Փետրվարի 23-24-ը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգն ու պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը կժամանեն տարածաշրջան: Նախատեսվում է, որ այցի առաջին օրը ամերիկացի դիվանագետները կլինեն Երեւանում, որտեղ հայաստանցի պաշտոնյաների հետ կքննարկեն «հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր` մասնավորապես ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը», այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հաղորդագրությանՙ փետրվարի 24-ին արդեն Սթայնբերգն ու Գորդոնը կլինեն Բաքվում: Դեսպանատունը չի մանրամասնել ամերիկացի դիվանագետների` Ադրբեջանում կայանալիք հանդիպումների օրակարգը, միայն նշել է, որ նրանք Բաքու կժամանեն Թբիլիսիից: Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները տարածաշրջան են ժամանում մարտի 5-ից առաջ. հիշեցնենք, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան, հենց այդ օրը Սոչիում նախատեսվում է Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հերթական, այս տարվա առաջին հանդիպումը: Ամերիկացի դիվանագետների այցի հաջորդ օրն արդեն, ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, «փետրվարի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսված է ՀՀ նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ»:
Հ. Ա.