Եվրոպան ինչպես պիտի վարվի բռնակալական ռեժիմների հետ
«Կանցլեր Մերկելը, թունիսյան եւ եգիպտոսյան իրադարձությունները նկատի առնելով, խոստացել է մարդու իրավունքների հարցում այլեւս որեւէ փոխզիջում չանել: Ինչպես են երիտասարդ բազմաթիվ ակտիվիստներ այսպիսի խոստումը պահպանելու վրա հույս դնում, այնուհետեւ այդ հույսը իրականում հաճախ ի դերեւ է ելնում, ցույց է տալիս Ադրբեջանի օրինակը», փետրվարի 13-ին այսպիսի նախաբանով սկսեց իր լուսաբանումը գերմանական ARD-ի Tagesschau-ի եթերից Զիլվիա Շթոյբերը: Ադրբեջանի վերաբերյալ այսպիսի դիտարկում վերջին շրջանում ոչ միայն հաճախ չես լսի, ինչը «Վիքիլիքսի» սառույցը հալեցնելուց հետո ակնկալվում էր, այլեւ երկակի ստանդարտների մամլիչով գերմանական զանգվածային լրատվամիջոցներում հրապարակ են նետվում միայն այնպիսի «մտահոգություններ», ինչից նավթի հոտն ուղղակի գլխապտույտ է առաջացնում: Ստորեւ ներկայացվող Զիլվիա Շթոյբերիՙ դիպուկ գնահատականներով (ու մեր թեթեւակի կրճատումներով) հաղորդումը միգուցե փոխելո՞ւ է գերմանացիների հայացքը: Հուսանք:
Երբ խոսքն ապագայի ծրագրերին է վերաբերում, արտասահմանում կրթություն ստացած ադրբեջանցիները չգիտեն, թե տանն ինչից սկսեն: Եթե ինչ-որ բան ես ուզում անել, պիտի կառավարության կլանի հետ գործ ունենաս, ասում են նրանք: Դեռ խորհրդային ժամանակներից հարավկովկասյան հանրապետությունը գլխավորող հայր Հեյդար Ալիեւից իշխանությունը ստացած որդուՙ նախագահ Իլհամ Ալիեւի շրջապատի ընտանիքներն են վերահսկում տնտեսությունը: Թեպետ կառավարությունը նավթաեկամուտներից ստացված ֆինանսավորմամբ ապահովում է երիտասարդ ուսանողներին կրթաթոշակներով, ուղարկում արտասահման, նույնիսկ բնապահպանական հիմնադրամին դրամ հատկացնում, բայց ով իշխանությունների հետ չի դաշնակցում կամ հրապարակավ հակադրվում է նրանց, զգում է դրա ատելի կողմը: Բնական էՙ առաջին հերթին սրան են բախվում լրագրողները, ակտիվիստները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ընդդիմադիրները: Հարվարդի շրջանավարտ Բախտիար Հաջիեւը նոյեմբերին խորհրդարանական ընտրություններին էր մասնակցում: Ի տարբերություն իշխող կուսակցության թեկնածուների, նրա գրանցումը շաբաթներ է տեւել, իսկ մեքենայություններով անցկացված ընտրություններով ձեւավորված խորհրդարանում ընդդիմադիր քաղաքական որեւէ գործիչ չի ներկայացված:
Պատժելու համարՙ բանակ
Ընտրություններից հետո Հաջիեւին չի արտոնվել երկրից դուրս գալ: Բանակում ծառայությունից խուսափելու համար նա պիտի կանգնի դատարանի առջեւ: Հաջիեւի կարծիքով, իր դեմ գործը քաղաքական է, քանի որ իշխանություններն ուզում են իր նման ակտիվիստներին «չեզոքացնել»: Ադրբեջանուհի անկախ լրագրող Խադիջա Իսմայլովան տեղյակ է նմանօրինակ դեպքերի եւ հայտնում է, թե ադրբեջանական իշխանությունները վատ համբավ են ձեռք բերել, քանի որ այլակարծությամբ աչքի ընկածներին են պարտադրում բանակ գնալ: Ծառայությունը դժվար է եւ պատիժ է համարվում նրանց համար, ովքեր քննադատում են կառավարությանը: Կամայականությունը եւ կոռուպցիան ամենուր են Ադրբեջանում: Ներքաղաքական խնդիրներից շեղելու հրաշալի միջոց է անընդհատ հնչող պատերազմական հռետորիկանՙ ուղղված հարեւան Հայաստանին, որ տնօրինում է Լեռնային Ղարաբաղի վիճարկելի տարածքը:
Այնուհետեւ հեղինակն անդրադառնում է ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանի պատմությանը, հիշեցնելով, թե 1993-ին Բաքու է վերադառնում Հեյդար Ալիեւը, որպես ընտրյալ նախագահ, ավտորիտար քաղաքականությամբ կայունացնում երկիրը: Դիտորդները քննադատում են, թե նա օգտագործում էր նավթային հարուստ եկամուտներըՙ իր սեփական կլանը հովանավորելու նպատակով: 2003-ին հոր մահից հետո նախագահ է հաստատվում որդի Իլհամըՙ ԵԱՀԿ-ից ոչ ազատ ու անարդար գնահատված ընտրություններով: Ադրբեջանը ոչ միայն նավթարդյունահանող, այլեւ Կենտրոնական Ասիայից գազ ու նավթ առաքող տարանցիկ երկիր է: «Նաբուկոյի» ծրագրված շինարարությունը Ադրբեջանին կենտրոնական երկրի նշանակություն է հաղորդում:
Կրթություն ստացած բազմաթիվ երիտասարդներ, որ արտասահմանում նաեւ փորձ են կուտակել, հայրենի երկրում իրենց ապագան սահմանափակված ու անհեռանկար են տեսնում: Նրանց հայացքն ուղղված է Եվրոպային: Եվ կանցլերիՙ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հնչեցրած արտահայտությունը, թե մարդու իրավունքների հարցում փոխզիջում չի լինելու եւ ամեն տեսակի համագործակցության մեջ նախ եւ առաջ պիտի նկատի առնել մարդու իրավունքները, նեցուկ կանգնելու խոստման է նմանվում:
Բայց ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Արեւմուտքը մի երկրի հանդեպ, որը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ գազ եւ նավթ փոխադրող կարեւորագույն ուղի է, որի մասնակցությունը «Նաբուկկո» ծրագրին անխուսափելի է, որը տարիներ է կապված ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին եւ ծառայում է որպես միջանկյալ կայարան Աֆղանստան ուղեւորվող փոխադրամիջոցների համար, որի առաջնորդությունը իր ռազմավարական առավելությունն է, որն այնպես է գործադրում, որ բոլոր մեծ ուժերին իր հանդեպ բարեհա՞ճ է պահում:
ԵՄ արտաքին հանձնակատար Քեթրին Էշթոնիՙ նոյեմբերին խորհրդարանական ընտրությունների առիթով արված արձագանքը Ադրբեջանին անշուշտ դողալու առիթ չի տվել: Նա քաջալերում է ադրբեջանցի պաշտոնյաներին մեծ ճիգ գործադրելՙ ստանձնած միջազգային պարտավորությունները ժողովրդավարական, մարդու իրավունքների սկզբունքների համեմատ կենսագործելու: Ադրբեջանը ԵՄ-ի կարեւորագույն գործակից էՙ պատրաստ են սատար կանգնել հետագա քաղաքական բարեփոխումներին: ԵՄ-ն առաջարկում է ասոցացված պայմանագիր, վիզայի թեթեւացված կարգ, առեւտրի ազատ գոտի: Քանի դեռ ադրբեջանական առաջնորդները նավթային եկամուտներից են օգտվում եւ անարգել ճամփորդում, սրանք թույլ խթան են: Նախագահ Ալիեւը անցյալ տարիներին 4 անգամ եղել է Գերմանիայում: Մյունխենյան կոնֆերանսին էլ էր հրավիրված, հյուր էր Դավոսի տնտեսական ֆորումին: Արտգործնախարարության խոսնակը, շարունակում է «Թագեսշաուի» վերլուծաբանը, ի պատասխան հարցման ասել է, թե դաշնային կառավարությունը Ադրբեջանի առջեւ էլ կանոնավոր դնում է իր պահանջներըՙ բարելավում մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավական պետության հարցում: Սա մեր հետաքրքրությունների, նաեւ արժեքներով ղեկավարվող արտաքին քաղաքականության մաս է կազմում:
Բայց իրենց կառավարության հանդեպ քննադատական վերաբերմունք ունեցող բազմաթիվ ադրբեջանցիների ընկալմամբՙ ԵՄ-ի եւ Գերմանիայի վերաբերմունքը, մեղմ ասած, շատ չափավոր է: Երիտասարդ ուսանողներն իրենց հույսն են արտահայտում, թե ԵՄ-ը Ալիեւի եւ նրա զինակիցների դեմ կվճռի պատժամիջոցներ կիրառել, ինչպես Բելառուսի նախագահ բռնակալ Լուկաշենկոյի դեմ է արվում: Տարեց լրագրողները, հակառակը, բացահայտ հիասթափություն են ցույց տալիս: ԵՄ-ը եւ Գերմանիան թեեւ ժողովրդավարական արժեքներ են քարոզում, բայց հետեւողական չեն արձագանքում մամուլի եւ կարծիքի ազատության ապացուցելի սահմանափակումներին:
Մարդու իրավունքներըՙ նավթի դիմաց
«Մեկուսացումը շատ անգամ ժողովրդավարության չի ուղղորդում: Բնականաբարՙ Եվրոպական միությունը պիտի բազմաթիվ երկրների հետ աշխատի, որոնք մեր պատկերացրած ժողովրդավարությունը չունեն», ասում է Բունդեսթագի պատգամավոր Անդրեաս Շոքենհոֆֆը: Օրինակՙ Չինաստանն էլ ժողովրդավար չէ, բայց ի հեճուկս դրա պիտի կառուցողական աշխատանք տանել, շեշտում է քրիստոնեա-դեմոկրատ քաղաքական գործիչը, որ 1998-ից սկսած ՔԴ միության խմբակցության ղեկավարն է արտաքին հանձնաժողովում:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Հաջիեւն ասում է, թե մինչեւ որոշակի աստիճան հասկանում է հեռացնելու փոխարեն երկրները կապելու հաշվարկը: Բայց Ադրբեջանի կառավարությունը կարծում է, թե կարող է զբաղվել նավթի եւ մարդու իրավունքների, գազի եւ ժողովրդավարության, ազատության եւ այլընտրանքային էներգետիկ պաշարների միջեւ փոխանակման առեւտրով: Այդ պատճառով էլ նա ավելի մեծ ճնշում եւ ԵՄ-ի երկրներից ավելի հստակ ուղերձ է ուզում: Միակուսակցական պետության կայունությունն առավել մեծ ռիսկ է պարունակում:
Ո՞ւմ սատարել
Շոքենհոֆֆն էլ է տեսնում այդ վտանգը: Քանի որ Ադրբեջանի հետ «Նաբուկկոյի» նման նախագծեր են հետապնդում, Գերմանիայի համար պիտի միեւնույն չլինի, թե ինչ է այնտեղ կատարվում: «Ավտորիտար ռեժիմը տեւական կայունություն չունի»: Նրա լուծումը հետեւյալն էՙ աջակցել ժողովրդավարական շարժումներին: «Բայց հարցն այն է, թե Ադրբեջանում ո՞ւմ կարող ենք սատարել»: Նա այնտեղ հենման կետ չունի, որ ժողովրդավարական շարժում կարողանա կազմակերպել, եւ որին օգնել կարելի կլինի: Ցավոք, հաճախ է պատահում, որ այսպես կոչված ընդդիմադիր քաղաքական գործիչները սեփական մեծամտությունից դրդվածՙ միաբան չեն, ասում է Շոքենհոֆֆը:
Բայց ընդդիմության թուլությունն էլ հենց պաշտոնյաների ճնշումների հետեւանք է: Օրինակՙ վերջերս իսլամական կուսակցություններից մեկի ղեկավարը ձերբակալվել է, որովհետեւ գլխաշորի արգելքի դեմ բողոքի ալիք է բարձրացրել: Փետրվարի 5-ին ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության 20-ամյա անդամներից մեկին ձերբակալել ենՙ մոտը թմրամիջոց ունենալու մեղադրանքով, ինչը երիտասարդը խիստ ժխտում է: Աշխարհում ճանաչված երկու բլոգերներ Էմին Միլլին ու Ադնան Հաջիզադեն տարիներ առաջ իրենց նախաձեռնած հրապարակումներից ավելի նվազ հրատապ ոլորտների են անդրադառում, պատճառն այն է, որ ցույցերի ժամանակ ծեծվելու ու ձերբակալվելու ռիսկի դիմել էլ չեն ուզում: Այդուհանդերձ 17 ամսվա բանտարկություն ստացան: Որ նրանք նոյեմբերին վաղաժամ ազատ արձակվեցին, պարտական են միջազգային պահանջինՙ Բունդեսթագի պատգամավորներից մինչեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա:
Հոռետեսություն ի հեճուկս փոքր հաջողության
Նաեւ ուրիշ պարագաներում էլ երբեմն փոքր հաջողություններ են գրանցվում: Դեկտեմբերին Բաքվում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կոնֆերանս էր կազմակերպել, որի ժամանակ ադրբեջանցի մասնակիցները ազատ կարողացել են խոսել այնպիսի թեմայի մասին, ինչպիսին կարծիքի ազատությունն է: Երկարժամանակյա դադարից հետո առաջին անգամ կոնֆերանսին մասնակցում էր թշնամացած հարեւան Հայաստանից մի քաղաքական գործիչ: Թեպետ նա անընդհատ հսկվել է, բայց կարողացել է ազատ խոսել մամուլի հետ:
Այսպիսի եզակի հաջողությունները Ադրբեջանի ակտիվիստներից շատերի հոռետեսությունը քիչ են փոխում: Գործնականում յուրաքանչյուրն է հասկանում, թե նավթային օժանդակումներից ստացված մուտքերն արդեն հասել են գագաթնակետին: Բլոգեր Ադնան Հաջիզադեն երկյուղում է, թե կառավարությունը հետո ավելի կարծր միջոցառումներով փորձ կանի իր իշխանությունը պահել: Ընդդիմությունն այնժամ լիովին կկործանվի: Բայց Եգիպտոսի եւ Թունիսի օրինակը ցույց է տալիս, որ հասարակության մեջ խոսակցի բացակայությունը հենց կառավարության համար կարող է վտանգավոր լինել: Այնտեղ (խոսքը Թունիսի մասին է - Ան. Հ.) կարճ ժամանակամիջոցում զարգանում է ընդդիմադիր կառուցվածքից, առաջնորդից զուրկ ժողովրդական մի շարժում: Երբ Թունիսի նախկին նախագահը զայրացած ամբոխին ուզում էր զիջումներով դիմել, բացակայում էր բանակցող անձըՙ գործակիցը: Նա չէր կարողանում ժողովրդի պահանջներին արագ արձագանքել, քանի որ բնակչության հետ հաղորդակցությունից զուրկ էր: Վերջ ի վերջո զանգվածների շարժման ընթացքը ստիպեց նախկին նախագահին գլխապատառ փախչել երկրից:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա, Լուսանկարներն ըստ Tagesschau-ի
Նկար 1. Միայն կառավարության շենքը չէ, որ Ադրբեջանը ժառանգել է ԽՍՀՄ-ից: Դադարից հետո իշխանությունը վերստանձնեց Հեյդար Ալիեւը, ինչն այժմ որդու ձեռքում է:
Նկար 2. Ադրբեջանում շատերն իսլամի չափավոր կողմնակիցներ են: Կառավարությունը, սակայն, կարծր միջոցներ է ձեռնարկում իսլամական ընդդիմադիրների հանդեպ:
Նկար 3. Քարտեզում ԼՂ-ն պատկերված է Ադրբեջանից տարբերՙ Հայաստանի գույնով: