Վրաստանին ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր առաքելության ավարտին խորհուրդ է տալիս ուղղակի երկխոսության մեջ մտնել ինչպես Աբխազիայի, այնպես էլ Հարավային Օսիայի հետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար գնալ փոխզիջումների: «Ռոսբալտի» համաձայն, այսպիսի հայտարարություն է արել երեկ Թբիլիսիում հանդիպումների շարք անցկացրած ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
Փետրվարի 21-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակներում Սեմնեբին Վրաստանի ղեկավարության եւ օրենսդիրների հետ հանդիպումներից հետո, ըստ վրացական լրատվամիջոցների, հրաժեշտի ասուլիս է տվել: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Եվրոմիությունը Հարավային Կովկասում հաջող դերակատարություն է ունեցել, ընդգծելով, թե ԵՄ-ն հատուկ ակտիվություն է դրսեւորել Վրաստանում առաջացած խնդիրների լուծման հարցում:
Վրաստանի համար վերջին հինգ տարիները բարդ գնահատելով` Սեմնեբին դրանք, այդուհանդերձ, արգասաբեր է համարել: 2008-ի օգոստոսյան պատերազմն էլ այդ երկրի համար փորձություն որակելով` ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, թե այսօր արդեն Վրաստանը «վերադարձել է նորմալ իրավիճակին»:
Որոշ տեղեկությունների համաձայն, փետրվարի վերջին Սեմնեբին կլինի նաեւ Ադրբեջանում, որից հետո կավարտի իր առաքելությունը ներկայիս պաշտոնում, ինչպես արդեն հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քաթրին Էշթոնը:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար կողմերը պետք է որոշակի զիջումների գնան: Ինչ վերաբերում է հարաբերություններին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ, ապա դրա համար Վրաստան պետք է նրանց հետ ուղղակի երկխոսություն հարթի»:
Հետաքրքրական է, թե ԵՄ հատուկ ներկայացուցիչը որքանով է հետեւողական իր մոտեցումներում եւ արդյոք Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնի առաքելության ավարտին նմանատիպ խոսքեր կարող է ասել նաեւ Ադրբեջանում, թե՞, այդուհանդերձ, ԼՂՀ-ի հետ ուղիղ երկխոսություն սկսելու համար Ռուսաստանի նման մի պետության կողմից ԼՂՀ ճանաչում է հարկավոր:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ