Անցած ուրբաթ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, կոալիցիոն նոր հուշագիրը մեկնաբանելիս, ենթադրել էր, թե հավանաբար ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միասնական ցուցակով են գնալու ընտրություններին: Այդպիսի ենթադրություն է արել երեկ նաեւ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը: Իսկ էլի երեկ լրագրողներին հանդիպած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը չբացառեց այդ, այսինքն` ընտրություններին միասնական կոալիցիոն ցուցակով գնալու հնարավորությունը, բայց նաեւ ասաց, որ այդպիսի որոշում դեռ չի կայացվել, եւ անգամ այդպիսի հարց դեռ չի քննարկվել «Կարեւորն այն է, որ միասնական ֆորմատով, միասնական ճակատով մասնակցենք», ասաց նաՙ մեկնաբանելով, թե միասնական ճակատ ասելովՙ նկատի ունի կա՛մ միասնական ցուցակը, կա՛մ որ առանձին-առանձին մասնակցելուց հետո կոալիցիոն կուսակցությունները միավորեն ստացած ձայները»: Խ. Գալստյանը նաեւ հերքեց, թե ԲՀԿ-ին պարտադրվել է կոալիցիոն նոր հուշագիրը` պարտադրված համագործակցությունը երկար կյանք չի ունենում, իսկ ընդհանրապես` հուշագրի ստորագրումով ապացուցվեց ԲՀԿ-ի` ի դեմս նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այս երկրի սթափ մտածող եւ ծանրակշիռ դերակատարում ունեցող քաղաքական ուժերից մեկն է, եւ այս որոշումն իսկապես լուրջ քննարկումների, ծանրակշիռ պահվածքի եւ լայնախոհության արդյունք է, նոր հուշագրի ստորագրումն էլ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու եւ կոալիցիոն ուժերի միջեւ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ցուցիչ է. «Հուշագիրն ապահովելու է մեր երկրի առաջընթաց զարգացումը` տալով մեզ կայունություն, կանխատեսելիություն եւ կոնսոլիդացիա»: Իսկ թե ինչու էր ավելի վաղ Գ. Ծառուկյանը հայտարարել 50+1 տոկոս ձայն հավաքելու մասին, ըստ Խ. Գալստյանի` որպես պատասխան զանազան սոցիոլոգների եւ բախտագուշակների հայտարարությունների:
Իսկ հուշագրի այն դրույթը, որով ամրագրվում է գալիք խորհրդարանական ընտրություններին քաղաքական կշիռը չավելացնել եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը չփոխել` միմյանց դեմ պայքար ծավալելու հաշվին, ըստ Գալստյանի` ներկոալիցիոն կայունության պահպանմանն է ուղղված, քանի որ պարբերաբար լինում էին որոշակի սրացումներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, բայց եւ իհարկե, խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն, ինչպես եւ ամեն քաղաքական ուժ, կձգտի ավելացնել իր քվեները, իսկ ընդհանրապես` ուժերի հարաբերակցությունն միայն ու միայն ընտրողն է որոշում: Իսկ թե ինչու հուշագրում նշված չէ, որ նախագահական ընտրություններում կոալիցիան պաշտպանում է Սերժ Սարգսյանին, այլ միայն` գործող նախագահին, Խ. Գալստյանը ոչ մի էական տարբերություն չգտավ «գործող նախագահ» եւ «Սերժ Սարգսյան» ձեւակերպումների միջեւ:
Ի վերջո Ռոբերտ Քոչարյանի նախագի՞ծն է «Բարգավաճ Հայաստանը», թե՞ ոչ: Ըստ Խ. Գալստյանի` ԲՀԿ-ն իր ինքնուրույն ուժ լինելն ու Գագիկ Ծառուկյանի շուրջը համախմբված լինելը վաղուց ապացուցել է ու «որեւիցե անձնավորության կպցնելը կուսակցւթյանն անհարիր է»:
Մի խոսքով` ԲՀԿ-ն չի խախտելու նոր կոալիցիոն հուշագիրը, 2013 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին դուրս չի գալու կոալիցիայից, Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալիս էլ` «ԲՀԿ-ի խոսքի եւ գործի մեջ տարբերություն չկա»:
Խ. Գալստյանը նկատեց նաեւ, որ ընդդիմությունն էլ լավ կլինի միավորվի, մանավանդ ընդդիմադիր դաշտում լուրջ ուժեր տեսավ` ի դեմս «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի:
Մ. Խ.