Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը փետրվարի 20-ին այցելել է ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ հայկական ավանդական կուսակցությունների գրասենյակներ եւ հանդիպումներ ունեցել կուսակցությունների ղեկավարների ու վարչությունների անդամների, ինչպես նաեւ «Ազդակ», «Արարատ» եւ «Զարթօնք» թերթերի գլխավոր խմբագիրների հետ:
Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրիՙ դեսպանը ներկայացրել է որոշ մանրամասներ 2011-ին դեսպանության ծրագրած միջոցառումների առնչությամբ եւ հույս հայտնել, որ լիբանանահայ համայնքն ու բոլոր հայկական կառույցները կշարունակեն սերտ համագործակցությունը դեսպանության հետ, մասնավորապես Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու նպատակով: Քննարկվել են նաեւ առաջիկա ամիսներին նախատեսվող միջոցառումների մանրամասներ: Անդրադարձ է եղել Հայաստան-Լիբանան երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման անհրաժեշտությանը, Լիբանանի հայկական առաջատար լրատվամիջոցների դերակատարությանը համահայկական կարեւորություն ներրկայացնող խնդիրների լուսաբանման գործում: Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ Լիբանանի ներքաղաքական վերջին զարգացումները` կապված նոր կառավարության ձեւավորման հետ:
Հ. Ա.