տա:

Այստեղ եւս պետք է «արժանին» մատուցել Ադրբեջանի լրատվամիջոցներին, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առնչությամբ անում են կեղծ հայտարարություններ: Այսպիսի հայտարարությունները անգամ ստուգման կարիք չունեն, քանի որ նույն Ֆրանսիան, Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը բազմիցս տարբեր հայտարարություններում հավաստել են իրենց դիրքորոշումը ամենաբարձր մակարդակով:

Այդուհանդերձ, այդտեղ հիմնական հանգամանք եւ սեփական քաղաքացիներին որոշ տարածքներ չայցելելու զգուշացման պատճառ կարող է դիտվել ոչ թե «օկուպացիան», այլ ասենք, այն, որ բազմիցս բարձրաձայնվող եւ հայկական կողմի համար ընդունելի` դիպուկահարներին շփման գծից հեռացնելու առաջարկը դրական արձագանք չի ստանում Ադրբեջանի կողմից:

Ասվածի օգտին է խոսում նաեւ այն իրողությունը, որ տարբեր երկրների ԱԳՆ նման հայտարարություններն ամենասովորական դիվանագիտական իրողություն են, քանի որ այդօրինակ հայտարարություններ արվում են գրեթե բոլոր չճանաչված տարածքներ այցելողների առնչությամբ, եւ ոչ միայն: Նման հայտարարություններ են արվում նաեւ զգուշացումներով չայցելելու այս կամ այն խոշոր քաղաքների որոշ արվարձաններ, այսպես կոչված` գետտոներ:

Ավելացնենք, որ Աբխազիայում կամ հարավային Օսիայում հայտնված Հայաստանի քաղաքացիների` հետագայում Վրաստան այցելության ժամանակ քրեական պատասխանատվության ենթարկելու փաստերը եւս ՀՀ ԱԳՆ-ի կողմից արձագանք ստացան նմանատիպ մի հայտարարությամբ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4