Ադրբեջանական հասարակության մեջ ներքին սպառման հայտարարություններըՙ պատերազմ վերսկսելու եւ այդկերպ ղարաբաղյան հարցը կարգավորելու մասին, թերեւս կարող են համարվել բանականությամբ առաջնորդվող մարդկանց խոսք, սակայն երբ որեւէ երկրում հերոսացման ամենաբարձր մակարդակների են հասցնում մարդու, որ ուղղակի զազրելի ու հրեշավոր սպանություն է իրականացրել, նման պետության ու հասարակության` բանական լինելու կասկածները շատ հիմնավոր են դառնում:
2004 թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի կողմից «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում կազմակերպած անգլերենի դասընթացի մասնակից, Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը հրեշավոր ու ցնցող էր ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Հայ սպան քնած ժամանակ կացնահարվեց նույն դասընթացի մասնակից, ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից:
Այս տարիՙ փետրվարի 19-ին հունգարահայ համայնքը հավաքվել էր Բուդապեշտի կենտրոնում, Դանուբի ափին տեղակայված հայկական խաչքարի մոտ` ի նշան Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցի հիշատակի:
Հունգարահայ համայնքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում դատապարտել են հայ սպայի սահմռկեցուցիչ սպանությունը` այն դիտարկելով որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյաց քարոզչության հետեւանք: Նրանք դրվատանքի խոսքեր են ասել Հունգարիայի մայրաքաղաքային դատարանի դատավոր պրոֆ. Անդրաշ Վաշկուտիի մասին, որն ամեն կերպ ապահովեց դատավարության անկողմնակալ ընթացքը` հնարավորինս զերծ պահելով ադրբեջանական ճնշումներից եւ դիմակայելով ադրբեջանական բոլոր կարգի միջամտություններին:
Երկու տարի տեւած դատական գործընթացի ավարտին մարդասպան Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ստացավ հունգարական օրենսդրությամբ սահմանված ամենախիստ պատիժը. Բուդապեշտի քաղաքային դատարանը նրան դատապարտեց ցմահ ազատազրկման` միայն 30 տարի հետո ներման հայց ներկայացնելու իրավունքով:
Ադրբեջանական կողմը պարբերաբար քայլեր է ձեռնարկում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու նպատակով, սակայն Հայաստանի դեսպանության եւ հունգարահայ համայնքի աշխատանքների շնորհիվ ադրբեջանական փորձերը անհաջողության են մատնվում, եւ Հունգարիայի համապատասխան ատյանների ներկայացուցիչները հավաստիացնում են, որ իր բնույթով նման դաժան հանցագործություն իրականացրած անձը չի կարող փոխադրվել Ադրբեջան:
Ա. Հ.