Փետրվարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Շիրակ Հակոբյանի նախագահությամբ բավարարել է Գյումրու քաղաքապետարանի հայցը` «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին պարտավորեցնելով մեկամսյա ժամկետում ապամոնտաժել քաղաքի Վ. Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռն ու մալուխը: Սա նշանակում է, որ նշված կարճ ժամանակամիջոցում խնդրի տեխնիկական այլ լուծում չգտնելու դեպքում «ԳԱԼԱ»-ին եթերազրկում է սպառնում: Հեռուստաընկերությունը հայտարարել է, որ մտադիր է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:
Այս կապակցությամբ անցած ուրբաթ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը եւ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: «Երեք տարուց ավելի տեւած, դատական բոլոր ատյաններով անցած ու վճռաբեկ դատարանի կողմից հօգուտ «ԳԱԼԱ»-ի բեկանված գործի քննության հերթական փուլում ընդունված նման վճիռը, մեր գնահատմամբ,- ասվում է հայտարարության մեջ,- իշխանական տարբեր օղակների կողմից հեռուստաընկերության դեմ 2007 թվականից նախաձեռնված ճնշումների շարունակությունն է եւ նոր սպառնալիքներ է ստեղծում խոսքի ու ԶԼՄ-ների ազատության համար:
Մենք` ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում իրավասու ատյաններին` քայլեր ձեռնարկելու ոչնչով չարդարացված այս հետապնդումները վերացնելու համար: Գալիք ընտրություններից առաջ մեծապես կարեւորում ենք լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների դադարեցումը` տեղեկատվական ոլորտում առողջ մթնոլորտ ապահովելու նկատառումներով»:
Տեղեկացնենք, որ չնայած անցյալ տարի «ԳԱԼԱ»-ն հեռուստաընկերությունների թվային հեռարձակման հաճախականությունների մրցույթում պարտվեց նույն հաճախականության համար դիմած «Ցայգ» ՀԸ-ին, սակայն անալոգային հեռարձակման համար ստացած արտոնագիրը նրան հնարավորություն էր տալիս հեռարձակում իրականացնել մինչեւ 2014 թվականի վերջը:
Գ. Մ.
Խմբ. կողմից. - Համենայնդեպս, վերոհիշյալ կամ այլ ՀԿ-ներից որեւէ մեկը ցարդ չի կարողացել շոշափելի որեւէ օգնություն ցույց տալ «ԳԱԼԱ»-ին: