Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգիս զորավարի տոնը հռչակվեց երիտասարդների օրհնության օր: Այն Հայաստանում պաշտոնապես նշվել է 2007թ.: Սբ. Սարգսի տոնի խորհուրդի, ավանդույթների մասին հարցում կատարեցինք երիտասարդության շրջանում: Ի՞նչ գիտենք Սբ.Սարգսի տոնի մասին:
- Ըստ Ձեզ` Սբ.Սարգիս տոնը ի՞նչ խորհուրդ ունի.
- Ինձ թվում է, որ Սբ.Սարգսի տոնը մի հնարավորություն է եւս մեկ անգամ սիրահար զույգերին իրար մոտեցնելու, իրար նկատմամբ ավելի անմիջական դառնալու:
Թուսինյան Սյուզաննա 17տ.
- Սբ. Սարգիս զորավարի տոնը վերջերս սկսվել է նշվել որպես սիրո բարեխոս: Իրականում դա ավելի շատ նշվում է նրա համար, որ Հայաստանում չնշվի Սբ. Վալենտինը եւ ժողովրդի միջից հանվի օտարամոլությունը: Պրոֆեսոր Կարապետ Մելիք-Օհանջանյանը նշել է, որ Սբ. Սարգիսը «Սասնա ծռերի եւ Սասունցի Դավթի» հովանավորն է եղել: Տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, այլ ժողովրդական ավանդույթներով:
Ասոյան Աղվան 17տ.
- Դուք հավատո՞ւմ եք Սբ. Սարգսի զորությանը:
- Իհարկե հավատում եմ եւ ամեն տարի ուտում եմ աղի բլիթ:
Բալասանյան Մերի 17տ.
- Ճիշտն ասած ես չեմ հավատում, քանի որ սիրող մարդը առանց բարեխոսի միջնորդության էլ կսիրի:
Թուսինյան Սյուզաննա 17տ
- Դուք ո՞ր տոնն եք նախընտրում Սբ. Սարգսի թե՞ Սբ.Վալենտինի:
- Ես նման տոները անիմաստ եմ համարում, բայց նախապատվություն տալիս եմ Սբ. Սարգսի տոնին, քանի որ այն հայկական է:
Թուսինյան Սյուզաննա 17տ.
- Ո՞րն է պատճառը, որ նախընտրում եք Սբ. Սարգիսը կամ Սբ.Վալենտինը:
- Քանի որ Սբ. Սարգսի ժամանակ տեսնում ես ընտրյալիդ:
Ասատրյան Լուսինե 18տ.
- Սբ. Վալենտինի տոնը «գլամուռ» է:
Գեւորգյան Արմինե 17տ.
- Քանի որ մենք հայ ենք, եւ եթե չառաջնորդվենք մեր ավանդույթներով, ապա ինչպես կարող ենք կոչվել հայ: Մենք պարտավոր ենք գովերգել, սիրել մեր ավանդույթները:
Մաթեւոսյան Միլենա 18տ
- Մինչ քրիստոնեությունը, բնապաշտ հայերը, ո՞ր Աստծու տոնն էին նշում Սբ. Սարգսի փոխարեն:
- Կարծում եմ, այդ Աստվածը տղամարդ է, բայց ստույգ չեմ կարող ասել, թե ով:
Շահումյան Անժելա 17տ
- Որքանով տեղյակ եմ, գեղեցկության աստված Արան էր: Մինչ քրիստոնեություն բնապաշտ հայերը ունեին մեռնող-հառնող աստվածության գաղափարը: Արայի տոնը համընկնում էր «Ձմեռ-մահ դեպի գարուն, զարթոնք-կյանք» եղանակին (ըստ ակադեմիկոս Ադոնցի):
Թորոսյան Լիանա 21տ.
- Իրականում այդպիսի հասկացողություն չկա, որ հեթանոսական տոնի փոխարեն նշվի քրիստոնեական տոն:
Ասոյան Աղվան 17տ.
Ահա այն պատկերը եւ պատկերացումները, որ ունենք մենք այս տոնի կապակցությամբ:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ