ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր բիզնես-տղամարդիկ չեն ուզում սովորական շահույթ ստանալ: Աշխարհում հայտնի բիզնես-կանոնները մեզ մոտ պարզապես չեն աշխատում: Մերոնց դուր է գալիս միանգամից ու արագ, հատկապես սովորական սպառողի հաշվին գերշահույթը, մերոնց դուր է գալիս սպառողին հիմարացնելն ու իրենց «ճարպկությամբ» ու գործարար «աչքաբացությամբ» աքլորանալը: Վերցնենք երթուղային բիզնեսը: Արդեն շատ տարիներ մենք սպասում ենք նորմալ սպասարկման` մաքուր ներքին հարդարմամբ մեքենաներով, նստած երթեւեկություն ապահովող: Սակայն մերոնք այդպես էլ չեն սովորում ուղեւորին նորմալ սալոնով մեքենայով կամ հանգիստ նստած տեղափոխել, դա իրենց համար աշխատելու ձեւ չէ, մերոնք նստած ուղեւորների թվով լրացուցիչ «կզածների» եւս պետք է անպայման «բարձեն», այլապես վարորդներն իրենց օրվա հացը չեն վաստակի, իսկ տերերն էլ` իրենց գերշահույթը: Այդպես են ապսպրում գծատերերը` պիկ ժամերին որքան հնարավոր է խցկել մեքենաներն ուղեւորներով` պպզած, կռացած, «կզած»` կարեւոր չէ, միայն թե ցերեկվա կիսադատարկը փոխհատուցեն, իսկ ոչ օրենքով, ոչ օրենքից դուրս նրանց ձեռքը ոչ ոք չի բռնում: Ոչ ոք չի հասկացնում նրանց` պիկ ժամերին նորմալ երթեւեկության ապահովման միակ ձեւը մեքենաները շատացնելն է: Ու մենք, երեւանցիներս, ամեն օր մի 20 րոպե խելոք «կզում» ենք` աշխատանքի գնալիս, ու ոչ թե փոխադրավարձ ենք վճարում, այլ միայն նրա համար, որ վարորդն ընտանիք պահի, գծատերն էլ գերշահույթ ստանա նույն մի թիքա դիզվառելիքով կամ գազով, մեզնից ոչ մեկը չի վերցնում ու դատի տալիս որեւէ գծի տիրոջ` ամեն օր «կզած» աշխատանքի գնալու համար:
Կամ ամեն օր սպառողներիս վրա հարձակվում են օր-օրվա վրա կատաղող թանկացումները. մասնագետները հաշվում-հաշվում-հաշվում են, ու չեն հասկանում` որտեղի՞ց այդպիսի գները: Ընդամենը մեկ օր առաջ պաշտոնը թողած Թաթուլ Մանասերյանն էր երեկ հաշվել, թե Հայաստանում 470 սպառողական ապրանքների գները համարժեք չեն արտացոլում տնտեսությում առկա միտումները, վիճակագրական տվյալները խիստ միջինացված են եւ միակողմանի բնույթ են կրում: Այսինքն` որքան էլ մեր գները համեմատում ենք միջազգային գների աճի հետ` մերոնց գները աստղաչափորեն են բարձրանում: Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրություններով` 2009-2010 թվականների թանկացումների արդյունքում մսամթերքն աճել է 20 տոկոսով, հացամթերքը` 20-25 տոկոսով, կարտոֆիլը մինչեւ 1000 տոկոս, հնդկաձավարը` 300 տոկոս, իսկ գների այսպիսի աճի համար պատասխանատու են ե՛ւ ԿԲ-ն, ե՛ւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ե՛ւ պետեկամուտների կոմիտեն, ե՛ւ համապատասխան նախարարությունները: Ու որքան մեկ օր առաջ ԱԺ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասում էր, թե շաքարավազի գինը Հայաստանում միջազգային գների բարձրացման հանգույն ավելի շուտ պիտի բարձրանար ու բարձրացել է արդեն, եւ մոտ ժամանակներս էլ չի բարձրանալու` երեկ որոշ խանութներում զգուշացնում էին, թե վաճառքում եղած շաքարավազի վերջանալու դեպքում առաքիչներն ասել են, թե նոր գնով են շաքարավազ բերելու: Երեկ ոչ միայն շաքարավազի թանկացման, այլեւ որոշ այլ ապրանքների, այդ թվում` կաթնամթերքի թանկացման միտումներ կային` մի քանի խանութում շաքարավազի գինը տատանվում էր 400-ի սահմաններում, կաթնամթերքի որոշ տեսակներ թանկացել էին 10-20 դրամով:
Կամ հացի դեպքում. ալյուրի անընդհատ թանկանալու պարբերականությունը բոլորովին էլ ալյուրի միջազգային գների թանկացմանը զուգահեռ չի կատարվում: Բացի միջազգային գներին հղումներով պարբերական թանկացումներից` մեր հացերն օր օրի գրամներով ավելի են պակասում, այդպիսով փաստական ավելի թանկանալով: Թվում է` մերոնք ուզում են հացի թանկության համաշխարհային ռեկորդ սահմանել ու գուցե մի օր հաց թխեն առանց ալյուրի, ոչնչից: Պետությունն էլ գները զսպելու միջոցների պակաս ունի, չի էլ կարողանում կենսաթոշակ ու աշխատավարձ բարձրացնել, նպաստել տեղական արտադրանքի ծավալն ընդլայնողներին ու չդառնալ ներկրողների գերին. է, հիմա կրա՞կն ենք ընկել օլիգարխների ձեռքը:
Թե ո՞ւր կարող են տանել այս թանկացումները, կարծում ենք, բոլորն են հասկանում, բայց ավելորդ չենք համարում տնտեսության վիճակի պատասխանատուներին զգուշացնել, որ սոցիալական բունտի մասին խոսակցություններն ի վերջո չհիմնավորված թանկացումների պատճառով կարող են նյութական դրսեւորումներ ստանալ, կարող են լինել նաեւ այդպիսի բունտեր հրահրողներ եւ ուղղորդողներ, եւ այս պահին ավելի լավ է զսպել օլիգարխների ախորժակը, օգտագործել գործիքներ եւ թույլ չտալ չհիմնավորված թանկացումներ, քան թե հատել հայ սպառողի անհատնում համբերությունը: