«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2011-02-17 | #28, 2011-02-18 | #29, 2011-02-19


ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՆԵՐԴՐՎԻ ԱՅՍ ՏԱՐՎԱՆԻՑ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` 2014-ԻՑ

2011-ից Հայաստանում, կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում, կներդրվի կամավոր կուտակային համակարգը, իսկ 2014-ին` պարտադիր կուտակային համակարգը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ` կենսաթոշակային բարեփոխումներրի օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն էր իրականացնել բարեփոխումներ վերոնշյալ ոլորտում, ինչի արդյունքում սերունդների համերաշխության սկզբունքով գործող կենսաթոշակային համակարգը կփոխարինվի կուտակային` ինքնաֆինանսավորվող համակարգով:

Այժմ անցկացվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան սահմանված ժամկետներում կիրառելու այդ համակարգերը: Կամավոր կենսաթոշակային համակարգի համար գործելու է երեք սխեմա` կենսաթոշակային հիմնադրամներ, բանկերի կողմից առաջարկվող կուտակային կենսաթոշակային ավանդներ ու ապահովագրական ընկերություններ: Կենսաթոշակային հիմնադրամների համար անհրաժեշտ են ակտիվների կառավարիչներ, որոնք կգրանցեն համապատասխան կենսաթոշակային հիմնադրամներ: Այս տարվա ապրիլին որեւէ իրավաբանական անձ, ով ունի ակտիվի կառավարման լիցենզիա, կկարողանա գրանցել կամավոր կենսաթոշակային համակարգ: Սաիյանի ներկայացմամբ, ֆինանսական շուկայի մասնակիցները բանակցություններ են վարում խոշոր կազմակերպությունների հետ` կամավոր հիմնադրամների ստեղծման ուղղությամբ:

Անդրադառնալով ապահովագրական ընկերություններինՙ Սաիյանը «Հենարան» ակումբում ասաց, որ քաղաքացիները կամավորության սկզբունքով կատարելու են վճարումներ, ու կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ընկերությունը նրանց ապահովելու է որոշակի չափի կենսաթոշակով: Այս ձեւն ավելի ուշ կմտնի գործողության մեջ, որովհետեւ դրա համար անհրաժեշտ է, որ ապահովագրական ընկերություններն ունենան կյանքի ապահովագրության փորձ:

2014-ից, այն անձինք, ովքեր ծնվել են 1974-ին, պատադիր հիմունքներով անցնելու են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, իսկ մինչեւ 1974-ի հունվարի 1-ը ծնված անձինք կարող են կամավորության սկզբունքով մաս կազմել կուտակային բաղադրիչին: 2011-ից գործող կուտակային կենսաթոշակային համակարգը չունի տարիքային սահմանափակում: Կենսաթոշակային ապահովության վարչության պետի փոխանցմամբՙ պարտադիր կուտակային միջոցները լինելու են անձի սեփականությունը, սակայն սահմանափակվելու է նրա տնօրինումը մինչեւ որոշակի տարիք: Եթե աշխատանքային գործունեության ընթացքում անձը մահանում է, ապա նրա կուտակած գումարները կփոխանցվեն ժառանգներին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր է կնքել «Հայէկոնոմբանկը», համաձայն որի գլխավոր գրասենյակի եւ մասնաճյուղերի միջոցով կիրականացնի կենսաթոշակառուների սպասարկում:

Այդ կապակցությամբ բանկը «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի հետ համատեղ թողարկել է կենսաթոշակային «Արքա» պլաստիկ քարտեր:

Դրանք կենսաթոշակառուներին կտրամադրվեն անվճար հաշիվների բացման, անվճար պլաստիկ քարտերի տրամադրման եւ սպասարկման, տարեկան 5 տոկոսով հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տոկոսադրույքով, քարտային հաշվին թոշակի գումարի մուտքագրման մասին sms հաղորդագրության անվճար ուղարկման, «Հայէկոնոմբանկի» բանկոմատներից եւ ՊՈՍ տերմինալներից գումարների անվճար կանխիկացման եւ 5 տոկոս զեղչով «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցից դեղորայքի ձեռքբերման պայմաններով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4