ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անցած շաբաթ քաղաքական դաշտում ինչ-որ որոշակիություն, այնուամենայնիվ, մտավ: Կոալիցիոն նոր հուշագիրը, անկախ նրա ձեւակերպումների իրավական բովանդակությունից, գոնե արտաքնապես որոշ ժամանակով կոալիցիոն գզվռտոցներին վերջ դրեց: Արդեն նշել ենք, որ հակասությունները երկու մեծ միավորների` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ սրվում էին ամենատարբեր ուղղություններից, ընդ որում նետված քարերը երբեմն այնպես էին դիպչում քաղաքական առաջնորդների ինքնությանը, որ հաճախ նրանք կամ նրանց դիրքորոշումը ներկայացնող գործիչները բուռն արձագանքելով (նրանք էլ մարդիկ են) կրակի վրա յուղ էին լցնում: Չի կարելի ասել, թե որքան կտեւի արտաքնապես ամուր թվացող զինադադարը` կոալիցիոն հուշագրի տեսքով, եւ նույն «կռվացնող» կենտրոնները էլ ի՞նչ ռեզերվային միջոցներ կգտնեն` իրար դեմ լարելու կոալիցիոն կոնգլոմերատի զույգ հզոր ուժերին: Իսկ որ այս զույգի կռվշտոցը բխում է բացառապես բոլոր մյուս քաղաքական ուժերի շահերից, անգամ նրանց երրորդ կոալիցիոն գործընկերոջ` դրանում ոչ ոք, կարծում ենք, չի կասկածում: Այնպես որ անկախ հուշագրից եւ երեկվա ընթացքում միմյանց ուղղված ականջահաճո ձեւակերպումներից` էլի ոչ ոք չի կասկածում, որ միմյանց դեմ գրգռելու գործելակերպը որոշ ժամանակ հետո «հայտնի ուժերը» աշխատեցնելու են, այս անգամ գուցե նոր, անհայտ միջոցներ են գործադրելու: Իսկ կոալիցիոն հուշագիր ստորագրած երկու մեծ ուժերի առաջատար գործիչները պետք է կարողանան հավասարակշիռ պահվածքով տոն չտալ ու չընկնել ուրիշների լարած ծուղակները: Այլ մի խնդիր են, սակայն, հուշագրի ձեւակերպումների մեջ եղած տարընթերցումները: Արդյո՞ք հենց սա է սպասում Հայաստանի բազմաչարչար ընտրողն իշխանական առաջնորդներից ու քաղաքական ուժերից, թե այսպես ու այնպես` միմյանց հաշվին ուժերի հարաբերակցություն չենք փոխելու, Ազգային ժողովում էլ ներկայացվածության աճի են հանգեցնելու:
Թե՞ կուզեր լսել, թե թույլ ենք տալու, ընտրո՛ղ, դու որոշես` ով գործ է արել, նրան էլ ընտրես, նրա քվեն էլ ավելացնես: Մինչդեռ այս` հուշագրային միավորումը կարծես «Մեր դեմ խաղ չկա» կանոնն է մի ավելորդ անգամ հաստատում: Եթե իսկապես այս քաղաքական միավորները տարբեր շահեր չունենային հատկապես ընտրական տիրույթում, ապա նախկին կոալիցիոն համաձայնագիրն էլ հերիք էր` չէ՞ որ նրանով եւս համագործակցության հնարավորության պակաս չկար: Սակայն նոր հուշագիրը հենց հուշում է, թե որքան տարբեր են այս երեք միավորների հավակնություններն ու դրանց իրագործման կասկածի տակ լինելը: Հուշագիրը, բացի ժամանակավոր զինադադարի դրական երեւույթից, այդպիսով, իր մինուսները եւս ունի, եւ դա չտեսնելն առնվազն նշանակում է, որ մերոնք մի փոքր կարճատես են դարձել. այն ժողովրդավարության դասական կանոնների մեջ չի տեղավորվում: Ի՞նչ է նշանակում` միմյանց հաշվին կշիռ չավելացնել, իսկ եթե ընտրողն ավելացնի` ի՞նչ են պատրաստվում անել, ձայները միմյանց նվիրե՞լ: Բա որտե՞ղ մնաց ընտրության` միմյանց դեմ պայքարի տրամաբանությունը: Չէ՞ որ մեր ժողովուրդը նախ անարդարության, իր ձայնը տեղ չհասնելու դեմ է բողոքում: Բացի այդ, իսկապես, հիմիկվանից նախընտրական երեւույթն ունեցող դաշինքն իսկապես էլ վարչական ռեսուրսի կենտրոնացում է ենթադրում, ինչը մի ավելորդ անգամ կհուսահատեցնի ընտրողին, կստիպի ինչ-որ բան փոխելուց հրաժարվել ու ձեռքը թափ տալ: Իսկ որ ավելի կարեւոր է` վարչական ռեսուրսն, իսկապես, ավելի կընդլայնի կոալիցիայի տիրույթները եւ խորհրդարանում, եւ գործադիր ու հարակից կառույցներում, իսկ խորհրդարանում առանց այդ էլ փոքրիկ ընդդիմությունն ավելի նվազեցնելու ձգտումը առնվազն զարմանք է հարուցում, քանի որ ինչքան ուզում է հզոր կոալիցիա ստեղծեք` հզոր ընդդիմություն չունեցող, գերկենտրոնացած իշխանությունն իրականում թույլ, լավ չաշխատող կառույց է, քանի որ նրան սթափեցնողներն են քիչ ու թույլ: Ու չնայած հուշագիրը երեկ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը քաղաքական համագործակցության նոր մոդել էր անվանում, բայց փաստն այն է, որ նոր հուշագրով մինչեւ այժմ գործող մոդելն ավելի կարծրացում է պարզապես: Կյանքը ցույց կտա` ԲՀԿ-ն կբավարարվի՞ նրանով, ինչ այժմ ունի, թե՞, այնուամենայնիվ, քայլեր կանի հզորանալու եւ հուշագրի թույլտվության սահմանը խախտելով` կփորձի իրական մրցակցություն ապահովել, ինչպես երեկ Խաչիկ Գալստյանն էր ասում` ժողովրդի ձայնով որոշելու համար ապագա խորհրդարանի պատկերը, չնայած հուշագիրը, փաստորեն, նրան թույլ է տալիս այնքան ձայն ունենալ, որքան այժմ ունի:
Որոշ հստակություն մտավ նաեւ ընդդիմադիր քաղաքական դաշտում. ՀԱԿ-ի ու ԺԿ-ի` իրար հասցեին հիշոցների նետումը, կարելի է ասել, լույսի արագությամբ հեռացրին նրանց իրարից, թեեւ երկուսին էլ մոտիկից իմացողները չէին էլ կասկածում, որ նրանց հեռացնողն ավելի շատ է, քան մոտեցնողը: Չնայած «Ժառանգությունը» ներկայացուցիչ էր ուղարկել ՀՅԴ միջոցառմանը եւ ՀԱԿ-ի հանդեպ էլ մեծ ջերմեռանդություն չի ցուցաբերում` սակայն ամեն ինչից երեւում է, որ ՀԱԿ-ը ոչ մեկի հետ չի ուզում միանալ` նրա ամբիցիաները դա թույլ չեն տա, եւ իշխանությունը հազիվ թե ստանա իր նման գերկենտրոնացած ընդդիմություն: Սա մի կողմից ենթադրելու է իշխանական եւ ընդդիմադիր` տարբեր խաղի կանոններով գործող թեւեր, որը ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պահեր ունի իր մեջ (այդ մասին` մի ուրիշ անգամ): ՀԱԿ-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում էլ առանձնապես չնախանշվեց, թե նա ի՞նչ է պատրաստվում անել` ընդդիմությունից ոչ մեկին չի կանչում-վանում է ավելի շատ, իսկ իր հույսն այն է, որ «եթե իշխանությունները եզրակացություններ չանեն այդ ուսանելի իրադարձություններից (խոսքը Թունիսի եւ Եգիպտոսի մասին է), ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, ինչի «ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ավազակապետական վարչախմբի վրա»: Ու էլի ոչ մի դեղատոմս` արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից բացի, էն էլ` «սոցիալական բունտի գեշ խասյաթին սպասելով»: Այսինքն` ինչ տեսել ենք վերջին տարիներին, այս հունով էլ փորձում են մերոնք շարժվել` հաշվի չառնելով, որ ժողովուրդն է փոխվել: