Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Մալթայի ինքնիշխան ուխտի դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանին ` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի հայկական ծագումը ավելի կդյուրացնի նրա գործունեությունը Հայաստանում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համարՙ դեսպան Ուղուրլյանն ասել է, որ կանի առավելագույնըՙ Հայաստանում Մալթայի ինքնիշխան ուխտի ծրագրերի ընդլայնման համար: Նշենք, որ Երուսաղեմի Սբ Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան ռազմական ուխտը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կազմավորվել է 1961 թ. հունիսի 27-ին: Այն համարվում է Երուսաղեմում դեռեւս 1080 թ. հիմնադրված Բարեխնամ ասպետական ուխտի իրավահաջորդ կառույց, որն ի սկզբանե կոչված է եղել խնամել Սուրբ երկիր ուղեւորված հիվանդ ու աղքատ ուխտագնացներին: Խաչակրաց առաջին արշավանքի ընթացքում, 1099թ. Երուսաղեմի նվաճումից հետո, այն իր իսկ արտոնությամբ դարձել է ռազմական ուխտ: Այսօր Մալթայի ինքնիշխան ուխտն ունի 12.500 անդամ եւ 80.000 մշտական կամավոր, որոնք բարեգործական եւ բժշկական առաքելություններ են իրականացնում աշխարհի տարբեր անկյուններում:
Հ. Ա.