Բոլորը կոչ անում են, բայց դիպուկահարներին շփման գծից հեռացնելու հարցում Ադրբեջանի վրա ոչ ոք չի կարողանում ազդել
Մարտի սկզբին Երեւան եւ Բաքու կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը, իսկ մինչ այդ տարածաշրջանում կլինի ԵԱՀԿ գործող նախագահի` ձգձգված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է հենց Չեկուոլիսը:
Հիշեցնելով, որ 2010թ. դեկտեմբերին Աստանայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ համաձայնության եկան, որ «եկել է ավելի վճռական գործողությունների ժամանակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար», ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը կարծիք է հայտնել, թե «պետք է աշխատենք միասին` հիմնվելով այդ ընդհանուր ըմբռնման վրա: Մենք գիտակցում ենք, որ դեռ կան շատ դժվարություններ, սակայն լիովին խրախուսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը` լարվածության սաստկացումը կանխելու եւ երկխոսությունը շարունակելու նպատակով, ներառյալ, իհարկե, Ռուսաստանի Դաշնության ջանքերը»:
Թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու ԵԱՀԿ-ում ներկայումս նախագահող Լիտվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, Չեկուոլիսը նշել է, որ ԵԱՀԿ լիտվական նախագահությունը կփորձի օժանդակել Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ կազմակերպության այլ անդամ-երկրների հետ քննարկումներին` վստահության ամրապնդմանն ու տեղերում ԵԱՀԿ դիտորդական գործունեության ուժեղացմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները դիտարկելու նպատակով:
«Այդ կապակցությամբ մենք ողջունում ենք նախագահների վերջին համաձայնությունը հրադադարի ռեժիմի կայունացման եւ ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման մասին: Լիտվայի նախագահությունը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ անել անհրաժեշտ ամեն ինչ այդ համաձայնությունը կյանքի կոչելու համար», հավաստիացրել է Չեկուոլիսը:
ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը որեւէ պատասխան չի տվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն այլ ատյաններ տեղափոխելու Բաքվի փորձերի մասին հարցին, բացի կրկնելուց, թե Լիտվան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների ջանքերին, ովքեր ունեն հստակ միջնորդական մանդատ:
«Բաքվում եւ Երեւանում կայանալիք հանդիպումների ժամանակ ես մտադիր եմ ընդգծել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարեւորությունը, ներառյալ դիպուկահարների հեռացումը, ինչպես այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում», կարծես թե ադրբեջանական մերժողականությանն անտեղյակության պատճառով այսպիսի հավակնոտ հայտարարություն է արել Չեկուոլիսը, ավելացնելով. «Վստահությունը կարող է ամրապնդվել միայն այն ժամանակ, երբ դադարի արյունահեղությունը»:
«Մենք Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում բանակցություններում առաջընթացի հասնելու համար ձեռնարկել անհրաժեշտ քայլերը` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժ եւ ուժի սպառնալիք չգործադրելու, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ Լիտվան, լինելով ԵԱՀԿ համանախագահող երկիր, մտադիր է հակամարտության մեջ ներգրավված կողմերին կոչ անել վերահաստատել ուժի կիրառումից ձեռնպահ մնալու իրենց պարտավորությունը»:
Թերեւս հատկապես Ադրբեջանի համար, որտեղ լրատվամիջոցները հասցրել են անհարիր հայտարարություններ վերագրել ԵԱՀԿ գործող նախագահին, կամ վերջինիս հայտարարությունները «մաքրագրելու» համար Չեկուոլիսը հայտարարել է. «Լիտվան սատարում է առանց բացառության բոլոր սկզբունքներին, որոնք նշվել էին Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների կողմից 2009 թ. լ՛Աքվիլայում եւ 2010 թ. Մուսկոկում արված հայտարարություններում»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ