«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2011-02-19 | #30, 2011-02-22 | #31, 2011-02-23


ՄԵԴՎԵԴԵՎՆ ՈՒ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ` ԱՆՀԱՆԳԻՍՏ

Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող ողբերգական դրսեւորումներով հեղափոխությունները հանգիստ չեն տալիս տարածքից շատ ավելի հեռու գտնվող պետությունների ղեկավարներին: Հետաքրքրական է, որ երեկ դրանց անդրադարձել է Ռուսաստանի նախագահը, իսկ ժամանակային առումով նրանից մի փոքր ավելի վաղ` Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մտահոգություն է հայտնել, թե իրավիճակը կարող է հանգեցնել խիտ բնակեցված պետությունների մասնատման, ինչի հետեւանքով իշխանության ղեկին կարող են հայտնվել մոլեռանդական շերտերը: Այս կարգի սցենարն, ըստ Ռուսաստանի նախագահի, նաեւ Ռուսաստանի համար է նախապատրաստված եղել, սակայն դա իրականություն չի դարձել եւ չի էլ կարող դառնալ: Այս մասին Դմիտրի Մեդվեդեւը խոսել է Հակահաբեկչական ազգային կոմիտեի նիստի ընթացքում` նշելով, որ բոլոր դեպքերում Մերձավոր Արեւելքի իրադարձությունները չեն կարող չազդել Ռուսաստանի իրավիճակի վրա:

Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն միանգամից թափանցիկ ակնարկներ է արել, թե չի բացառում զինված ուժերի ներգրավումն այն դեպքերում, երբ սահմանադրական կարգին վտանգ կսպառնա: Վերջինս այդ մասին խոսել է զինված ուժերի ներկայացուցիչների հետ հավաքում: Նա նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցողի անդրադարձներին դիմակայելու մի նոր ուղղություն է նշել Բելառուսի համար` արտաքին քաղաքական ոլորտում ազգային անվտանգության պահպանումը, նկատել, թե դեկտեմբերին նախագահական ընտրությունների ժամանակ եւ դրանց հաջորդած իրադարձությունները ցույց են տվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կազմակերպած դավադրության մասին, իսկ իշխանությունը տապալելու ծրագրերը գալիս էին Գերմանիայից եւ Լեհաստանից: Բելառուսի նախագահը համոզված է, որ այդ օրերին իրենք պաշտպանել են երկրի սահմանադրական կարգը: Նա բերել է 80-միլիոնանոց Եգիպտոսի օրինակը, որտեղ ընդվզել է 1 մլն մարդ, ու նրա խոսքով` այդ 1 մլն մարդը երկիրը խառնել է. իրադրությունը փրկել է բանակը` հանգիստ գործելով:

Թե ինչ էին խոսել մեկ օր առաջ մեր երկրի պաշտպանության գերատեսչության օպերատիվ հավաքում մեր երկրի անվտանգության պատասխանատուները, ինչ հղումներ են արել Մերձավոր Արեւելքի թեմային` մենք, իհարկե, ընդհանուր ձեւակերպումների հետեւում չիմացանք:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4