«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ` հարցաքննության, որից հետո նախաքննական մարմնի որոշմամբ ձերբակալվել է: Ըստ նախաքննական մարմնի հիմնավորման` Տ. Փոստանջյանը կարող էր խուսափել քննությունից կամ անօրինական ազդեցություն գործադրել տուժողների նկատմամբ: Տ. Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը համաձայն չէ այդ հիմնավորմանը` համարելով, որ նախաքննության փուլում անձին ձերբակալելն է ճնշման ձեւ, մանավանդ որ քրեական գործը հարուցվել է մեկ անձի հաղորդման հիման վրա: Տ. Փոստանջյանի հանդեպ քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու առթիվ, մինչդեռ ե՛ւ նա, ե՛ւ նրա քույրը` Զ. Փոստանջյանը, համոզված են, որ այդ քայլերն ուղղված են պատգամավորի ակտիվ ընդդիմադիր գործունեությունը զսպելուն:
Մ. Խ.