Վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցների ու սոցիալական կայքերի համար Վահրամ Պետրոսյանն իսկական «գանձ» դարձավ: Երիտասարդը մեր շոուբիզնեսի «աստղերի» համար երգեր է գրում, բայց նրա մասին ո՛չ լսել էինք, ո՛չ էլ պատկերացում ունեինք: Անցյալ շաբաթ, երբ ասուլիսի ժամանակ Վահրամ Պետրոսյանը խոստովանեց, որ սիրում է ադրբեջանական երաժշտություն, ու դա իր էության մեջ է, անմիջապես հայտնվեց ուշադրության կենտրոնում: Նա նաեւ նշել էր, որ ճաշակ բարձրացնելու խնդիր չունի. «Ես փող եմ աշխատում ու լավ էլ ապրում եմ, իսկ ազգի ճաշակը բարձրացնելու նպատակ չունեմ: Շատ եմ ուզում, որ մեր երգերի մեջ լինեն թուրքական էլեմենտներ»: Սրան «Ազգը» անդրադարձել է փետրվարի 18-ի համարում: Վերոնշյալ հայտարարություններից հետո Վահրամ Պետրոսյանը դարձավ հակահերոս, որը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության ու արժանապատվության համար: Տեսնենք էլ ովքե՞ր ու դեռ ինչքա՞ն պետք է քարկոծեն Վահրամին` մոռանալով, որ այդպես հակահերոսին հերոս են դարձնում: Նախ նրան սկսեցին երգահան անվանել, այնինչ նա մղոններով հեռու է երգահան լինելուց, նրա խոսքերը դարձան քննարկման թեմա տանը, աշխատավայրում, սոցիալական կայքերում` բանավեճեր, մեղադրանքներ եւ այլն: Արդեն երիտասարդ տարիքում Վահրամ Պետրոսյանն ապրեց իր «աստեղային ժամը»: Մեզանում Վահրամը միակը չէ, որը սիրում է թուրքական ու արաբական երաժշտություն, բայց թե ի՞նչը դրդեց նրան հրապարակավ հայտարարել, որ թուրքական էլեմենտներ է պետք մտցնել մեր երաժշտության մեջ, դա արդեն այլ հարց է: Ինչեւէ, Ժողովուրդն, իսկապես, ճիշտ է ասում` մի հիմար քարը գցում է հորը, հետո 100 խելոք մարդ չեն կարողանում հանել:
Թեմային երեկ «Դե ֆակտո» ակումբում անդրադարձավ նաեւ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը . «Երեւի թե սա կոչվում է «վահրամյան սինդրոմ» մեր հասարակության մեջ»: Մաեստրոն ընդգծեց, որ Վահրամ Պետրոսյանը հավանաբար չի էլ պատկերացնում թե ո՞րն է ադրբեջանական երաժշտությունը, ու դրա ո՞ր շերտն է իրեն չափազանց շատ հետաքրքրում: Երիտասարդի հայտարարությունների վերաբերյալ Ռ. Ամիրխանյանը նշեց. «Որեւէ կոմպոզիտոր նման հայտարարություն անել չէր կարող, քանի որ կոմպոզիտորը հրաշալի պատկերացնում է, թե որն է հայ երաժշտությունն ու որոնք են նրա խնդիրները»: Իսկ Վահրամի հարցադրումը, մաեստրոյի կարծիքով, ընդամենը միամտություն է ու անտեղյակություն. «Այդպիսի կոմպոզիտորներ մեր շարքերում չունենք: Երիտասարդը հավանաբար զբաղվում է մեր հացը դարձած երգարվեստի գործերով, մտած է բիզնեսի մեջ ու կողմնորոշված է դեպի շուկայի կողմը»: Իսկ ինչ ստեղծվում է շուկայի ու վաճառքի համար, ներառում է այնպիսի գեղգեղանքներ, որոնք բնորոշ են մահմեդական երաժշտական մշակույթին: Մաեստրոն հավելեց, որ մեր շուկան ողողված է անճաշակ, անդեմ, մտքին, հոգուն ու սրտին ոչինչ չասող երաժշտական ու տեքստային սուռոգատներով, որոնք որեւէ կապ չունեն մեր ազգային նկարագրի հետ: Վահրամի հայտարարություններն այսօր առաջ են բերել շատերի զայրույթն ու աղմուկ ստեղծել Վահրամի շուրջը, իսկ ինչո՞ւ նման արձագանքներ չեղան այն ժամանակ, երբ Անդրեն «Եվրոտեսիլ» երգի մրցույթում ներկայացրեց այնպիսի երգ, որի մեջ առկա էին թուրքական կենցաղային երաժշտության մոտիվներ. «Օգտագործելով նման տարրեր` մենք ջուր լցրեցինք նրանց ջրաղացին: Անդրեի ելույթի հաջորդ օրը Գերմանիայից ինձ զանգեց մեր հայ երաժիշտներից մեկն ու ասաց` էս ի՞նչ արեցիք»: Լսելով Անդրեի կատարած երգը` Գերմանիայում հայ երաժշտին թուրք հարեւանը հետեւյալն է ասել. «Տեսնու՞մ եք` դուք ինքնուրույն երաժշտություն չունեք, դրա համար էլ մեր երաժշտական նյութից եք օգտվում»: Կան նաեւ այսպիսի պատմություններ, որոնց շուրջը, սակայն, աղմուկ չի բարձրացվում, մինչդեռ մաեստրոն շատ տեղին նշեց, որ երգիչը հավասար է դեսպանի: Այնուհետեւ անդրադարձավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «X-Factor» երաժշտական նախագծին, որտեղ, մաեստրոյի կարծիքով, ելույթ են ունենում այնպիսի երիտասարդներ, որոնք չպետք է երգեն: «Նրանք արդեն ապրանք են դարձել: Ղեկավարները չեն ուղղում նրանց: Հնչում են միայն գովեստի խոսքեր: Երիտասարդը երգում է սխալ, ու երբ նրան պետք է ասեն` դու սխալ ես, ասում են հակառակը` դու հրաշալի ես երգում», հավելեց բանախոսը եւ ընդգծեց, որ դա իր մասնագիտական կարծիքն է:
Առհասարակ, ներկայիս անճաշակության մթնոլորտը կարգի բերելու մեջ կարեւոր է նաեւ մշակույթի նախարարության դերը: Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ նախարարությունը պետք է վարի մշակույթի քաղաքականություն, ինչը չունի մեր նախարարությունը` փոխարենն ունի միայն միջոցառումների ցանկ: Վերջում բանախոսը շատ ընդհանրական ներկայացրեց այօրվա մշակույթի վիճակը. «Մենք գտնվում ենք մշակութային անկման ասպարեզում, ինչը խոստովանելը շատ դժվար է»: Այսպիսի պայմաններում Վահրամ Պետրոսյանի ամպագոռգոռ հայտարարությունները միանգամայն սպասելի էին: Իսկ ինչքան մարդիկ կան, որ լսում են արաբական ու թուրքական երաժշտություն, նայում պորտապար, բայց միաժամանակ փնովում Վահրամին: Նրա հայտարարություններն իրապես արժանի են ե՛ւ արհամարհանքի, ե՛ւ քննադատության, բայց մեղադրելն ու քննադատելը, ցավոք, ամենահեշտ տարբերակներն են: Հարկավոր է կենտրոնանալ ոչ թե մի անձի, այլ հասարակության մտքի ու ճաշակի վրա, այն հասարակության, որի վառ պատկերը հենց Վահրամ Պետրոսյանն է:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ